ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+21 °C
Մեկ բեմում, մեկ ներկայացման շրջանակներում «կհանդիպեն» Գրիգոր Նարեկացին, Թորոս Ռոսլինն ու Արշիլ Գորկին
17:43, 27.05.2015 | mamul.am
3511 | 0

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Զույգ արեգակներ»` 2 գործողությամբ բալետային ներկայացման պրեմիերան:
Սցենարի և բեմադրության հեղինակը ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանն է, ում խոսքով` հատուկ ներկայացման համար դրսից պարողներ են հրավիրվել:
«Այս ներկայացման պրեմիերայից հետո կարող ենք ասել, որ Հայաստանը մի նոր ներկայացում ունեցավ, որով կարող է ներկայանալ դրսում: Ամեն ինչ անում ենք, որ Հայաստանը կարողանա դուրս գալ իր այսօրվա վիճակից»,- ՄԱՄՈՒԼ.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց բալետմեյստեր Ռուդոլֆ Խառատյանը: Նրա խոսքով` բալետը բեմադրված է Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի հիման վրա: Այն բաղկացած է երկու ակտից, որի ընթացքում կհնչեն տարբեր երաժշտություններ` սկսած 4–րդ դարի շարականներից մինչև հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Շտուտգարդի օպերայի և բալետի թատրոնի մենապարող Արման Զազյանն, ով բեմադրության մեջ մարմնավորում է Նարեկացուն, լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանեց, որ մինչ այդ ինքը Նարեկացու գործերը չէր կարդացել և ստեղծագործություններին ծանոթացել է դերը ստանձնելուց հետո:
«Բալետի միջոցով պետք է փորձենք ցույց տալ Նարեկացու և Աստծո միջև կապը: Ես ուրախ եմ, որ այս անգամ մենք չենք ներկայացնում այն, որ մեզ փորձել են ոչնչացնել: Ներկայացումով կարող ենք հանդես գալ նաև այլ երկրներում ու ցույց տալ, որ չնայած մեզ փորձել են ոչնչացնել, չի հաջողվել, և հիմա լինելու ենք ավելի լավը»,- ասաց Արման Զազյանը:
Հիշեցնենք, որ «Զույգ արեգակներ» ներկայացման պրեմիերան տեղի կունենա մայսի 27-ին` Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր