ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +20 °C ... +33 °C Վաղը`+33 °C
«Հայաստանի կառավարիչը տիեզերական մասշտաբի ստախոս է»․ Սերժ Սարգսյան
17:06, 04.04.2024 | mamul.am
3107 | 0

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե Սարգսյանը որտեղի՞ց գիտեր մոտալուտ արհավիրքի մասին և եթե գիտեր, ինչո՞ւ իրեն և ժողովրդին չի զգուշացրել, փոխարենը կենցաղային բնույթի հարցերով է դիմել իրեն։ «Հայաստանի կառավարիչը տիեզերական մասշտաբի ստախոս է, նա զրպարտել էր ինձ, թե իբր կենցաղային հարցերով նամակներ եմ իրեն ուղղել, որը իմ աշխատակազմի ղեկավարն անմիջապես հերքեց՝ պահանջելով նամակների հրապարակում: Պարզ է, նման բան չէր եղել: Իսկ արհավիրքը իր իշխանության գալն էր, գլխավոր բանակցողի փոփոխությունը, իսկ Արցախի հայաթափումը, կապիտուլյացիան, Հայաստանի ստորացուցիչ վիճակը, այդ արհավիրքի հետևանքներն են»,- ասել է Սարգսյանը՝ բերելով օրինակներ՝ արդյոք զգուշացրե՞լ է ռազմական գործողությունների մասին, թե՝ ոչ։ «Առաջին անգամ և՛ ինքը և՛ մեր ժողովուրդը զգուշացվել են ապրիլի 17-ին, երբ ես ընտրվում էի վարչապետ, երբ ասացի, որ բանակցային գործընթացը կանգ է առել, ակնհայտ է՝ դրանից հետո բացատրեցի ինչումն է խնդիրը, իրենք դա չնկատեցին, սկսեցին այդ բառերը կոնտեքստից կտրելով՝ որպես բանակցությունների ձախողման ապացույց ներկայացնել։ Երկրորդ անգամ ես անձամբ իրեն եմ զգուշացրել` վերջին 30 տարիների ընթացքում տեղի ունեցած մեր միակ հանդիպման ժամանակ, երբ ապրիլի 22-ին «Մարիոթ» հյուրանոցում ասացի, որ ինքը Մարտի 1-ի իրադարձություններից դասեր չի քաղել: Բնականաբար, իր բնույթի համաձայն, անմիջապես շուռ տվեց ամբողջ ասածը, թե իբր ես սպառնում եմ մեր ժողովրդին։ Այդ ժամանակ արդեն ինձ համար ակնհայտ էր, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակը բարդ էր, և այդ պայմաններում Հայաստանը չէր կարող որևէ ռազմական գործողությունների ժամանակ ունենալ որևէ հաջողություն։ Հաջորդ զգուշացումը ուղիղ խոսքերով արվել էր մայիսի 1-ին, երբ նա առաջադրվել էր վարչապետ: Մեր խմբակցության պատգամավորները նրան ասում էին, որ ինքը չի կարող ղեկավարել Հայաստանը, չի կարող լինել գերագույն հրամանատար, որ դա ունենալու է ողբերգական հետևանքներ։ 2020 թվականի մարտին, երբ նա Վայոց ձորում քովիդը խեղդում էր արաղով, բառացի ասաց, որ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն մեզ վախեցնում են պատերազմով, բա եթե չենք ասել, չենք զգուշացրել, այդ բառերն իրեն որտեղի՞ց։ Անձամբ ես 2020 թվականի ամռանը մամուլի ասուլիսին ասացի՝ ռազմական գործողությունները մոտենում են: Զգուշացումները պոչով-պոզո՞վ են լինում, էլ ո՞նց զգուշացնեինք»,- ասել է Սարգսյանը:

«Հայաստանի կառավարիչը տիեզերական մասշտաբի ստախոս է»․ Սերժ Սարգսյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր