ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +21 °C Վաղը`+21 °C
Աշուղ Ջիվանու տուն-թանգարանը կսկսի գործել այս տարվա ամռանից
10:30, 30.05.2016 | mamul.am
2420 | 0

Այցելուների առաջ աշուղ Ջիվանու հայրենի Կարծախ գյուղում նախատեսված տուն-թանգարանն իր դռները կբացի այս տարվա ամռանը՝ նշանավորելով մեծանուն աշուղի 170-ամյակը։
«Ի սկզբանե նախատեսել էինք տուն-թանգարանի ամբողջական վերականգնում, սակայն ոլորտի մասնագետներն առաջարկեցին նախ անել բացումը, ցուցադրել արդեն հավաքագրված նյութերն ու իրերը, ապա անընդհատ դրանք համալրել։ Այս տարի նախատեսվում է ցուցասրահի բացումը, որտեղ լուսանկարների տեսքով ներկայացված կլինի Ջիվանու կյանքը և ստեղծագործական ուղին»,- տեղեկացրեց Ջավախքին աջակցություն հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Հակոբյանը, փոխանցում է «Ջավախք ինֆո»-ն:
Աշոտ Հակոբյանը տեղեկացրեց, որ տուն-թանգարանի ստեղծման աշխատանքները կոորդինացնելու նպատակով ստեղծվել է համապատասխան թիմ, որտեղ ընդգրկվել են մի շարք հասարակական-մշակութային գործիչներ, մտավորականներ, արվեստագետներ ու ճարտարապետներ։ «Աշխատանքի բաժանում է կատարվել, և յուրաքանչյուրն իր մասով աշխատանքներ է տանում։ Մեկը Ջիվանու կենսագրությունն է նորովի ուսումնասիրում, բացահայտում չբացահայտված էջերը, գրի առնում հետաքրքիր դրվագներ, մյուսը զբաղվում է Ջիվանու թողած ժառանգության հավաքագրմամբ, մյուսներն էլ, ՀՀ վաստակավոր ճարտարապետ Հովհաննես Մութաֆյանի գլխավորությամբ, կազմել են տուն-թանգարանի ճարտարապետական և շինարարական նախագծերը»,- պատմեց Աշոտ Հակոբյանը և հավելեց, որ զուգահեռ ընթանում են նաև թանգարանին անհրաժեշտ ցուցադրական և կենցաղային նյութերի հավաքագրման աշխատանքները։
Ջիվանու տուն-թանգարանի աշխատանքները համակարգելու նպատակով ձևավորվել է նաև ջավախահայ երիտասարդներից կազմված խումբ, որոնք կամավորական հիմունքներով պատրաստ են օգնել կազմակերպչական և այլ աշխատանքներ իրականացնելու գործում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր