Իսրայելի հնագիտական վարչության աշխատակիցները առգրավել են պապիրուսի մի կտոր, որը մասնագետները համարել են Երուսաղեմի` եբրայերենով գրված հնագույն հիշատակությունը ոչ աստվածաշնչյան աղբյուրներում: Այն թվագրվել է Առաջին տաճարի ժամանակաշրջանով (VII դ. Ք. ա.): Պապիրուսը գտել են մի խումբ գանձախույզներ Հուդայի անապատի քարանձավներից մեկից: Պահպանվել է եբրայերենով գրված 2 տող. «Նաարաթի արքայական ծառայից գինով լի սափորներ Երուսաղեմ»: Նաարաթը մի վայր է, որ հիշատակվում է Աստվածաշնչում` Նաարաֆ անվամբ: Ինչպես վկայում են իսրայելցի հնագետները, պատառիկն ապացուցում է, որ Երուսաղեմը 7-րդ դարի 2-րդ կեսին եղել է Հուդայի թագավորության տնտեսական կենտրոնը: Այդ ժամանակահատվածում Երուսաղեմում թագավորել են Մանասիան, Ամոնը և Իոսիան: Սակայն պարզել, թե ում է հասցեագրված գինին, հնարավոր չէ: |