ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+35 °C, +19 °C ... +35 °C Վաղը`+34 °C
«Ո՞վ է ավելի բացասաբար ազդում հայաստանցու առողջության վրա` Նիկո՞լը, թե՞ Ինեկոբանկը». Կ. Հեքիմյան
16:00, 09.11.2023 | mamul.am
3016 | 1

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ո՞վ է ավելի բացասաբար ազդում միջին վիճակագրական հայաստանցու առողջության վրա` Փաշինյան Նիկո՞լը, վերջինիս պատգամավորներն ու նախարարնե՞րը, թե՞ հայաստանյան բանկերը, օրինակ` Ինեկոբանկը (Inecobank CJSC):
Վերջերս մի դեպքի մասին գրեցի: Ուրեմն, Ինեկոբանկը SMS-ով կամ ժամանակակից կապի որևէ միջոցով կենսաթոշակառուին չէր հիշեցրել վերջինիս բանկ այցելելու «պարտականության» մասին: Կենսաթոշակառուն մոռացել էր, բանկ չէր այցելել, բանկը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն էր դիմել, վերջինս կենսաթոշակառուի կենսաթոշակը չէր վճարել, այն մեկ ամսով մնացել է պետական գանձապետարանում, իսկ կենսաթոշակառուն` առանց գումարի:
Գրառումից մի քանի օր անց, ուշ գիշերով ինձ հետ կապվեց «Inecobank CJSC» անվանմամբ ֆեյսբուքյան օգտատերը: Գիշերային զրույցի ընթացքում, վերջինս ցանկություն հայտնեց կապ հաստատել կենսաթոշակառուի հետ` «ճշտում կատարելու և վերջինիս արդյունքում լուծում առաջարկելու համար»:
Մի քանի գիշեր անց` ցերեկը, ինձ զանգահարեց Ինեկոբանկի աշխատակից (ասաց, որ «սուպերվայզեր» է) Խաչիյան Ալինան: Վերջինս ամեն գնով ցանկանում էր ճշտել կենսաթոշակառուի անհատական տվյալները: Ըստ Ալինայի, բանկը պետք է իմանա կենսաթոշակառուի անունը և ազգանունը, որպեսզի «լուծում առաջարկի»: Ընդ որում, Ալինան արագացնում էր հեռախոսազրույցն, ասելով, որ «ժամանակ ենք կորցնում» և բանկն «այս ժամանակահատվածում կարող էր խնդրի լուծումն արագացնել»: Ալինան կենսաթոշակառուի անունն ու ազգանունն իմանալուց հետո խոստացավ զանգահարել և «լուծում առաջարկել»:
Անցել է շուրջ 2 օր: Ալինան չկա ու չկա: «Լուծում»-ը ևս կորել է: Մինչև Ալինան և «լուծում»-ը գտնվեն, կգա դեկտեմբերը, կենսաթոշակառուն կստանա միանգամից նոյեմբերի և դեկտեմբերի կենսաթոշակը, հետևաբար` այդ դեպքում, ոչ Ալինան է անհրաժեշտ լինելու, ոչ էլ` Ալինայի «լուծում»-ը:
Մեծ հաշվով, նյարդերը խնայելու համար, միջին վիճակագրական հայաստանցին Փաշինյան Նիկոլին, վերջինիս պատգամավորներին և նախարարներին կարող է չտեսնել և չլսել, սակայն բանկերի հետ չառնչվել չի կարող, հակառակ դեպքում` կարող է սովի մատնվել:
Եվ, ուրեմն, ո՞վ է ավելի բացասաբար ազդում միջին վիճակագրական հայաստանցու առողջության վրա»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր