ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +12 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Պետք է ամեն ինչ անենք, որ Արցախի կորուստը թղթի վրա չֆիքսվի»․ Լևոն Քոչարյան․ «Հրապարակ»
09:36, 23.09.2023 | mamul.am
8107 | 3

«Հրապարակ»-ը գրում է․ «Երեկ Ամիրյան փողոցից՝ բիրտ ուժի կիրառմամբ, բերման ենթարկվեց, այնուհետև ձերբակալվեց նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։ Մինչ այդ մենք մի քանի հարց էինք ուղղել Լևոնին։

- Մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են իրականացվում, երեկ էլ Նիկոլ Փաշինյանը սպառնաց՝ ասելով, որ կոշտ միջոցներ են կիրառվելու։ Ի՞նչ եք կարծում՝ այս անգամ ընդդիմությանը կհաջողվի՞ պայքարը վերջնարդյունքին հասցնել, թե՞ այս շարժումն էլ կարժանանա նախորդների ճակատագրին։

- Չեմ կարող ասել՝ հաջողելու է, թե ոչ, բայց կարող եմ ասել, որ ամեն ինչ պիտի անենք բոլորս մեր հերթին, որպեսզի հաջողի, որովհետև այն կորուստները, որ ունեցանք, ուղղակի չի կարելի․․․ Չգիտեմ` մարդիկ վերջը պետք է զարթնեն ու հասկանան, որ սա միայն Ղարաբաղով չի սահմանափակվելու։ Տարիներ առաջ, երբ մենք ու շատերը զգուշացնում էինք, թե իրենց վարած քաղաքականությունն ուր է բերելու, մեծ մասը չէր հավատում, թերահավատորեն էր վերաբերվում, բայց ամեն անգամ այդ աղետը, մեկ է` լինում է և այսպես չի կանգնելու, հաջորդը Սյունիքն է լինելու, Գեղարքունիքն է լինելու, Տավուշն է լինելու, եթե այս իշխանությունների դեմն ուղղակի չառնենք ու իրենց չփոխենք։ Դա իմ համոզմունքն է, իսկ հաջողել-չհաջողելը կախված է մեր վճռականությունից ու նաև՝ մարդկանց մասնակցության քանակից։ Դա չափազանց կարևոր է։

- Նիկոլ Փաշինյանն ասում է, որ արցախցիները պետք է մնան ու Ադրբեջանի իշխանության ներքո ապրեն, դա իրենց իշխանության ոչ թե պլան Ա-ն ու Բ-ն է, այլ՝ պլան Գ-ն։ Մյուս կողմից՝ ադրբեջանցիների վարքագիծը հույս չի ներշնչում, որ արցախցիներն այնտեղ կարող են ապրել։ Դուք՝ որպես ծագումով արցախցի, ինչպե՞ս եք պատկերացնում արցախցիների ճակատագիրը։

- Այն, ինչ հիմա կատարվում է, ինչպես Դուք ասացիք՝ որպես արցախցի, որպես հայ, ինձ անասելի ցավ է պատճառում։ Ես այնտեղ եմ ծնվել, իմ հայրական տունն է, տատիս ու պապիս գերեզմանն է այնտեղ, ու, կարծեմ, հենց գերեզմանոցում էլ մարտեր են ընթացել, հորեղբորս գերեզմանն է այնտեղ, իմ ընկերները, երկու մորաքույրս, որոնց հետ այս ընթացքում հազիվ կարողացանք կապ հաստատել։ Այսինքն՝ սա ինձ համար անձնական ողբերգություն է։ Ինչ վերաբերում է հետագային, ապա կարծում եմ՝ իսկապես պետք է ամեն ինչ անենք, որ Արցախի կորուստը թղթի վրա չֆիքսվի, դա չկայանա, այսինքն՝ ինչ-որ մի հույս, մի տեղ թողնենք, որով հետագայում եթե մենք չհասցնենք, գոնե մեր սերունդները պահանջատիրություն ունենան այդ ամենի նկատմամբ։ Բայց գիտեք` այնտեղ նաեւ մարդիկ են ապրում, փոքր երեխաներ, գրեթե ընտանիք չկա, որը պատերազմի ընթացքում, այս 30 տարվա ընթացքում հարազատ կորցրած չլինի, որն Ադրբեջանից զրկանքներ կրած չլինի։ Ես, անկեղծ, դժվար եմ պատկերացնում, թե այս ամեն ինչից հետո ինչպես պետք է նրանց հետ գոյատևեն, իհարկե, կուզենայի, որ այնտեղ նաև հայկական ներկայություն էլ լիներ։ Թե դա ինչպես հնարավոր կլինի․․․, գուցե եթե իսկապես ունենանք նորմալ իշխանություն, այդ հարցը կարողանա լուծել այնպես, որ այդ հույսը մենք ունենանք։

Մանրամասները՝ թերթի համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր