ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +32 °C Վաղը`+34 °C
«Իշխանության պաշտոնյաներին հրավիրում եմ ուղիղ եթերում բանավեճի»․ Ն․ Հոխիկյան
11:30, 19.05.2024 | mamul.am
1509 | 0

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2018-ից հետո, իսկ առավել ևս 2020-ից հետո Հայաստանում ձևավորվել է մի քաղաքական միջավայր, երբ ընդդիմադիր գործիչները իրենց հասանելի միջոցներով անխնա քննադատում ու մեղադրում են իշխանությանը, իշխանությունն էլ իր միջոցներով քննադատում ու մեղադրում է ընդդիմադիրներին։
Մեծ հաշվով որևէ արդյունք չի լինում, քանի որ երկիրը շարունակում է գլորվել անդունդը, իսկ ժողովուրդը շվարած նայում է մեկ նրան, մեկ մյուսին։
Չկա բանավեճ, չկա ճշմարտությունը գտնելու որևէ միջոց, քանի որ կողմերից որևէ մեկը չի ուզում լսել հակառակ կողմին։
Ընդդիմության համար իշխանությունը հայրենիքը վաճառող դավաճանների հավաքածու է, որը պետք է օր առաջ հեռանա, իսկ իշխանության համար ընդդիմադիրները նախկինների հետ կապված թալանչիներ են, որոնք ուզում են գալ իշխանության ու իրենց պատժել։
Ժողովուրդը նայում է երկուսին էլ ու չի կարողանում հասկանալ, թե ով է ճիշտ։ Առանձին վերցրած, ամեն մեկը համոզիչ է խոսում, ամեն կողմն ունի իր փաստարկները, և բնականաբար ժողովրդի մի հատված հավատում է մի կողմին, մեկ այլ հատված' մյուս կողմին։
Իսկ պատրա՞ստ են արդյոք իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները դեմ դիմաց նստել և ուղիղ եթերում բանավիճել։
Ես անում եմ առաջին քայլը՝ որպես ընդդիմադիր գործիչ, ով երբևէ որևէ գործնական հարաբերություն չի ունեցել ոչ նախկին, ոչ ներկա իշխանությունների հետ։
Իշխանության պաշտոնյաներին կամ խոշոր տրամաչափի որևէ գործչի հրավիրում եմ ուղիղ եթերում բանավեճի։ Եկեք խոսենք բաց և փաստերով՝ առանց միմյանց վիրավորելու կամ պիտակավորելու։ Տեսնենք, թե ով ավելի համոզիչ կլինի ժողովրդի համար։
Բայց խնդրում եմ չառաջարկել փոքր տրամաչափի քարոզիչներին, որոնք գիշեր-ցերեկ կեղծիք են տարածում ու հիստերիկ գոռգոռում եթերներում։ Եթե իշխանությունը ունի լուրջ գործիչներ, առաջարկեք։ Պատրաստ եմ կոնկրետ և առողջ բանավեճի հանուն ճշմարտության և մեր ժողովրդի, մեր պետականության»։

Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր