ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 395.35, EUR 411.92, RUB 6.46, GBP 480.03
+5 °C, +3 °C ... +6 °C Վաղը`+5 °C
«Վերջին 20 տարիների ընթացքում տոնավաճառներում 150-ից ավելի հրդեհ է արձանագրվել». Թագուհի Թովմասյան
10:48, 15.08.2022 | mamul.am
1416 | 1

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հրդեհային ու տեխնիկական անվտանգության կանոնների նկատմամբ տնտեսվարողի, ինչպես նաև վերահսկող պետական մարմինների հերթական ամենաթողության պատճառով կրկին տուժում է հանապազօրյա հաց վաստակող, հարկատու քաղաքացին:

1. Վերջին 20 տարիների ընթացքում մեր Հանրապետության տոնավաճառներում, առևտրի կենտրոններում և խոշոր սուպերմարկետներում 150-ից ավելի հրդեհ է արձանագրվել, որոնց պատճառած նյութական վնասի գումարը գերազանցել է 600 միլիոն դրամը: Դրանց մեծ մասի առաջացման պատճառը հրդեհային անվտանգության կանոնների պահանջների անտեսումն է եղել, կրակի, պայթյունավտանգ նյութերի հետ անզգույշ կերպով վարվելը, ինչպես նաև էլեկտրական սարքավորումների շահագործման տեխնիկական կանոնների խախտումը:

2. 2021 թվականի ապրիլի 6-ին նույն «Սուրմալու» առևտրի կենտրոնում էլեկտրական լարերի անսարքության պատճառով այրվել էին 18 տաղավարներ, որոնց տնօրինող տնտեսվարող սուբյեկտներից և ոչ մեկն առ այսօր չի ստացել որևէ նյութական փոխհատուցում, ավելին, ինչպես վկայում են հենց իրենք՝ տնտեսվարողները, կիրառվել են իրենց «լռեցնելու» ամենատարբեր մեթոդներ:

3. «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին», ինչպես նաև «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքներով սահմանվում են տեխնիկական և անվտանգային կանոնների բազմաթիվ պահանջները, ներառյալ օբյեկտի, տվյալ դեպքում՝ առևտրի կենտրոնի ապահովվածությունը համապատասխան տարհանման ուղիներով, հակահրդեհային պաշտպանության միջոցներով, այդ թվում՝ հակահրդեհային ինքնաշխատ համակարգերով և հրդեհի ազդանշանման համակարգերի առկայությամբ: Բայց շատ դեպքերում և վայրերում դրանք չկան կամ չեն պահպանվում:

4. Ավելին, «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի Հոդված 2-ը առհասարակ երաշխավորում է Հայաստանի Հանրապետության բնակչության որակյալ և հուսալի հրդեհային պահպանությամբ ապահովումը: Սակայն պայթյունի օջախ հանդիսացած պահեստը դեռևս անցյալ տարի էր Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից վարչական պատասխանատվության ենթարկվել, ներկայացվել էր կարգադրագիր՝ պարտավորեցնելով վերացնել խախտումները: Եվ հիմա հարց է առաջանում՝ որքանո՞վ է ՔՏՀԱ տեսչական մարմինը հետևողական գտնվել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված ժամկետներում խախտումների վերացման ուղղությամբ տարվող աշխատանքների և դրանց իրականացման ավարտը վերահսկելու ուղղությամբ:

5. Այսօր էլ մայրաքաղաքի շատ օբյեկտների տարրական էլեկտրատեխնիկական նորմերը չեն պահպանվում: Մեկ սովորական էլեկտրալարով ապահովվում է մոտ 30 խանութների էլեկտրական սնուցումը, բացակայում են անգամ հիգիենայի տարրական կանոնները, խնդրահարույց է համապատասխան քանակի և որակի արտաքնոցների առկայությունը նույն «Սուրմալու» առևտրի կենտրոնում: Սակայն, քաղաքացին, տվյալ դեպքում՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնի աշխատողը, պարտավոր է լինել օրինապաշտ հարկատու, պարտավոր է վճարել հարկերը, խանութի վարձակալության վճարները՝ առանց ուշացման՝ փոխարենը չունենալով և այդպես էլ չստանալով կյանքի և իր գործունեության անվտանգության ոչ մի երաշխիք:

6. «Սուրմալուի» շենքը բազմամյա է: Այն հարմարեցվել և կահավորվել է նախկին պահածոների գործարանի շենքի վրա, վթարայնությունն օր օրի ավելանում է: Եվ կարծում եմ, որ օր առաջ «Սուրմալու»-ն պետք է փակվի՝ մինչև բոլոր անհրաժեշտ նորմերը պահպանելու համար միջոցներ չձեռնարկվեն:

7. Տեխնածին վթարներից, արտադրական պատահարներից և դրանց հետևանքներից հասարակության և անհատի կենսականորեն առավելագույն պաշտպանվածությունն ապահովելու նպատակով նման խոշոր, ընդգրկուն առևտրի կենտրոնները, պահեստները, ծառայությունների սպասարկման կենտրոնները պետք է Երևան քաղաքից դուրս բերվեն պահպանվող ընդարձակ տարածքներ: Անթույլատրելի է պայթուցիկ նյութերի կողքին խաղալիքներ կամ սնունդ պահպանելն ու վաճառելը: Սա հրդեհներից, տեխնածին աղետներից ու դրանց ծանրագույն հետևանքներից խուսափելու ուղիներից մեկն է: Այլապես, յուրաքանչյուր դժբախտությունից հետևություններ չանելով և սխալները չուղղելով՝ կունենանք նոր ողբերգական դեպքեր:
Ես ցավակցում եմ օգոստոսի 14-ին զոհվածների ընտանիքներին, անհետ կորածներին ցանկանում եմ բարի վերադարձ՝ ողջ ու առողջ, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
19:54, 03.12.2022
2496 | 0
դեպի վեր