Մարտի 25-ին մահվան ելքով ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։10-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայի թիվ 20 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ 30-ամյա Ռուբեն Մնացականյանի վարած Nissan մակնիշի և 60-ամյա Մանվել Ղրդիլյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները, որից հետո Երևանի բնակիչ 54-ամյա Արտավազդ Մանուկյանը իր վարած Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Zhongtong մանկիշի ավտոբուսով բախվել է Nissan մակնիշի ավտոմեքենային։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, Nissan-ին բախվելուց հետո վերջինը առաջ ընթանալով վրաերթի է ենթարկել Opel-ի վարորդ Մ․ Ղրդիլյանին և Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Զորայր Մանսուրյանին, որից հետո Nissan-ը բախվել է Opel-ին։ Վթար-վրաերթի հետևանքով Ռ․ Մնացականյանը, Ն․ Ղրդիլյանը, Զ․ Մանսուրյանը և ավտոբուսի ուղևոր, Երևանի բնակիչ 35-ամյա Քնարիկ Թադևոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ այսօր՝ մարտի 26-ին, կեսօրից որոշ ժամանակ անց վիրավորներից Ա․ Ղրդիլյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
|