ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+32 °C
Ինչո՞ւ Շահրամանյանն ինքը պաշտոնապես չի հայտարարում, որ չեղարկում է իր ստորագրած հրամանագիրը. «Ժողովուրդ»
09:18, 22.12.2023 | mamul.am
2319 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմը դադարեցնելու նպատակով Արցախի իշխանությունները ստիպված եղան ընդունել Ադրբեջանի նախապայմանները՝ Արցախի պատմական տարածքի հանձնում, զինաթափում, ինչն էլ հանգեցրեց հայկական երկրորդ պետության հայաթափմանը: Սեպտեմբերի 28-ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր էր ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։ Նախ՝ արձանագրենք, որ որևէ պաշտոնյայի ստորագրած հրամանագիր չի կարող լուծարել Արցախը, քանի որ այն ժողովրդի հանրաքվեով ստեղծված ինքնիշխան պետություն է՝ իր պետական կառույցներով ու ատրիբուտներով: Սամվել Շահրամանյանն ինքն էլ հայտարարել է, որ որևէ փաստաթուղթ չի կարող լուծարել ժողովրդի ստեղծած պետությունը՝ այսպիսով նաև ուղերձ հղելով, որ իր ստորագրած հրամանագիրն իրավական ուժ չունի: Այս դեպքում, թերևս, տարօրինակ է՝ ինչու Շահրամանյանն ինքը պաշտոնապես չի հայտարարում, որ չեղարկում է իր ստորագրած հրամանագիրը»:
Ավելին՝ ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, արդեն իսկ կա այդ՝ իրավական ուժ չունեցող փաստաթղթի չեղարկման հրամանագիր, բայց, չգիտես՝ ինչու, Արցախի կառավարությունը խուսափում է այն հրապարակել: Կարևոր է նաև, որ այդ չեղարկման հրամանագիրը մինչև տարեվերջ հրապարակվի, որպեսզի այդ ուղերձը պաշտոնապես տրվի միջազգային հանրությանը: Այսպիսով, Արցախի լուծարման փաստաթղթի՝ ուժի մեջ մտնելուն քիչ ժամանակ է մնացել, իսկ թե ինչպես կվարվի Արցախի կառավարությունը, ժամանակը ցույց կտա»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր