ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
«Մենք ճարահատյալ ենք գնում Եվրոպա, և դա շատ տխուր է». Նարինե Մկրտչյան
23:18, 09.11.2023 | mamul.am
2465 | 3

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե 2013 նոյեմբերին վիլնյուսյան գագաթաժողովում Հայաստանը՝ Սերժ Սարգսյանի ձեռամբ, նախաստորագրեր ԵՄ Ասոցացման պայմանագիրը, ինչպես վարվեցին Մոլդովան, Վրաստանը, Ուկրիանան, ապա այսօր Հայաստանը նույնպես կարող էր ԵՄ անդամության թեկնածուի ճանապարհին լիներ։
Բնականաբար, նախաստորագրումը ենթադրում էր պայմանագրից բխող պահանջների հետևողական իրականացում։ Մինչդեռ Երևանը, չորս տարի բանակցելուց հետո, հրաժարվեց պայմանագիրը ստորագրելուց։ Իսկ քաղաքականության մեջ մեկ ձեռքը ծափ չի տալիս։ Կամ, ինչպես եվրոպացի պաշտոնյաներն են սիրում ասել, տանգոն պարում են երկուսով։
Չորս տարի բանակցելուց հետո, երբ պետությունը հրաժարվում է ստորագրելուց, ապա հաջորդ անգամ այդ երկրի հանդեպ վստահությունը այնպես է անհետանում, որ դժվար է այն վերստին վերգտնել։
Հիմա Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե «Հայաստանը պատրաստ է ԵՄ-ին այնքան մոտ գտնվել, որքան ԵՄ-ն հնարավոր կհամարի», վստահություն հազիվ թե ներշնչի։ Մանավանդ, եթե դու հեղափոխությունից հետո արտաքին քաղաքական վեկտորը չես փոխել։
Երևանը միշտ գերադասել է Մոսկվայի հետ տանգո պարել։ Թեպետ այդ կեղտոտ պարերի ընթացքում Մոսկվան միշտ տրորել է մեր ոտքերը։ Իսկ հիմա նաև՝ ուղղակի հրել-գցել է գետնին։
ԵՄ պետք է ընթանալ ոչ թե հիասթափությունից և ճարահատությունից դրդված, այլ պետության և հասարակության համար առաջադիմության ուղեգիծ ընտրելու նպատակին հետամուտ լինելով։
Մենք ճարահատյալ ենք գնում Եվրոպա, և դա շատ տխուր է»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր