ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ժամկետային ծառայության վերացումն ուղիղ ճանապարհ է դեպի դեկորատիվ բանակ»․ Վահրամ Մարտիրոսյան
03:18, 28.06.2024 | mamul.am
4220 | 1

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Եվրոպայում և ԱՄՆ-ում տարվում են ակտիվ աշխատանքներ պարտադիր ժամկետային զինծառայությունը նորից վերականգնելու նպատակով։ Բոլորն են հասկացել, որ առանց պարտադիր ծառայության մարտունակ բանակ ունենալն ուղղակի անհնար է։ Ներկա «պրոֆեսիոնալ» բանակները կարողանում են հաջողությամբ կռվել միայն «պապուասների» դեմ։
Հիշում եք 44-օրյա պատերազմից հետո ինչքան «փորձագետ» և «գեներալ» էին պահանջում վերացնել ժամկետայինը և փոխարինել այն քչաքանակ «պրոֆեսիոնալներով»: Ես դեռ այն ժամանակ բազմիցս ասել եմ, որ սա ուղիղ դեպի դեկորատիվ բանակ տանող ճանապարհ է։
Սա տելեվիզրով կռիվ տեսածների սինդրոմն է։
Տելեվիզրով կռիվ տեսածներն են պնդում, թե պարտությունը անխուսափելի էր, և հիմա էլ թշնամուն հաղթելը անհնար է։
Տելեվիզրով կռիվ տեսածները մի կողմից սարկազմի առարկա են դարձրել մարտական ոգին, իսկ մյուս կողմից աստվածային մակարդակի են բարձրացրել զենքերը։ Ըստ նրանց տրամաբանության, կարևորը ոչ թե մոտիվացիան, պրոֆեսիոնալիզմն ու կազմակերպվածությունն են, այլ կիրառվող գործիքների տեսականին։
Եթե բանակում չներդրվի ժամանակակից մոբիլ կառավարման համակարգ, եթե բանակում չլինի երկաթյա կարգապահություն՝ այնպիսի կարգապահություն, որի դեպքում անգամ ականապատ դաշտերով գրոհելու հրամանը չի քննարկվի, եթե բանակը չգործի բացարձակ ներդաշնակության պայմաններում, և վերջապես ամենակարևորը՝ եթե պետությունում չփոխվի Հայրենիք հասկացության նկատմամբ արժեհամակարգը, ապա ոչ մի տեխնոլոգիա, ոչ մի ԱԹՍ ու Ցեզար դեր չի ունենալու։
Կարծում եք, պաչկեքով գերի հանձնվելու երևույթը պատահակա՞ն է։ Ո՜չ, դա օրինաչափ է այն արժեքների ու կառավարման որակների պայմաններում, որոնք գործում են ներկայի Հայաստանում։
Եթե երկրում ոչինչ չփոխվի, ապա այդ Ցեզարները շուտով կհայտնվեն Բաքվի զորահանդեսներում ու պուրակներում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր