ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +18 °C ... +33 °C Վաղը`+35 °C
Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը վերջին դասի կապակցությամբ
10:54, 24.05.2024 | mamul.am
944 | 0

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը վերջին դասի կապակցությամբ․ «Սիրելի՛ շրջանավարտներ, ջերմորեն շնորհավորում եմ այս կարևոր օրվա՝ կյանքի նոր փուլ մտնելու կապակցությամբ։

Այսօր բազմաթիվ խոսքեր են հնչելու ապագան պլանավորելու, նպատակների հետևից գնալու, երազանքներին հավատալու, հաջողություններ ձեռք բերելու մասին։ Կյանքի այս փուլում հույզերը ձեզ համար առաջնային են, սակայն կարևոր է, որ գիտակցված մոտենաք ապագային և վստահությամբ գնաք դեպի երազանքներ տանող այն ճանապարհով, որն ընտրելու եք բառացիորեն օրեր անց՝ կատարելով մասնագիտության, հետագա կրթության և գործունեության ընտրություն:

Ուզում եմ հավատացնել, որ կյանքի այս փուլում ևս պետությունը՝ ի դեմս ՀՀ կառավարության, ձեր կողքին է լինելու. փոխադարձ պատասխանատվությամբ ու հոգատարությամբ թե՛ մեր երկրի լիիրավ քաղաքացի, թե՛ զարգացող պետություն ենք կառուցելու։

Մենք միասին բարդ ճանապարհ ենք անցել՝ սկսած կրթական բարեփոխումների պատասխանատու գործընթացներից մինչև համավարակ, պատերազմ և բռնի տեղահանություն։

Առանձնակի ուզում եմ շնորհավորել ՀՀ հանրակրթության դպրոցներում սովորող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավարտական դասարանցիներին, որոնք ճակատագրի բերումով փոխել են իրենց դպրոցը և այսօր կյանքի այս փուլն ավարտում են նոր պայմաններում ու միջավայրում: Սիրելի՛ շրջանավարտներ, այս ուսումնական տարին Լեռնային Ղարաբաղում ձեզ համար սկսվել էր անսովոր պայմաններում, և դուք այս մեկ տարվա ընթացքում հասունացել եք՝ հաղթահարելով անասելի դժվարություններ: Հայաստանի բոլոր դպրոցներում ձեզ սպասել են սիրով, և այդ սերը պետք է ուժ ու վստահություն տա բոլորիս, որպեսզի մենք շարունակենք պատվով հաղթահարել հետագա բարդությունները, կառուցենք մեր ապագան ամուր կամքով և լավատեսությամբ։

Սիրելի՛ շրջանավարտներ, հավատացե՛ք ինքներդ ձեզ, երբեք մի՛ վհատվեք, փայփայե՛ք ձեր մեջ կենսասիրությունն ու լավատեսությունը, որ ունեցել եք աշակերտության տարիներին։ Յուրաքանչյուր իրավիճակում առաջնորդվեք մարդկային բարձր արժեքներով՝ մարդասիրությամբ, պետականաշինության գիտակցմամբ, ձեզնով աշխարհն ավելի լավը դարձնելու ձգտմամբ։

Հիշե՛ք՝ դպրոցում յուրացրածը երբեք չի կորչում. դա ապրումների, հույզերի ու հիշողությունների, գիտելիքի և իմացության աշխարհում շրջելու մի փուլ էր, որ միշտ ձեզ հետ է լինելու։

Շնորհավորում եմ նաև ձեր մանկավարժներին և ընտանիքներին, որոնք ապրել են ձեր օրվա հաղթանակներով, ջանքեր են ներդրել ձեր վաղվա ձեռքբերումների համար։

Առաջիկայում ավարտական և ընդունելության քննություններն են, որոնք թող լինեն ձեր առաջին պատասխանատու քայլը՝ որպես ՀՀ քաղաքացու ներդրում պետության կայացման գործում։

Մաղթում եմ ձեզ հաջողություններ, կանաչ ճանապարհ, մշտապես առաջ շարժվելու հաստատակամություն։

Բարի երթ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր