ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Ամեն ինչ առավել քան կանխատեսելի է»․ Վարդան Բալյան
16:48, 30.06.2024 | mamul.am
2287 | 0

Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իրանական նախագահական ընտրությունների արդյունքներով, ինչպես և կանխատեսելի է, երկրորդ փուլ անցան բարեփոխական Մասուդ Փեզեշքյանը և պահպանողականների ճամբարը ներկայացնող Սայիդ Ջալիլին: Ընտրապայքարի մեկնարկին ֆավորիտ համարվող Բաղեր Ղալիբաֆը, ով 2005 թվականի ընտրություններում երկրորդ հորիզոնականը զիջեց Մահմուդ Ահմադինեժադին, այս անգամ էլ երրորդ ցուցանիշով դուրս մնաց ընտրապայքարից: Իրանական քաղաքական իրողություններին անծանոթ կամ դասագրքային գիտելիքներով փորձագետների մեծ մասը քվեարկության արդյունքները գնահատում են որոշակի իմաստով սենսացիոն՝ արձանագրելով, որ Իրանի պարագայում դասական քաղաքագիտական հաշվարկները, կանխատեսումները, առավել ևս ընտրական գործընթացների մասով, հազվադեպ են իրականանում: Կհամաձայնեմ, բայց մեկ վերապահումով, եթե փորձագիտական վերլուծությունը հիմնված է հրապարակային-տեղեկատվական նյութի վրա: Իրականում առայժմ ամեն ինչ առավել քան կանխատեսելի է և տեղավորվում է նախապես ծրագրված սցենարում: Ու քանի որ հուլիսի 5-ին նախանշված երկրորդ փուլում իրար հետ մրցակցող թեկնածուներից մեկը հաստատապես դառնալու է Իրանի նախագահ, առաջիկա գրառումներով կփորձեմ ներկայացնել նրանց քաղաքական դիմանկարներն առավել մանրամասնություններով և Իսլամական հանրապետության տարածաշրջանային ու հայաստանյան քաղաքականության մասին պատկերացումներով: Մեզ համար առանձնապես կարևոր եմ համարում նաև ընտրական գործընթացի և հետընտրական զարգացումների ընթացքի կանխատեսումը, որ առանց չափազանցության ուղղակիորեն առնչվում է Հայաստանի հանրապետության անվտանգության խնդիրներին»։

Աղբյուրը` Վարդան Բալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր