ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +15 °C ... +29 °C Վաղը`+28 °C
Հաղթակամար Երևանի սրտում, որն այդպես էլ չկառուցվեց
23:06, 28.05.2024 | mamul.am
2579 | 0

Այն, որ Հաղթանակի զբոսայգում տեղադրված «Մայր Հայաստան» մեծադիր արձանի տեղում ժամանակին կանգնեցված է եղել Ստալինի արձանը, գիտեն բոլորը, բայց հավանաբար քչերը գիտեն, որ այդ արձանի փոխարեն, դեռ 40-ական թվականներին պետք է հաղթակամար կառուցվեր։
1944 թվականին հայտարարվեց հաղթակամարի կառուցման մրցույթ՝ ի պատիվ ֆաշիզմի դեմ հաղթանակի։ Կամարը պետք է կանգնեցվեր Հոկտեմբերյան պողոտայի վրա՝ այսօրվա «Ռոսիա» կինոթատրոնի խաչմերուկում։ Թեև Գերմանիայի դեմ հաղթանակը դեռ չէր կայացել, սովետական զորքերը նոր էին մտել Գերմանիա, սակայն դա չխանգարեց, որպեսզի հայտարարվի հաղթակամարի կառուցման մրցույթ, որի հաղթող դարձավ նշանավոր ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանը։ Ըստ նախագծի՝ հաղթամակարը պետք է կառուցվեր մուգ մոխարգույն տուֆից, կամարի երկու կողմերում՝ ամենավերևում պետք է լինեին Լենինի և Ստալինի դիմաքանդակները։ Կամարը պետք է հարդարվեր նաև ազգային զարդամոտիվներով և քանդակներով։
Հաղթակամարներ կանգնեցվում էին դեռևս Հին Հռոմում, ինչը խորհրդանշում էր ռազմական հաղթանակն ու զորքի հաղթական վերադարձը տուն։
Սակայն Երևանում հաղթակամարի կառուցումն այդպես էլ տեղի չունեցավ, քանի որ որոշվեց դրա փոխարեն ավելի մեծ հուշարձան կառուցել, որի վրա պետք է կանգնեցվեր ժողովուրդների առաջնորդ Իոսիֆ Ստալինի մեծադիր արձանը։ Այդ տարիներին Ստալինն ընկալվում էր` որպես հաղթանակի խորհրդանիշ։ Քանի որ մրցույթում արդեն իսկ հաղթել էր Ռաֆայել Իսրայելյանը, ապա հենց նրան էլ վստահվեց արձանի պատվանդանի կառուցումը։ Պատվանդանը, որի մեջ տեղավորված է ռազմական թանգարանը, ունի 31 մետր բարձրություն, իսկ Ստալինի արձանը, որի հեղինակը դարձավ Գյումրիում ծնված նշանավոր քանդակագործ-մոնումենտալիստ Սերգեյ Մերկուրովը, ուներ 17 մետր բարերություն։ Հետագայում Ստալինի արձանը ապամոնտաժվեց և մի որոշ ժամանակ անց դրա տեղում կանգնեցվեց Մայր Հայաստան արձանը, որի հեղինակը քանդակագործ Արա Հարությունյանն է։

Հաղթակամար Երևանի սրտում, որն այդպես էլ չկառուցվեց
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր