ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +32 °C Վաղը`+27 °C
«Իրական ճանապարհը ոչ թե անցյալը մերժելն է, այլ այն ընդունելը, վերաիմաստավորելը և օգտագործելը». Դ. Անանյան
00:18, 12.04.2024 | mamul.am
1191 | 1

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանի գրառումը. «Պատմական Հայաստանի և «իրական» Հայաստանի միջև ընտրություն կատարելու կոչը, կամ պատմական Հայաստանի հակադրումը «իրական» Հայաստանին, ազգային գաղափարախոսության հենասյուներից մեկի՝ պատմական հիշողության և մեր հավաքական ժառանգության մերժումն ու ուրացումն է։ Սա մեր հոգու բուն էության ժխտումն է, այն հիմքերի հերքումը, որոնց վրա կառուցվել և ձևավորվել է մեր ազգային պատկերը։
Անցյալին պարբերաբար վերադառնալը, կամ անցյալը հիշելը պարզապես պատմության խորքից տեղեկատվություն քաղելու գործընթաց չէ, այն ժամանակների միջև ակտիվ երկխոսություն է, որտեղ անցյալը դառնում է մեր ներկան հասկանալու բանալին, որտեղ պատմությունը ծառայում է որպես անխոնջ հիմք մեր ժամանակակից ձգտումների և նպատակների համար:
Մեծն Րաֆֆու գունեղ ձևակերպմամբ, «Պատմությունը մի վարդապետարան է, որի մեջ ապագա սերունդը կրթվում է, զգուշանալով իր նախահայրերի սխալներից և հետևելով նրանց լավ գործերի օրինակին»։ Այլ կերպ ասած, մենք պատասխանատվություն ենք կրում ավելի խորը փորփրելու, մեր պատմական դասերը ժամանակակից խնդիրների վրա կիրառելու իմաստալից ուղիներ գտնելու համար՝ փնտրելով միասնություն, քան բաժանում:
Պատմական Հայաստանը այսօրվա՝ քաղաքական իմաստով «խղճուկ» Հայաստանին հակադրելու փոխարեն քաղաքական ընտրանի իրենց համարողները պետք է ունակություն, գիտելիք և կամք դրսևորեն՝ հանրության հետ երկխոսության միջոցով պարզելու համար, թե ո՞րն է պատմական հիշողության դերը մեր ազգային ինքնության սահմանման գործում և ինչպե՞ս կարող ենք մենք օգտագործել էթնոմոբիլիզացիոն այս հզոր ներուժը՝ ի շահ մեր պետության ու ժողովրդի:
Մենք կանգնած ենք պատմական զարգացումների մի այնպիսի խաչմերուկում, որտեղ գոյութենական վտանգների հետ մեկտեղ մեզ պարտադրում են, որ մենք ընտրություն կատարենք անցյալի և ներկայի, ավանդույթի և նորարարության միջև։ Այնինչ, մեր նպատակն ու իրական ճանապարհը ոչ թե անցյալը մերժելն է, այլ այն ընդունելը, վերաիմաստավորելը և օգտագործելը՝ որպես Հայաստանի համար ավելի լուսավոր և արդար ապագա ստեղծելու կատալիզատոր։ Սա ճանապարհ է, որը պահանջում է զինվել մեր նախնիների իմաստությամբ և գործուն, ստեղծագործ և անձնազոհ վարքագծով մարտահրավեր նետել ներկա պահի անբարենպաստ իրողություններին»:

Աղբյուրը` Դավիթ Անանյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր