ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+21 °C
«Եվրոտեսիլ»-ում Իվետա Մուկուչյանին արգելել են ներկայանալ Արցախի դրոշով
17:25, 29.04.2016 | mamul.am
11339 | 2

«Եվրոտեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչները հրապարակել են իրենց, այսպես ասած, դրոշների քաղաքականությունը, որով արգելում են եվրոտեսիլյան դահլիճ տանել որոշ դրոշներ: Արգելված դրոշների ցանկում է հայտնվել նաև Արցախի Հանրապետության դրոշը:

Կազմակերպիչների հիմնավորմամբ, արգելանքի նպատակը քաղաքական, կրոնական կամ առևտրային քարոզից զերծ մնալն է: Բացի Արցախի դրոշից, «Եվրոտեսիլ-2016»-ում արգելված են այլ վիճելի տարածքների դրոշներ ևս (Կոսովոյի, Ղրիմի, Պաղեստինի և Բասկերի դրոշները):

Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մրցույթում Հայաստանի պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանն անդրադառնալով այդ արգելքին, նշել է, որ սա ևս մեկ քայլ է, որպեսզի երկրպագուներին քաղաքականությունից զերծ պահեն: «Եվրոտեսիլ»-ն ունի իր ուրույն կանոնները և եթե մասնակցում ես այդ մրցույթին, պարտավոր ես հարգել դրանք»,- ասել է նա` հավելելով, որ իրենք, այնուամենայնիվ, իրենց հետ տանելու են Արցախի դրոշը:

Հայաստանի հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խմբի որոշմամբ՝ «Եվրոտեսիլ-2016»-ին Հայաստանը կներկայացնի երգչուհի Իվետա Մուկուչյանը: Միջազգային հանրությանը Իվետան կներկայանա զգացմունքային LoveWave ստեղծագործությամբ: Երգի միջազգային մրցույթը կկայանա մայիսի 10-ին, 12-ին և 14-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում: Հայաստանը ելույթ կունենա մայիսի 10-ին առաջին կիսաեզրափակիչի ընթացքում՝ 7-րդ համարի ներքո: «Եվրոտեսիլ-2016»-ին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է՝ «Միավորվե՛նք»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր