ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+29 °C
«Չեմ կարող տեսնել Հայաստանի թեքումը դեպի հակառուսական մատրիցա»․ Էդուարդ Ջերեջյան
12:24, 19.06.2024 | mamul.am
1533 | 1

Ամերիկացի պաշտոնաթող դիվանագետ Էդուարդ Ջերեջյանը, «ՍիվիլՆեթ»-ի եթերում անդրադառնալով հարցին՝ ՀՀ-ն բախտորոշ շրջադարձ է կատարում դեպի Արևմուտք և կա մեծ մտավախություն. որքանո՞վ է ԱՄՆ արտաքին քաղաքականությունը ինստիտուցիոնալիզացված, որպեսզի կարևոր չլինի՝ ով կլինի ԱՄՆ վարչակազմում, ասել է. «Եթե ինձ խնդրեին խորհուրդ տալ, կասեի՝ չեմ կարծում, որ Հայաստանին ձեռնտու է առանցքային լուրջ շեղում դեպի որևէ ուժ: Օրինակ Հարավային Կովկասն ակնհայտորեն անհանգիստ տարածաշրջան է, այն կոնֆլիկտային է՝ հատկապես Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտության մասով։ Մենք գնում են դեպի ավելի բազմաբևեռ, բազմակողմ աշխարհ, և Միացյալ Նահանգների գերակայությունն իհարկե այն չէ, ինչ Երկրորդ աշխարհամարտից հետո էր, կամ անգամ Խորհրդային Միության փլուզման ժամանակ ու անմիջապես հետո։ Ուստի Հայաստանի շահերից է բխում, ես կասեի՝ Հայաստանի արտաքին քաղաքականությանն ու ռազմավարական շահերին կծառայի այն, որ երկիրը մեծ ճշգրտությամբ զարգացնի իր ռազմավարական և մարտավարական հարաբերությունները՝ ակնհայտորեն 3+3 համատեքստում, հատկապես Ռուսաստանի և Թուրքիայի հետ, բայց, եթե ճիշտ եմ հասկանում, Հայաստանը կախված է Ռուսաստանից հացահատիկի առաքումների, դրամական փոխանցումների առումով։ Ես հասկանում եմ, որ տրանսֆերները նվազում են, բայց դեռ կան՝ ատոմային էներգետիկա, գազ, Հայաստանի էներգիայի 83 տոկոսը, և երբ նայում եմ այդ դաժան, իրական փաստերին, չեմ կարող տեսնել Հայաստանի թեքումը դեպի արևմտյան, հակառուսական մատրիցա. դա կվնասի Հայաստանին։ Այսպիսով Հայաստանի քաղաքական պատասխանատուների համար մարտահրավերն այն է, որ կարողանան մշակել շատ ճշգրիտ և ռազմավարական, այն, ինչ ես անվանում եմ 360 աստիճան արտաքին քաղաքականություն՝ ազգային անվտանգության քաղաքականություն, քանի որ Ռուսաստանի հետ փորձը ցույց է տվել, որ չի կարելի կախված լինել մեկ խոշոր արտաքին տերությունից և նրա տալիք օգնությունից։ Մյուս մեծ տերությունն այստեղ Թուրքիան է։ Հաշվի առնելով Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում և, իհարկե, թուրք-ադրբեջանական առանցքը, Թուրքիայի հետ հարաբերություններ զարգացնելը ծառայում է Հայաստանի շահերին։ Գիտեմ, որ դա շատ դժվար է, տեղեկացված եմ, որ Հայաստանն իսկապես փորձել է, բայց կանգնած է քարե պատի առաջ։ Այնպես որ, կարծում եմ, ռազմավարական ինչ գնահատական կամ վերագնահատում էլ արվի Երևանում, մեծ սխալ կլինի, եթե Հայաստանը նույնացվի այս կամ այն բևեռի հետ»:

«Չեմ կարծում, որ Հայաստանին ձեռնտու է առանցքային լուրջ շեղում դեպի որևէ ուժ». Էդուարդ Ջերեջյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր