ԱՄՆ հետախուզական ծառայություններն իսկապես զգուշացրել են Մոսկվային, որ Ռուսաստանում ահաբեկչություն է նախապատրաստվում, սակայն այդ տեղեկությունը ընդհանուր բնույթ է կրել, ասել է ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։ «Սա ընդհանուր բնույթի տեղեկատվություն է՝ մարդաշատ վայրերում ահաբեկչություն նախապատրաստելու մասին։ Մենք արձագանքեցինք այս տեղեկատվությանը և, բնականաբար, համապատասխան միջոցներ ձեռնարկեցինք՝ կանխելու դրանք»,- լրագրողներին ասել է նա։ «Ցավոք սրտի, մեր գործողությունները, որոնք մենք իրականացրել ենք կոնկրետ խմբերի և կոնկրետ անձանց հետ կապված, չեն հաստատել այդ տեղեկությունները»,- հավելել է Բորտնիկովը։ ԱԴԾ-ի ղեկավարի խոսքով՝ տեղեկություններ կային, որ ահաբեկչությունը ծրագրվել է ոչ թե համերգի, այլ նախագահական ընտրությունների ժամանակ։ Մարտի 7-ին մի շարք երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Գերմանիայի, Չեխիայի, Շվեդիայի, Լատվիայի և Հարավային Կորեայի դեսպանատներն զգուշացրել են իրենց քաղաքացիներին, որ առաջիկա երկու օրերին Մոսկվայում կարող է ահաբեկչություն տեղի ունենալ։ Նույն օրը ԱԴԾ-ն հայտարարել է Մոսկվայի սինագոգի վրա ահաբեկչական հարձակումը կանխելու մասին, որը, իբր, նախապատրաստել էին Աֆղանստանում «Իսլամական պետության» բջիջի՝ «Վիլայաթ Խորասանի» գրոհայինները (նույն խումբը համարվում է Մոսկվայի համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը։ |