ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +20 °C ... +34 °C Վաղը`+35 °C
Հայկական ամենանշանավոր դպրոցը 200 տարեկան է. հետաքրքիր փաստեր Ներսիսյան դպրոցի մասին
00:30, 16.06.2024 | mamul.am
2550 | 0

Այս տարի կլրանա Թբիլիսիի Ներսիսյան հոգևոր դպրոցի 200-ամյակը։ Դպրոցը հիմնել է Ամենայն Հայոց կաթողիկոս Ներսես Աշտարակեցին։ Ներսես Աշտարակեցու երազնանք էր հիմնել հայկական կրթարան, որն էլ իրականացավ 1824 թվականին։ Մինչ այդ Թբիլիսիում կար միայն մեկ հայկական դպրոց, որը գործում էր Նորաշեն Սբ Աստվածածին եկեղեցում։
Հետաքրքիր փաստեր 200 ամյա դպրոցի մասին․
Մինչ դպրոցի պաշտոնական բացումը, 1813 թվականին Ներսես Աշտարակեցին Թբիլիսում ժողովի է հրավիրել հայ երևելիներին և ներկայացրել դպրոց կառուցելու իր ծրագիրը։ Առաջնորդի առաջարկը, սակայն անարձագանք է մնացել։
1815 թվականի Ներսես Աշտարակեցին ճարահատյալ փոքրիկ դպրոց է հիմնում Թբիլիսիի վանքի Մայր տաճարի սենյակներից մեկում։

Ներսես Աշտարակեցի

1818 թվականին հանագանակություններրի միջոցով, այդ թվում մոսկվաբնակ Լազարյան ընտանիքից ստացած նվիրատվությամբ, Ներսես Աշտարակեցին վանքի հարակից տարածքում հիմնում է 32 խանութ, հանձնում վարձակալության և ստացած գումարն ամբողջովին ծառայեցնում դպրոցի կարիքներին։
Դպրոցի համար կառուցված առաջին շենքի հիմնարկեքը տեղի է ունեցել 1822 թվականին։

Դպրոցի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1824 թվականի դեկտեմբերի 1-ին:
Դպրոցը գործել է ուղիղ մեկ դար։
Մինչև կյանքի վերջ Ներսես Աշտարակեցին շարունակել է գործունեության առանցքում պահել դպրոցին առնչվող ցանկացած խնդիր։
Ներսիսյան հոգևոր դպրոցն Անդրկովկասում առաջին հայկական միջնակարգ դպրոցն էր։
Այստեղ է սկսել գործել Թբիլիսիի առաջին հայկական տպարանը։ Տպարանից ստացված հասույթը նույնպես ծառայում էր դպրոցի կարիքներին։
Ներսիսյան դպրոցում հիմնադրվել է Անդրկովկասի առաջին հայագիր պարբերականը՝ «Կովկասը», ձևավորվել առաջին թատրոնը և թատերախումբը, առաջին երգչախումբը, տպագրվել է կովկասահայության առաջին դպրոցական ձեռնարկները։
Գործունեության առաջին տարում դպրոցի աշակերտների թիվը գերազանցում էր 140-ը, երկու տարի անց՝ 360-ը։
Դպրոցի առաջին տեսուչն ու ուսուցիչը Մոսկվայի Լազարյան ճեմարանի դասախոս, բանաստեղծ, լեզվաբան Հարություն քահանա Ալամդարյանն էր։
1859 թվականին դպրոցը տեղափոխվում է նոր շենքը, որը Թբիլիսիի փոստի նախկին շենքն էր։
1909 թվականին Ալեքսանդր Մանթաշյանցի մեկենասությամբ սկսվում է նոր մասնաշենքի կառուցումը։
Մոտ 1000 աշակերտ ունեցող դպրոցը 1912 թվականին տեղափոխվում է նոր շենքը, որը Ռուսական կայսրության տարածքում ժամանակի լավագույն դպրոցական շինությունն էր։
Շինարարության և կահավորման համար Մանթաշյանց ընտանիքը ծախսել էր 392 հազար ռուբլի գումար։
Դպրոցում ուսումն անվճար էր, սովորում էին միայն արական սեռի սաներ՝ տարբեր երկրներից։

Ուսուցչական կազմը

Ներսիսյան դպրոցը ավարտել են երկու հազարից ավելի գրականության և արվեստի, մանկավարժության, գյուղատնտեսության ու արդյունաբերության, առողջապահության և մշակույթի, քաղաքական ու զինվորական հեղինակավոր մասնագետներ, այդ թվում՝
Խաչատուր Աբովյան, Պերճ Պռոշյան, Դերենիկ Դեմիրճյան, Ղազարոս Աղայան, Հովհաննես Թումանյան, Երվանդ Լալայան, Երվանդ Քոչար, Սողոմոն Թեհլերյան, Հայկ Բժշկյան և այլն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր