ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+32 °C
«Հավանական է Կրեմլի և Վաշինգթոն/Բրյուսել բևեռի միջև «ջենտլմենական» ստվերային համաձայնությունը». Գարիկ Քեռյան
00:36, 25.02.2024 | mamul.am
3113 | 0

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այժմ լայնածավալ պատերազմը Ռուսաստանի և հավաքական Արևմուտքի միջև, չտեսնված պատժամիջոցների և ռազմական գործողությունների ծավալմամբ, աստիճանաբար հանգեցնում է նոր մասնակիցների ընդգրկման, աշխարհի տարբեր տարածաշրջաններում: Գազայի և Կարմիր ծովի շրջաններում տեղի ունեցող բախումներն ու պատերազմները դրա վկայությունն են: ՌԴ-ի հետ սերտ ռազմական համագործակցություն գոյություն ունի Հյուսիսային Կորեայի և Իրանի կողմից: Ներքաշված է նաև Եմենը: Ի՞նչ կլինի մեր տարածաշրջանում, ի՞նչ նոր զարգացումներ կլինեն հարցին արևմտամետ և ռուսամետ շրջանակները պատասխանում են կանխակալ և խտացված գույներով, ում ինչ ձեռնտու է, այն էլ հիմնավորում է` բավականին «լուրջ» փաստարկներով: Ոմանք ողջունում են ռսի սապոգից ազատագրման դարակազմիկ պահը և ֆրանսիական նավերի բարձրանալը հայկական լեռները: Մյուս, հակառակ կողմը, զգուշացնում է Ռուսաստանի հետ դաշնակցային կապերի զրոյացման քաղաքականության կործանարար հետևանքներից՝ գործընթաց, որի վերջակետն անշուշտ Ալեքսանդրոպոլ-2 պայմանագրի կնքումն է և 10-15 հազար քառ. կմ. տարածքով դինամիկ զարգացող արևմտյան կառույցներում ինտեգրված «երջանիկ» ժողովրդավար Հայաստանն է: Ի դեպ շրջանառվում է նաև Հարավային Կովկասի երկրների երկրորդ «խորհրդայնացման» սցենարը, երբ քաղաքացիական/ուկրաինական պատերազմը դրական արդյունքներով ավարտած «կարմիր» բանակը կրկին կբարձրանա լեռները, որի արդյունքում կվերականգնվի ռուսական բացարձակ գերիշխանությունը: Ի դեպ, իմ Կարծիքով, երկու սցենարներն էլ մի 50%-ով իրականանալու շանսեր ունեն: 100% կանխատեսում անհնար է կամ շատ դժվար, որովհետև գլոբալ մակարդակով, ներկա իրադարձությունները սերտորեն շաղկապված են և մի տարածաշրջանում տեղի ունեցողը լրիվ անսպասելի կարող է բերել իրավիճակների արմատական փոփոխության, որոնք հիմա կանխատեսել հնարավոր չէ: Ինչպես, օրինակ, ում մտքով կանցներ Սևրի պայմանագրի կնքման օրը, կանխատեսել Ալեքսանդրոպոլի պայմանագիրը: Որքանով կկարողանան ԱՄՆ-ն և ԵՄ-ն շարունակել ռազմական մատակարարումները, տնտեսական ինչ հետևանքներ կունենան պատժամիջոցները, արդյո՞ք Կրեմլը վերջին պահին կդիմի ջերմամիջուկային զենքի կիրառման սպառնալիքների իրականացմանը, արդյո՞ք կերկարաձգվի ռուս-թուրք-ադրբեջանական համագործակցության ձևաչափը և այսպես շարունակ ծագող դժվար հարցերը դեռևս չունեն հստակ պատասխաններ: Բացառված չի և շատ հավանական է, պատերազմի ավարտից հետո Կրեմլի և Վաշինգթոն/Բրյուսել բևեռի միջև «ջենտլմենական» ստվերային համաձայնության կայացումն ազդեցության գոտիների նոր վերաբաժանման հարցով: Եթե մինչ այս դեպքերը Հայաստանը ռուսական ազդեցության գոտի էր, Վրաստանը՝ արևմտյան, Ադրբեջանը` թուրքական, ապա, հնարավոր է, նոր վերաձևում. Հայաստանը որ գոտում կմնա՞` սա դեռ հարց է, որի լուծումը դեռ տրված չէ: Ի դեպ, շատ բան կախված է նաև Չինաստանից, որը դեռևս միջանկյալ ջրերում է նավարկում: Անկախ ամեն ինչից մի բանում համոզված եմ: Այսպիսի անկայուն միջազգային կարգի պայմաններում կտրուկ աշխարհաքաղաքական շրջադարձերը հղի են նոր վտանգներով, «պետք է իջնել ջրի հատակը, մինչև անցնի վտանգը»: Փայլուն օրինակը Վրաստանի կառավարության հավասարակշռված և շրջահայաց դիրքորոշումն է, հիրավի պետականամետ և ազգանպաստ գործունեության օրինակ, երբ հաջողվեց ի հակառակ Արևմուտքի ճնշման խուսափել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից և նույնիսկ ձեռք բերել ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ»։

Աղբյուրը` Գարիկ Քեռյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր