ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+29 °C
ՀՕՖ-ը Չինչին գյուղին իսկական տոն է պարգևել՝ վերանորոգելով մանկապարտեզն ու դպրոցի մարզասրահը
18:31, 18.03.2015 | mamul.am
10598 | 0

Տավուշի մարզի Չինչին գյուղի՝ կես դարից ավել գործող և չվերանորոգված մանկապարտեզի շենքային պայմանների հետ ՄԱՄՈՒԼ.am-ն իր ընթերցողներին ծանոթացրել էր ամիսներ առաջ: Խոնավությունից ու մաշվածությունից քարուքանդ, խունացած պատեր, հիգիենայի ծայրաստիճան անմխիթար պայմաններ, խոնավ ու կիսամութ սենյակներ...

Սակայն արդեն ուրախությամբ տեղեկացնում ենք, որ շնորհիվ Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ)՝ 2013-ին մեկնարկած «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» 5-ամյա ծրագրի կրթական բաղադրիչի, Չինչինի մանկապարտեզում երեխաները վայելում են շենքային հիանալի պայմաններ:

Ամբողջովին հիմնանորոգված մանկապարտեզի պաշտոնական բացումը տեղի ունեցավ այսօր, թեև փաստացի երեխաներն արդեն մի քանի ամիս է՝ հաճախում էին վերանորոգված շենք:

«Մեր մանկապարտեզին արված այս նվերը շատ բան է դեպի լավը փոխելու մեր կյանքում: Չինչինում երեխաներ կային, որոնք մանկապարտեզ չէին հաճախում հենց վատ պայմանների պատճառով, իսկ հիմա մենք արդեն 20 երեխա ունենք նախկին 14-ի փոխարեն»,- մանկապարտեզի տնօրեն Լիլիթ Առաքելյանի շնորհակալական խոսքն է փոխանցում է ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակիցը:

Չինչին գյուղի գյուղապետ Կարեն Դարբինյանն ու մանկապարտեզի տնօրեն Լիլիթ Առաքելյանը

«Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» ծրագիրը մեծ ուշադրություն է դարձնում Բերդի տարածաշրջանի կրթական, առողջապահական, սոցիալական ու տնտեսական զարգացմանը: Ծրագրի հովանավորն է «Մարդիգյան ընտանիք» հիմնադրամը:

Բացի մանկապարտեզից, այսօր բացման արարողություն տեղի ունեցավ նաև Չինչինի դպրոցում: ՀՕՖ-ի օգնությամբ դպրոցում հիմնանորոգվել էր մարզադահլիճը, արհեստի խմբակի սենյակը, ցանկապատվել է բացօթյա մարզահրապարակը, իսկ նախկին կիսավեր ու անտանելի վիճակում գտնվող արտաքնոցների փոխարեն կառուցվել են նորերը:

ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրեն Արփիկ Ջուլհակյանն իր ու աշակերտների կողմից խորին երախտագիտություն հայտնեց հովանավորներին ու իրականացնողներին. «Նման բան տեսած չկայինք, այժմ մեր արհեստի խմբակը, որ գործում է սեպտեմբեր ամսվանից և ունի 16 մասնակից, այնպիսի հաջողությունների է հասել, որ երեխաներն անգամ իրենց պատրաստած փայտյա խաչքարերից 3-ը նվիրեցին բարեգործներին՝ 1-ը հենց Մարդիգյանների ընտանիքին, մյուսը ՀՕՖ հայաստանյան, մեկն էլ՝ ամերիկյան գրասենյակներին:

Չինչինի արհեստի խմբակի ղեկավար, փորագրող Սարգիս Ղևոնդյանի հեղինակած խաչքարը
Իսկ ֆիզկուլտուրայի դասերին երեխաները, որ առաջ չէին ուզում մասնակցել վատ պայմանների պատճառով, այժմ մեծագույն հաճույքով են մասնակցում»: ՀՕՖ-ը դպրոցին նվիրաբերել է նաև մեծ քանակությամբ գույք՝ մարզական ու փայտամշակման:

ՀՕՖ-ի Բերդի գրասենյակի ղեկավար Լուսինե Գրիգորյանն էլ նշեց, որ սա ընդամենը մի օղակն է բարեգործությունների այն շղթայի, որ արել և անելու է ՀՕՖ-ը Տավուշում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր