ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +17 °C ... +27 °C Վաղը`+21 °C
«Ես պատերազմ չեմ հրահրել և ինքս կորոշեմ` ում հետ բարեկամություն անել». Սոսո Պավլիաշվիլին Բաքվում իր հանդեպ բոյկոտի մասին
17:00, 25.10.2016 | mamul.am
9075 | 0

Վրացի երգիչ Սոսո Պավլիաշվիլին ազգայնական հողի վրա ծագած սկանդալի կենտրոնում է հայտնվել: Ադրբեջանի ժողովրդական արտիստ, կինոդրամատուրգ Ռամիզ Ֆաթալիևը համացանցում նամակ է հրապարակել, որում նա Սոսո Պավլիաշվիլիին առաջարկում է հրաժարվել Բաքվում նախատեսած բարեգործական համերգից ու առհասարակ զերծ մնալ այնտեղ գնալուց: Ֆաթալիևի խոսքով` Սոսոն առաջիններից մեկն է, ով ղարաբաղյան հակամարտության ընթացքում մենահամերգներով եղել է Հայաստանում և իրավունք չունի դրանից հետո ելույթ ունենալ Բաքվում:
Ադրբեջանցի մշակութային գործչի այս պերճախոս հայտարարությանը Պավլիաշվիլին շատ հանգիստ է արձագանքել` նման նամակի հրապարակումը դրամատուրգի կողմից սեփական անձի հանդեպ ուշադրություն սևեռելու միջոց որակելով: Ռուսական Life լրատվականի հետ զրույցում Սոսո Պավլիաշվիլին հայտարարել է, որ իր համերգները քաղաքական ենթատեքստ չունեն, իսկ հայ ժողովրդի հետ բարեկամական հարաբերությունները չի կարող խաթարել և ոչ մի հակամարտություն:
«Սա անգործների ձեռագիր է. անել այն, ինչ ուզում են. նրանց առաջ ոսկոր գցեք, ու նրանք կսկսեն կրծոտել այն: Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ 80-ականների վերջին որոշ այլանդակներ (դրանք լինում են բոլոր ազգերում) իրենց ձեռքն առան դանակներն ու սկսեցին մորթել կանանց ու երեխաներին: Կմեկնեմ Բաքու, թե` ոչ, ես այդ դրամատուրգին չեն հարցնելու, անգամ չգիտեմ` ով է նա: Շնորհավորում եմ, նա հիմա հայտնիություն է ձեռք բերում: Ես խաղաղության մարդ եմ: Ես բարեկամություն եմ արել ու շարունակելու եմ բարեկամ մնալ մարդկանց հետ ոչ թե ազգային ու կրոնական պատկանելիության, այլ իրենց քայլերի համար: Աստված ինձ չի ասել ` ահա քեզ տաղանդ` մեկի համար երգի, մյուսի համար` ոչ: Իսկ եթե այդ բարձրագոչ հայտարարություններ անողներն ուզում են վերադարձնել Ղարաբաղը, թող դիվերսիոն խմբեր կազմեն, գան ու ետ գրավեն: Թե չէ նստել են բազմոցներին ու մտածում են` կգա Սոսոն, թե չի գա: Ես այն (Ղարաբաղը) ոչ մեկից չեմ խլել: Ես կերգեմ այնտեղ, որտեղ ինձ սպասում են: Ես երբեք ոչ մի պատեարազմ չեմ հրահրել, միայն ուզում եմ մարել այդ պատերազմը: Հայերի հետ ես բարեկամ եմ եղել, կամ ու կլինեմ: Բաքվում շուտով բարեգործական մեծ համերգ կունենանք, ու ես սիրով բոլորին հրավիրում եմ»,- լրատվականի հետ զրույցում հայտարարել է Պավլիաշվիլին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր