Հունիսի 17-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19:50-ի սահմաններում Արագածոտնի 67-ամյա բնակիչ Դավիթ Բ-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի Աշտարակի` այժմ չգործող «Գայի պոստի» հարևանությամբ, մխրճվել է առևտրի տաղավարի մեջ, անցել այնտեղով և վրաերթի ենթարկել հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։ Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են մահացածի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մահացածն ազգությամբ հնդիկ է։ |