ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաները խորհրդակցություններ են անցկացրել Իրանի հարվածների, ինչպես նաև Գազայի հատվածի հարավում գտնվող պաղեստինյան Ռաֆահ քաղաքի վրա հրեական պետության կողմից ծրագրված ցամաքային գործողության վերաբերյալ: Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Ամերիկյան կողմից խորհրդակցություններին մասնակցել է ԱՄՆ-ի նախագահի` ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը, իսրայելական կողմը ներկայացրել են ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը և երկրի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցաչի Հանեգբին: Նրանք քննարկել են «Իրանի հարձակումը և Իսրայելի պաշտպանությունն ավելի ամրապնդելուն ուղղված հավաքական ջանքերը»։ Սալիվանը նաև տեղեկացրել է Իրանի դեմ սահմանված նոր պատժամիջոցների մասին։ Բացի այդ, ընդլայնված կազմով խորհրդակցություններ են անցկացվել Ռաֆահի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ «Կողմերը համաձայնության են եկել Ռաֆահում «Համաս»-ը ոչնչացնելու ընդհանուր նպատակի շուրջ»,- նշվում է փաստաթղթում։ Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները «անհանգստություն է հայտնել Ռաֆահում գործողությունների տարբեր սցենարների վերաբերյալ, և Իսրայելի ներկայացուցիչները համաձայնել են հաշվի առնել այդ նկատառումները և լրացուցիչ խորհրդակցություններ անցկացնել փորձագիտական մակարդակով»: |