ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +19 °C ... +34 °C Վաղը`+34 °C
Փարիզում կայացել է Փաշինյան-Մակրոն հանդիպումը
23:00, 09.11.2023 | mamul.am
2248 | 1

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հանդիպումը:

Ֆրանսիայի նախագահը նախ իր ցավակցություններն է հայտնել վարչապետին ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ Քրիստիան Տեր-Ստեփանյանի մահվան կապակցությամբ: Էմանուել Մակրոնը ևս մեկ անգամ շեշտել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին` հետագա զարգացման ու առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և ցավակցությունների համար: Վարչապետը կարևորել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացումը բոլոր ոլորտներում և շեշտել ՀՀ կառավարության շահագրգռվածությունն այդ հարցում:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր: Շեշտվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում Հայաստանի վարչապետի, Ֆրանսիայի նախագահի, Գերմանիայի կանցլերի և Եվրոպական խորհրդի նախագահի Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ տեղ գտած սկզբունքների կարևորությունը:Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի բռնի տեղահանված անձանց հումանիտար խնդիրներին, ինչպես նաև հաղթահարման ուղղությամբ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող քայլերին: Կարևորվել է միջազգային հանրության օժանդակությունը` առկա խնդիրների լուծման գործում:Քննարկվել են նաև տնտեսության, ենթակառուցվածքների զարգացման և այլ ոլորտներում հայ-ֆրանսիական հետագա համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Կողմերը պատրաստակամություն են հայտնել հետևողականորեն շարունակել աշխատանքներն այդ ուղղությամբ:Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության շուրջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով մեկնել էր Ֆրանսիայի Հանրապետություն:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր