ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Փաշինյանը վախենում է նոր Հոկտեմբերի 27-ից ու թաքնվում արևմտամետների թիկունքո՞ւմ․ «Հրապարակ»
09:36, 22.06.2024 | mamul.am
1865 | 0

«Հրապարակ»-ը գրում է․ ««Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով երեկ ԱԺ-ում խորհրդարանական լսումներ տեղի ունեցան։ Լսումները հրավիրել էր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովը՝ իշխանություններին աջակից արևմտամետ, սորոսական ՀԿ սեկտորի, Փաշինյանի գրպանային արևմտամետների առաջարկով․ Արման Բաբաջանյան, Հովսեփ Խուրշուդյան, Արամ Սարգսյան, Տիգրան Խզմալյան, Լևոն Շիրինյան, Ստյոպա Սաֆարյան և այլք։ Անհատներ էլ կային, օրինակ, դերասան Հովհաննես Ազոյանը՝ Կոլոտ Հովոն, ով ամբիոնից հուզված և շնչակտուր, մատն առանց տեքստից կտրելու կարդում էր իր առջև դրված թղթի վրա գրվածը, թե ՀՀ-ն դե ֆակտո ժողովրդավարական երկիր չէ, որովհետև ժողովրդավարությունը թերի չի լինում, երբ մտնենք ԵՄ, նոր կլինենք ժողովրդավար։
Մի քանի ժամ շարունակ թիվ 1 օրենսդիր մարմինը վերածվել էր կրկեսի արենայի, ով ինչ ուզում՝ անում էր, ինչ ուզում՝ խոսում էր։ Կազմակերպիչներն ամեն բան արել էին, որպեսզի, ինչպես դասականը կասեր, տոնը «փչացնող» չլիներ, և տեղի սղության պատճառով մերժել էին այն գործիչներին, որոնք հիվանդագին արևմտամետ չեն, որ դահլիճում համերաշխ արևմտամետ մթնոլորտ տիրի, պահանջեն-խնդրեն իշխանություններին՝ ԵՄ-ին անդամության հարցը դնել հանրաքվեի՝ վստահ, որ ժողովուրդն «այո» է ասելու։ Եվ դահլիճը լցրել էին ԱԺ աշխատակիցներով, պատգամավորների օգնականներով։ Իրենք՝ ՔՊ-ականները, չէին մասնակցում, բացառությամբ 2-3 հոգու՝ արտաքին հարցերի հանձնաժողովի անդամներ։
Նիկոլ Փաշինյանն ու իր խմբակը խորամանկորեն նախընտրել էին մնալ ստվերում, որ չկապվեն ԱԺ-ում տեղի ունեցող արկածախնդրության հետ։

Պարզ է, որ նրանք դեմ չեն, որ ռուսատյացության մթնոլորտ տիրի երկրում, և հանրությանը ներշնչեն, որ Հայաստանի բոլոր դժբախտությունների անունը Ռուսաստան է՝ նրա թողտվությամբ ու աջակցությամբ են եղել 2020թ․ պատերազմը, հաջորդած ադրբեջանական հարձակումները, Արցախի կորուստը, և հիմա որքան շուտ Հայաստանը գնա դեպի Եվրոպա և դուրս գա Ռուսաստանի հետ դաշինքից, այնքան շուտ կգա հային փրկություն։ Ավելին՝ Արամ Զավենիչ Սարգսյանը, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարություն արեց, որից հասկացվեց, որ Հոկտեմբերի 27-ը, իր կարծիքով, ռուսներն են կազմակերպել։ Լսումների ու հանրաքվեի մասին ասաց․ «Նման փոփոխությունը չպետք է արձանագրի ՀՀ գործող իշխանությունը, ոչ էլ վարչապետը, որովհետև նման դեպքերում Հոկտեմբերի 27 է տեղի ունենում»։

Արևմտամետները թերևս մոռացել են ամիսներ առաջ բրյուսելյան հանդիպումը, որից առաջ էլ մեծ ակնկալիքներ ունեին, մինչդեռ գրոշների աջակցություն ցուցաբերեցին Հայաստանին, այն էլ՝ գրանտների տեսքով, իսկ անդամակցության հարցը մնաց օդում կախված։ Արամ Զավենիչը խորհրդարանի ամբիոնից սրա մասին «չարախոսողներին» պատասխանեց, թե՝ մեզ լավ էլ սպասում են եվրոպաներում․ «Մենք շատ լավ գիտենք՝ Եվրոմիությունում ով է մեզ սպասում և ինչի է սպասում»։ Եթե անդամակցության վերաբերյալ հստակ որոշում կայացնենք, ապա նա կասկած չունի, որ Հայաստանն առավել անվտանգ կդառնա՝ «շատ առատաձեռն կփոխհատուցեն Հայաստանին՝ սպառազինության, ներդրումների և այլ առումներով»։ Գրեթե բոլոր բանախոսներն իրենց ելույթներում չէին շրջանցում ընդդիմադիրներին՝ նրանց և նրանց հետևից գնացող հազարավոր մարդկանց ներկայացնելով որպես ռուսի գործակալներ։

Արման Բաբաջանյանն էլ, ում ղեկավարած լրատվամիջոցի շենքի առջև ծածանվում է ԵՄ դրոշը, համարելով, որ դա քիչ է, մի դրոշ էլ բերել էր, որ կախի ԱԺ ամբիոնից։ Հետո մի «կալոշ» թափահարեց ու դրեց դրոշի վրա։ «Այս դրոշը կախում եմ, որ քննարկումն ավելի լավ անցնի։ Սա էլ՝ կալոշը»,- ասաց նա։ Ներկաներից մեկը շտապեց «կալոշը» հանել դրոշի վրայից, երևի՝ որ չստացվի, թե ԵՄ-ն ռուսական «կալոշի» տակ է մնացել»։

Մանրամասները՝ թերթի համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր