ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +18 °C ... +33 °C Վաղը`+35 °C
Քննչական կոմիտեն՝ Հրազդանում տեղի ունեցած կրակոցների մասին
13:06, 20.05.2024 | mamul.am
2153 | 0

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է․ «ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննություն է իրականացվում՝ Հրազդան քաղաքի երկու բնակչի սպանության, ևս մեկ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
2024 թվականի մայիսի 18-ին՝ ժամը 19:25-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Հրազդանի բաժին «Հրազդան ԲԿ»-ից ահազանգ է ստացվել այն մասին, որ հրազենային վնասվածքով Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի սգո սրահի մոտակայքից իրենց մոտ է տեղափոխվել անհայտ քաղաքացու դի:
Նույն օրը՝ ժամը 19:44-ին, մեկ այլ ահազանգ է ստացվել այն մասին, որ նույն թաղամասի տներից մեկի մոտ հրազենային կրակոցից անհայտ քաղաքացու դի է հայտնաբերվել, իսկ ժամը 19:54-ին ստացված ևս մեկ ահազանգի համաձայն՝ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ հիշյալ թաղամասի տներից մեկի մոտակայքից «Հրազդան ԲԿ» է տեղափոխվել մեկ այլ քաղաքացի:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, և 474-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մայիսի 18-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի եկեղեցու մոտակայքում նույն քաղաքի 49–ամյա բնակիչն իր մոտ ապօրինի պահվող «Մակարով» տեսակի հրազենով կրակոց է արձակել 48–ամյա համաքաղաքացու ուղղությամբ, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է։ 49–ամյա տղամարդը, նստելով «Օպել» մակնիշի ավտոմեքենան, հեռացել է։ Այնուհետև, նրան հետապնդել են և Վանատուր թաղամասի տներից մեկի մոտակայքում կրակոցներ արձակել հիշյալ ավտոմեքենայի ուղղությամբ, որի հետևանքով վերջինս մահացել է, իսկ ավտոմեքենայի վարորդը, ստացած մարմնական վնասվածքով, տեղափոխվել է «Հրազդան ԲԿ»։
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են քննությանը հետաքրքրող իրեր, առարկաներ։ Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Նշված վարույթի շրջանակներում ձերբակալվել է 2 անձ։
Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործությունը կատարած անձանց ամբողջական շրջանակը պարզելու, բոլորի գործողություններն անհատականցնելու և իրավական գնահատականների արժանացնելու ուղղությամբ»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր