ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
«Եթե երեխան չոչ չի արել, հետագայում կարող է մկանների թերի զարգացման ու կեցվածքի խնդիրներ ունենալ». մանկաբույժ
18:25, 12.02.2016 | mamul.am
27757 | 0

«Չոչը դա երեխայի զարգացման անհրաժեշտ փուլերից մեկն է: Նորածինը մինչև մեծանում, դառնում է մեկ- մեկուկես տարեկան քայլող երեխա, նա անցնում է որոշակի զարգացման փուլեր: Սկզբից սովորում է գլուխը պահել, հետո հետևաբար նստում է, կանգնում է, չոչ է անում, քայլում է և այլն: Եվ որպեսզի երեխան կարողանա կանգնել ու նորմալ քայլել, նրա մոտ պետք է զարգանան մի քանի ֆունկցիաներ: Իսկ որպեսզի այդ ֆունկցիաները զարգանան, պետք է երեխայի մկանները զարգանան: Այդ նպատակին ծառայում է երեխայի չոչ անելը»,- MAMUL.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց մանկաբույժ Արուսյակ Խաչատրյանը: Նրա հավաստմամբ` չոչը նպաստում է մկանային խմբերի զարգացմանը:
«Որովայնի, վերջույթների և մեջքի բոլոր խմբերը զարգանում են, մկաններն ամրանում են: Զարգանում է նաև երեխայի հավասարակշռության զգացումը: Դա շատ կարևոր է հետագայում նրա համար, որովհետև եթե մենք չենք թողնում երեխան չոչ անի, չենք կարողանում հավասարաչափ զարգացնել նրա մկանները»: Մասնագետի խոսքով` եթե երեխան չոչ չի արել, փոխարենն օգտագործել է քայլակ, դա լավ չէ, քանի որ այն թույլ չի տալիս լավ զարգացնել բոլոր մկանները:
«Որպեսզի երեխան լինի առողջ, հետագայում ունենա լավ կեցվածք և չունենա հարթաթաթություն կամ կեցվածքի այլ խանգարումներ, դրան պետք է ուշադրություն դարձնել հենց այդ տարիքում, երբ երեխան սկսում է չոչ անել»,- նշեց մանկաբույժը:
Անդրադառնալով քայլակներին՝ նշեց, որ դրանք կարելի է օգտագործել 7 ամսականից ոչ շուտ, որովհետև դա այն շրջանն է, երբ նման ծանրաբեռնվածությունը բացասական չի ազդի երեխայի ողնաշարի և հենաշարժողական համակարգի վրա:


«Բայց, այստեղ կա մի մտավախություն. երբ մենք դնում ենք նրան քայլակի մեջ, երեխան էլ չոչ չի անում, որովհետև միանշանակ շատ ավելի հեշտ է քայլակով ճանապարհորդել, քան` չոչ անել, որն ավելի շատ էներգիա և ուժ է պահանջում: Այսինքն` համեմատաբար ավելի քիչ են զարգանում մկանները: Բացի դրանից, քայլակի մեջ քայլելուց մկանների ուրիշ խմբեր են օգտագործվում, քան պետք է օգտագործվեն, եթե երեխան չոչ անի ու ինքնուրույն սկսի քայլել»,- ասաց մասնագետը: Նրա համոզմամբ` սրանք հետագայում կեցվածքի խանգարումների հիմք են դառնում: «Այս ամենից պետք է հետևություն անենք, որ երկարատև քայլակ օգտագործել չի կարելի: Երկարատև քայլակի մեջ մնալը ոչ միայն թուլյլ չի տալիս մկանները լավ զարգացնել, այլև` երեխան զգուշությունն է կորցնում: Չոչ անող երեխայի մոտ զգույշ լինելու հատկությունը շատ ավելի լավ է զարգանում, քան քայլակով քայլող երեխայի մոտ, որովհետև քայլակն է պաշտպանում նրան և այդ ունակությունն այնպես չի զարգանում, ինչպես որ նա չոչ աներ և ինքնուրույն ուսումնասիրեր իերն շրջապատող տարածքը»,- բացատրեց մանկաբույժը:
Նրա խոսքով` քայլակներ օգտագործել կարելի է, բայց շատ սահմանափակ: «Եթե դուք ուզում եք, որ երեխան հետագայում ամուր մկաններ և լավ կեցվածք ունենա, պետք է չոչ անի»,- նշեց մասնագետն, ով խորհուրդ չի տալիս կտրականապես հրաժարվել քայլակներից, քանի որ դրանք ևս ունեն իրենց դրական կողմերը` մայրիկի գործը հեշտացնում են և թույլ են տալիս երեխային ավելի ինքնուրույն դառնալ: «Սակայն պետք է հիշել, որ քայլակ կարելի է օգտագործել օրվա մեջ 15-30 րոպե: Դա երեխայի առողջությանը չի վնասի»,- ասաց Արուսյակ Խաչատրյանը:
Ամփոփելով` մասնագետը խորհուրդ տվեց բոլոր այն ծնողներին, ում երեխաները չոչ չեն արել, և բավական հեռացել են այդ տարիքից, այդ բացը լրացնել նրան սպորտային խմբակ տանելով: Պետք է խրախուսել, որ երեխան շարժվի, թռվռա բատուտի վրա: Դա շատ օգտակար է»,- եզրափակեց նա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր