ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+27 °C
«Եկավ նաև մեր պատմության մայրամուտը, որ կավարտվի քիչ ժամանակ անց». Հարություն Խուդանյան
20:30, 23.12.2023 | mamul.am
9521 | 7

Պատմաբան Հարություն Խուդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԵՎ Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ ՀԵՏՈ
Ոչինչ, հետո ոչինչ չի լինի։ Չի լինելու։ Կմնա լոկ հուշ ու գրականություն, իսկ արեգակի ներքո կավարտվի հոգեվարքում գտնվող մի ժողովրդի գոյությունը, ինչպես որ մարդկության պատմության խորշերում անէացել են բազում ցեղեր ու ժողովուրդներ։ Կիսագլխատված քաղաքակրթություն։ Ճիշտ այնպես, երբ դահճի տապարի հարվածից երբեմն կտրվել է դատապարտյալի պարանոցի մեծ մասը, և գլուխն ուսերին է մնացել միայն չնչին մասով։ Ո՞ր կիսագլխատվածն է բուժվել, վերակենդանացել և շարունակել ապրել։ Այդպես եղավ մեզ հետ 100 տարուց քիչ ավելի ու կիսամորթված շարունակում ենք արնահոսել․․․ Եվ ո՞վ ասաց, թե մենք բացառություն ենք։ Հին Միջագետքի և մարդկության պատմության արշալույսին քաղաքակրթության կերտողները՝ շումերները, աքադացիք, ասորեստանցիներն ու բաբելացիք էլ էին հույսեր փափագում, թե մեկը մյուսի ետևից իրենց ոչնչացող քաղաքներն ու շեները դեռ նոր շունչ կառնեն, կլցվեն կյանքով, որ իրենց երեխաները դեռ կվազվզեն Նինվեի կամ Ուրի փողոցներով։ Նրանք էլ իրե՛նց աստվածներին էին հավատում։ Հավատացին ու կործանվեցին։ Եվ պատճառը հավատը չէր, այլ անգործունյա հավատը՝ ողջ անելիքը երկնքին թողնող հավատը։ Ընդամենը մի քանի սերունդ առաջ հայերն ապրում էին Կասպից ծովի ավազանից մինչև Մարմարա ծովի առափնյա շրջաններում։ Ու՞ր են նրանք, ի՞նչ մնաց․․․ Ոչ մի ժողովուրդ չի անհետանում ինքն իրեն։ Նրան ոչնչացնում են։ Կանեն դա սրով, բռնի ձուլմամբ, թե մեկ այլ կերպ, ամենևին էական չէ։ Կարծո՞ւմ եք, թե այդ վերացած ժողովուրդների մեջ չկայի՞ն թեկուզ հատուկենտ հայրենասերներ, չկայի՞ն պայքարողներ մինչև վերջին կաթիլը արյան․․․ Ու այնուամենայնիվ, դա ոչինչ չփոխեց նրանց ճակատագրում։ Ոչինչ։ Անգամ մազաչափ չփոխեց։ Եվ եկավ նաև մեր պատմության մայրամուտը, որ կավարտվի քիչ ժամանակ անց։ Եթե անգամ ժողովուրդն ապրի, նա այևս պատմություն չի ունենալու։ Չի ունենա, քանզի հայրենիք ու պետություն չի ունենալու։ Լավատեսական ոչինչ չեմ ասի։ Ես չափազանց ազնիվ եմ այդ անելու համար։ Հավատացեք սին խոսքերին, և կնմանվեք ձեռքերը դեպի երկինք պարզած աղերսագին աղաղակող ասորեստանցի կամ ացտեկ կանանց, ովքեր դեռ հույս ունեին․․․
Սակայն մի մխիթարիչ ճշմարտություն էլ պիտի ասեմ։ Դա այն է, որ բոլորն են պարտվելու, բոլորն են անխտիր մեռնելու այս կապույտ մոլորակի վրա։ Թե՛ մենք, թե՛ մյուսները՝ թուրքերը, ռուսները, ամերիկացիք ու նույնիսկ չինացիք․․․ Չկա հավերժ ոչինչ, ուստի արժանապատվորեն հեռանանք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր