ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +10 °C ... +18 °C Վաղը`+19 °C
Սերժ Սարգսյանի ուղերձը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ
11:43, 27.01.2015 | mamul.am
2293 | 1

Հունվարի 27-ը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրն է: Այդ կապակցությամբ ուղերձ է հղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ուղերձում մասնավորապես ասվում է. «Երկրորդ աշխարհամարտի տարիներին հրեաների նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, հիրավի, մարդկության պատմության ամենադաժան և ողբերգական էջերից մեկն է: Հունվարի 27-ը, որը խորհրդանշում է Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի ազատագրումը, Հոլոքոստի չարիքին վերջ դնելու կարևորագույն հանգրվաններից եղավ:

Հոլոքոստի զոհերի ոգեկոչումը և այդ եղեռնագործության դատապարտումը արդիական է այնքան ժամանակ, քանի դեռ աշխարհում շարունակում են գլուխ բարձրացնել ազգային, ռասայական, կրոնական հողի վրա հիմնված ատելության և անհանդուրժողականության ամենատարբեր դրսևորումները, քանի դեռ չի վերացել մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կրկնության սպառնալիքը:

Աներկբա ճշմարտություն է, որ ցեղասպանությունների զոհերին մոռացության մատնելը և ժխտողականությունը՝ հատկապես պետական մակարդակով, այդ ոճրագործության փուլերից մեկն է: Այն կրկնակի հանցանք է ոչ միայն անմեղ զոհերի, այլև ներկայի ու ապագայի հանդեպ: Թերևս հնարավոր լիներ կանխել Երկրորդ համաշխարհային պատերազմի քողի ներքո իրականացված ոճրագործությունները, եթե Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մարդկության դեմ իրականացված հանցագործությունները միջազգային լիարժեք դատապարտման արժանանային, իսկ դրանց պատասխանատուները կրեին արժանի պատիժ:

Վերստին խոնարհվելով Հոլոքոստի անմեղ զոհերի հիշատակի առջև՝ ցանկանում եմ զորակցություն և համերաշխություն հայտնել հրեա ժողովրդին, Հայաստանի հրեական համայնքին: Հայ ժողովուրդը, որն այս տարի ոգեկոչում է Հայոց ցեղասպանության 100-ամյակը, առավել քան հաղորդակից է հրեա ժողովրդի ցավին:

Վերահաստատում եմ մեր հանձնառությունը համատեղ պայքարելու մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ՝ «այլևս երբեք» ասելու վճռականությամբ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր