ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, 0 °C ... +7 °C Վաղը`+5 °C
«Մեր պայքարի հաջողությունը կանխելու է բազմաթիվ ուրիշ ցեղասպանություններ, և հակառակը». Արմեն Այվազյան
01:00, 09.06.2023 | mamul.am
3052 | 0

Ռազմական պատմաբան Արմեն Այվազյանը գրառում է կատարել իր էջում. «Պետք է շատ հստակ արձանագրել մի քանի կարևոր փաստ ու դրանք այլևս երբեք չմոռանալ։
Հայաստանի տարածքի վրայով, հայության ճակատագիրը վտանգող թուրքական նոր մայրուղիների կառուցումը, պարզվեց, շատ ավելի կարևոր է մարդու իրավունքների կեղծ ջատագով կայսրությունների համար, քան բնիկ ու հինավուրց մի ամբողջ ազգի կյանքի իրավունքը։
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումները, փաստորեն, որևէ կերպ միտված չէին կանխելու Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ նույն հայասպան ֆաշիստական գոյացումների՝ թալեաթապաշտ ու էնվարապաշտ Թուրքիայի և նրա հոգեզավակ Ադրբեջանի նոր հարձակումներն ու զանգվածային ոճրագործությունները։ (Ի դեպ, այդ ճանաչումների՝ մեր ներկա աշխարհաքաղաքական իրավիճակի հետ անկապության ու, խոշոր հաշվով, անպիտանիության մասին ավելի քան երկու տասնամյակ նախազգուշացրել եմ՝ լսողն ո՞վ էր)։
Հայոց ցեղասպանությունը «ճանաչող» մեծ տերություններն այժմ արդեն, առանց աչք թարթելու, փորձում են անամոթաբար օրինականացնել և՛ 1893-1923 թթ. ցեղասպանության հանցավոր հետևանքները, և՛ 2020 թ. սեպտեմբերի 27-ից ի վեր հայոց դեմ սկիզբ առած նոր ցեղասպանական հանցագործությունները։ Դրանով նրանք, փաստորեն, ցուցադրաբար պատժում են ազատության և պատմաիրավական արդարության համար մեկ դար շարունակ մարտնչող հայությանը՝ ի տես և ի խրատ բոլոր մյուս անհնազանդ փոքր ժողովուրդներին։
ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ. Այսօր հայությունը և միայն հայությունն է Հայաստան պետության կենսունակության երաշխավորը, բնիկ հայրենիքում իր իսկ ապրելու պաշտպանը։ Իսկ համաշխարհային կտրվածքով՝ հայությունը ժողովուրդների ազատության, անկախության, ինքնորոշման, ցեղասպանությունների կանխման ու կանխարգելման առաջամարտիկն է։ Մեր պայքարի հաջողությունը կանխելու է բազմաթիվ ուրիշ ցեղասպանություններ։ Եվ հակառակը, մեր պարտությունը ծնելու է բազմաթիվ նոր ցեղասպանություններ աշխարհի տարբեր ծայրերում։
Ուրեմն, արժանի լինենք մեր պատմական առաքելությանը»:

Աղբյուրը` Արմեն Այվազյան
Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր