«Ռուսատոմ Սերվիս»-ը և «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ը դեկտեմբերի 15-ին Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու մասին պայմանագիր են կնքել։ «Ռուսատոմ»-ից հայտնում են, որ կայանի շահագործման ժամկետը երկարաձգելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի շրջանակում։ «Հաշվի առնելով Ռոսատոմի եզակի փորձը Կոլայի և Նովովորոնեժի ԱԷԿ-երի շահագործման ժամկետի երկարաձգման գործում, ինչպես նաև հաշվի առնելով Հայկական ԱԷԿ-ի արդիականացման առաջին փուլի աշխատանքների դրական արդյունքները, կնքված համաձայնագրի շրջանակում պետկորպորացիայի հետ համագործակցությունը թույլ կտա կայանին արդյունավետ և անվտանգ աշխատել մինչև 2036 թվականը»,- մեկնաբանել է Յուրի Սվիրիդենկոն։ 2014 թվականին Հայաստանի կառավարությունը դիմել է Ռոսատոմին` ԱԷԿ-ի արդիականացման և շահագործման ժամկետը երկարաձգելու հարցով։ Արդիականացումը սկսվել է 2015 թվականին, աշխատանքներն ավարտվել են 2021 թվականին։ Կարևորն այն է, որ աշխատանքների մեծ մասն իրականացվել է առանց էլեկտրակայանի աշխատանքը դադարեցնելու։ Հայկական ԱԷԿ-ի շահագործման գործող ժամկետն ավարտվում է 2026 թվականին, համապատասխան լիցենզիան տրվել է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից 2021 թվականին։ |