ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +17 °C ... +31 °C Վաղը`+28 °C
«Հայ տղամարդիկ ձախողել են հայոց պետականությունը, և եթե այն դեռ գոյություն ունի, ապա հիմնականում` կանանց շնորհիվ». Նարինե Մկրտչյան
02:18, 10.03.2024 | mamul.am
1624 | 0

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանում սովորաբար ընդունված է խոսել կանանց իրավունքների մասին տարվա մեջ 1-2 անգամ՝ կանանց տոների առիթով, իսկ տղամարդկանց իրավունքների մասին չեն խոսում, հավանաբար այն պատճառով, որ տարվա մնացյալ 363 օրը տղամարդկանց կոշտ ուժի ժամանակահատվածն է։
Իրականում Հայաստանում հավասարաչափ դժվար է թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար։ (Իհարկե, ոչ բոլորի)։ Թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց համար դժվար է դիմակայել ապօրինություններին, կամայականություններին, որոնց մեծ մասը, իհարկե, հարուցում են տղամարդիկ։
Սակայն կանանց համար առավել դժվար է դիմակայել հասարակական հարաբերությունների կոշտությանը՝ ընտանիքում, աշխատավայրում, հասարակական կյանքի գրեթե բոլոր ոլորտներում։
Կանայք առաջինն են կրում նաև պետության՝ քաղաքական ղեկավարների սխալների անմիջական հետևանքները։ Սակայն կանանց մեղքն ու սխալն այն է, որ այդ կարևոր և պատասխանտու գործը՝ պետության ղեկավարումը, նրանք հանձնել են տղամարդկանց, որոնք Հայաստանում փառահեղորեն ձախողել են այն։ Եվ չնայած, որ հայ տղամարդիկ ձախողել են հայոց պետականությունը, սակայն եթե այն դեռ գոյություն ունի, ապա հիմնականում կանանց շնորհիվ։
Հայ կանայք ակտիվ են և նախաձեռնող, կազմակերպված և ջանասեր, արժանապատիվ, օրինապահ և պատասխանատու։
Ուշագրավն այն է, որ կանայք ավելի լավ են պաշտպանում իրենց, իրենց ընտանիքի և այլոց իրավունքները, քան տղամարդիկ։ Եվ չնայած սրան՝ իրականության մեջ, պարադոքսալ կերպով, կանայք ավելի անպաշտպան են։
Այն ընտանիքում և այն պետության մեջ են կանայք և տղամարդիկ հիրավի իրավահավասար, որտեղ ո՛չ կանայք, ո՛չ տղամարդկ չեն հիշում այդ իրավունքների մասին, այլ այդ իրավունքի իրացումը օրինաչափորեն բնականոն է և անքննելի։
Շնորհավոր գալիք Ապրիլի 7-ը՝ Մայրության և գեղեցկության տոնը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր