ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +22 °C Վաղը`+21 °C
ՀՀԿ Գործադիր մարմինը հանդես է եկել հայտարարությամբ
11:48, 17.04.2024 | mamul.am
2566 | 1

ՀՀԿ ԳՄ-ն հայտարարություն է տարածել․ «Իշխանական պատգամավորին վիրավորելու համար ձերբակալված՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 44-օրյա պատերազմի մասնակից Սամվել Վարդանյանի դաժան ծեծի և խոշտանգման սահմռկեցուցիչ միջադեպը ցույց է տալիս այսօրվա վարչախմբի իրական դեմքը. «ժողովրդավարական» Հայաստանում ոստիկանական մեքենայում ձեռնաշղթաներով ձերբակալվածների պահման վայր տարվող քաղաքացուն ուղեկցող ոստիկանները որոշ ժամանակ միայնակ են թողել՝ ճանապարհին կանգնեցրել են մեքենան և դուրս եկել: Այնուհետև մի խումբ դիմակավոր անձինք Սամվել Վարդանյանին քարշ տալով իջեցրել են մեքենայից, տապալել գետնին, հայհոյել, սպառնացել, ծեծի ենթարկել, խոշտանգել, նվաստացրել նրա արժանապատվությունը և նետել ավտոմեքենայի մեջ: Դրանից հետո ուղեկցող ոստիկանները վերադարձել են, նստել ավտոմեքենան և հանգիստ շարունակել ճանապարհը։
​Քաղաքական դրդապատճառներով բռնության և անօրինականության ֆոնին տեղի ունեցած այս աննախադեպ անօրինականության կապակցությամբ ՀՀԿ-ն վճռականորեն դատապարտում է իշխող կուսակցության պատգամավորի, խորհրդարանի տխրահռչակ խոսնակի և իրավակարգի պատասխանատուների գործողությունները։ Միջադեպը, երբ իշխող կուսակցության պատգամավորի հասցեին քննադատություն հնչեցրած երիտասարդը դարձել է ոչ միայն այդ պատգամավորի ֆիզիկական բռնության, այլև իրավապահ մարմինների և գործող վարչախմբի բանդայի կողմից դաժան հետապնդման և խոշտանգման զոհ, պահանջում է անհապաղ և բազմակողմանի քննություն:
Քաղաքական գործիչների հասցեին վիրավորական արտահայտություններ կարող են լինել ժողովրդավարական հասարակության մեջ։ Սակայն դրան ի պատասխան պատգամավորը ոչ միայն ֆիզիկական ուժ է կիրառել քաղաքացու դեմ, այլև իշխանության բարձր մակարդակում նրա գործողությունները հավանության են արժանացել, ինչը վկայում է իշխող վարչախմբի կողմից «իրավունք» և «ժողովրդավարություն» բառերի իմաստի յուրովի ընկալման մասին:
Պետության վերահսկողության տակ գտնվելու պայմաններում ձերբակալվածի վրա հարձակումը մարդու իրավունքների լրջագույն խախտում է և պետք է դառնա անկախ քննության առարկա: Դատախազությունից պահանջում ենք բացել աչքերը և անհապաղ գործուն քայլեր ձեռնարկել այս ոճրագործությունը բացահայտելու և մեղավորներին խստորեն պատժելու համար:
Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝ ուշադրություն դարձնել մեր երկրում ժողովրդավարական չափանիշների և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի աղետալի վատթարացմանը:
Հավատացե՛ք, եվրոպական արժեքների մասին խոսքը ոչինչ չարժե ձեր լռության պայմաններում: Բայց մենք ձեզանից միայն խոսքեր չենք ակնկալում, այլ որոշակի և հստակ գործողություններ, որոնք ուղղված լինեն մարդու հիմնարար իրավունքների ու ազատությունների հարգմանը: Իսկ քաղաքական պատասխանատվությունը տեղի ունեցածի համար ընկնում է բացարձակապես իշխող կուսակցության վերնախավի վրա»։

Աղբյուրը` ՀՀԿ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր