ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +8 °C Վաղը`+10 °C
«Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ասելիք չունե՞ն». Ստյոպա Սաֆարյան
15:42, 02.02.2023 | mamul.am
7553 | 2

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է. «Հարցեր բոլորին․․․

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Դմիտրի Կիսելևին տված հարցազրույցում հայտարարել է, որ

- Ղարաբաղյան պատերազմի պատմությունը տասնամյակների պատմություն ունի, Հայաստանը երկար տարիներ օկուպացրել է Ադրբեջանի շուրջ յոթ շրջան,

- Ռուսաստանն «առաջարկել է բազմաթիվ տարբերակներ, որոնք Հայաստանի նախկին ղեկավարությունը այնքան էլ դրական չի ընկալել՝ ցանկանալով պահպանել տարածքները, որոնց երբեք չի հավակնել,

- Ադրբեջանը վերադարձրել է իրեն պատկանող հողերը։

Ամեն ինչ ճշգրիտ է։ Լավրովն իրականում ավելի ամբողջական ասել է այն, ինչ ասեց 2020թ․ 44-օրյա պատերազմի առաջին շաբաթը՝ հայտարարելով, որ «հայկական կողմը գիտեր, որ այդ տարածքները վաղ թե ուշ ետ է տալու»։

Լավրովը նաև բառացիորեն խոստովանել է, որ՝

- Ռուսաստանի ու Հայաստանի կենսական շահերը Արցախի հարցում էապես տարբերվել են ու տարբերվում են,

- Որ Արցախյան պատերազմը երբեք ու երբեք Ռուսաստանի սեփական պատերազմը չի եղել ու չէ,

- Որ պատերազմի պատուհանն Ադրբեջանի համար բացվել է նաև իրենց լռելայն համաձայնությամբ, և տասնամյակներով Ադրբեջանին սպառազինելը ամենևին բիզնես չի եղել, այլ եղել է քաղաքականություն՝ Ադրբեջանի միջոցով Հայաստանին ահաբեկելու ու ռուսական պլանը ընդունելու գործիք, ինչպես որ այժմ են համարվում Ադրբեջանի ագրեսիվ գործողություններն Արցախում, Լաչինի միջանցքում ու չկասեցվող ագրեսիաները Հայաստանի տարածքում,

- Արցախյան 44-օրյա պատերազմի «ձգանը» ոչ թե Տավուշյան էսկալացիան էր, Հայաստանի իշխանությունների «արկածախնդրությունը», «սորոսականությունը», «արևմտամետությունը», ինչպես հայտարարում էին նրանց հայաստանյան ադեպտները, գործակալները, այլ որ Հայաստանը «այնքան էլ դրական չի ընկալել» ռուսական պլանը, որի համար պատժվել է։

Ու այստեղ ծնվում են անպատասխան հարցեր Լավրովին ու ՀՀ նախկին ու ներկա բոլոր իշխանություններին ու նախագահներին․

1․ Եթե Ռուսաստանի ու Հայաստանի անվտանգային շահերը Արցախի հարցում հակադիր են եղել ու չեն համընկել, ինչը պարզ էր շատ վաղուց ու պետք է պարզ լիներ հատկապես ՀՀ ղեկավարությանը, իսկ Հայաստանի համար պատերազմի վտանգը գալիս էր Արցախյան ուղղությունից, ինչո՞ւ է Հայաստանի անվտանգային ողջ ճարտարապետությունը կառուցվել ռուսական գործոնի վրա․․․

2․ Եթե Լավրովը բացահայտ հայտարարում է, որ Արցախի տարածքների պատկանելության հարցում Ռուսաստանը այլ մոտեցում է ունեցել, այսինքն՝ դրանք համարել է Ադրբեջանինը, ինչո՞ւ են Հայաստանում տասնամյակներով հույսը դրել «ստատուս-քվոյի» պահպանության քաղաքականության վրա, եթե ակնհայտ է եղել, որ աշխարհի բոլոր խաղացողները կողմ են ստատուս-քվոյի փոփոխությանը, ավելին՝ եթե Ֆրանսիան ու ԱՄՆ-ը կողմ էին դրա միայն քաղաքական եղանակով փոփոխությանը, ապա Ռուսաստանը կողմ է եղել նաև դրա ռազմական եղանակով փոփոխությանը․․․ Մի՞թե պարզ չէր, որ հայկական բանակը կամ Հայաստան պետությունը չէ ստատուս քվոյի պահպանողը․․․

3․ Եթե Լավրովը բացահայտ խոստովանում է, որ Արցախի տարածքների համար պատերազմը իր «պատերազմը» չէ լինելու, քանի որ դրանք համարում է Ադրբեջանինը, ապա ինչու էին քառօրյա պատերազմից հետո Հայաստանի հետ կնքում ՀԱՊԿ միացյալ ՀՕՊ, միացյալ զորախումբ ստեղծելու պայմանագրերը, որոնցով ամրագրվում էր պատերազմի ժամանակ հրամանատարության անցումը ռուսական կողմին․․․ Եթե պատերազմի սպառնալիքն էլ գալիս էր Ադրբեջանից՝ արցախյան ճակատով, ստացվո՞ւմ է, որ այդ կերպ Ռուսաստանը կապում էր, բռնում էր Հայաստանի ձեռքերը, որպեսզի Ադրբեջանն իր հարվածներն անվրեպ հասցնի՞․․․

4․ Եթե Հայաստանի պատերազմն իր սահմաններում կամ Արցախում Ռուսաստանի պատերազմը չէ, ապա ինչի՞ մասին է /եղել/ Հայաստան-Ռուսաստան ռազմավարական դաշնակցությունը,

5․ Եթե անվտանգային մարտահրավերները բաժանում են Հայաստանին ու Ռուսաստանին, ապա ինչու պետք է ՀԱՊԿ անդամները, Հայաստանը հաշվի առնեն ու հուզվեն, թե ի՞նչ շահեր է հետապնդում Արևմուտքը, ինչպես տրտնջում է Լավրովը, եթե Ռուսաստան շատ լավ իմացել է, թե ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը ու հավանություն է տվել դրանց, ինչպես անուղղակի խոստովանում է Լավրովը․․․

6․ Եթե Արցախյան երկրորդ պատերազմի իրական պատճառի հարցում Լավրովն անկեղծ է, ավելին՝ արդեն մատնացույց է անում Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահներին, որ «այնքան էլ դրական չեն ընդունել ռուսական պլանը», ապա այդ դեպքում ինչո՞ւ էին մեղադրողն ու մեղադրյալները միասնաբար պատերազմը գցում ներկայիս իշխանությունների, իսկ որ ավելի սարսափելի է՝ հասարակության ու պետության գրպանը․․․

7․ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը ասելիք չունե՞ն․․

8․ Հայ «մտավորակնները» Լավրովին, որպես կիսահայ, առաջարկ չունե՞ն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր