ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +16 °C ... +29 °C Վաղը`+29 °C
Երկու ցուցահանդես նկարիչների միության տանը
17:38, 04.11.2023
591 | 0

Երկու ցուցահանդես նկարիչների միության տանը


Նկարիչների միության տանը նույն օրը միանգամից բացվեց երկու ցուցահանդես՝ մեկը ծննդյան 70-ամյակին նվիրված, իր արվեստը «ՀՈԳԵՀՈՍՔ» բնութագրող` Արթուր Օշականցունն էր, մյուսը՝ ընդամենը 7 տարին բոլորած Մարիա Արամի Մխիթարյանի աշխատանքներինը:

Երբ հոգուց բխող խոսքը գունային նոր արտահայտչականությամբ է դրսևորվում
Արվեստի նոր ուղղության հիմնադիր, հայրենի բնության սիրահար Արթուր Օշականցի գեղանկարիչն իր ներաշխարհից բխող արվեստն անվանել է «ՀՈԳԵՀՈՍՔ» ։
«Իմ արվեստը ես ինքս անվանել եմ հոգեհոսք: Ես նկարում եմ ոչ թե ֆիզիկական մարդուն, կենդանուն կամ թռչունին, այլ մարդու հոգին, արարչագործվա՛ծ հոգին, հոգիներին ծավալ, շարժում եմ հաղորդում, գունավորում: Նրանք թռչում են, ներշնչվում մեկը մյուսից, այդ բոլորը ներծծվում է մթնոլորտի մեջ: Դա ի՞նչ է՝ հոգեհո՛սք, ա՛յդ եմ նկարում, հոգիների հոսքն ամբողջ մթնոլորտում: Դրանց տիեզերական բաբախումներն եմ նկարում: Հոգեհոսքը տեսնելու, զգալու, դրան հասնելու համար հարկավոր է ճանաչել նյութականն ու հոգեւորը, նյութականը կյանքն է ՝ մարմինը, կենցաղը, իսկ հոգեւորը մեր ցանկություններն են, երազանքներն են, մեր մտքի եւ հոգու թռիչքն ու հոսքը» ։
Այսօր հանրաճանաչ նկարչի գույներն ու խորհրդանիշները փոխել են իրենց բովանդակությունը, նրա հոգին ու հույզերը թռիչք են ապրում՝ դուրս հորդելով վառ ու հոգեթով գունապնակով։ Գույները տաք են, հուզառատ, խոր փիլիսոփայության ելևէջներով, գալիս են սրտի խորքերից, համաշխարհային արվեստի սկզբունքներն ու միտումները նկարչի մոտ նոր երանգներ ու վերացարկումներ են ձեռք բերում՝ պայմանավորված հեղինակային վառ անհատականությամբ։ Նրա խոսքն ինքնատիպ արտահայտչաձևեր է ընդունում և, այդպիսով, ավելի գունագեղ ու լիարժեք է հասնում իր երկրպագուներին։ Այն տոգորված է համամարդկայինին չհակասող հայկական ջերմությամբ ու հառնելու փիլիսոփայությամբ։ Մահը մեկն է, գիշերը՝ մութ, ուրեմն պետք է արթնացումն ու կյանքը գունեղ լինեն։
Օշականցու աշխատանքները, որոնք հոգեպարար լավատեսությամբ են հագեցած, վաղուց են ծանոթ իր հայրենակիցներին։ Այսօր, իր 70-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացման խոսքում, դիմելով հավաքված գործընկերներին ու իր արվեստի երկրպագուներին նա մեկ անգամ ևս նշեց, որ ստեղծագործում է իր ժողովրդի համար։ Այն ոգին, որ նրան առաջնորդում է՝ հայկականն է, Հայաստանում գտնվող արվեստանոցը իր սիրելի Օշականում է, որտեղ անկախ զբաղվածության աստիճանից, նկարիչը սիրով դիմավորում է իր արվեստով հիացած երկրպագուներին։ Նկարիչը անընդհատ պրպտումների մեջ է ու ոչ մի վայրկյան չի հեռանում իր սիրած գործից։ Արվեստագետի կողքին է միշտ նրան ոգեշնչող ու նրա ձեռնարկները սատարող սիրելի կինը, ում հետ բազում տարիներ արդեն ապրում են ներդաշնակ սիրով։ Զբաղվածությունը, սակայն չի խանգարում նկարչի հայրենասիրական մղումներին՝ ձեռնարկել ցուցահանդեսներ զինվորների համար․․․2018 թվի օգոստոսին Օշականցու ցուցահանդեսը բացվեց Արցախում․ այն նվիրված էր Անկախ Արցախի 27-րդ տարեդարձին։
Արթուր Օշականցին քաջատեղյակ է հայրենիքին, նրա պատմությանն ու մշակույթին առնչվող ամեն մանրամասնի, որն էլ նրան օգնում է ստեղծագործելիս։ Նրա արվեստին քաջածանոթ են ողջ աշխարհում, Հայաստանից զատ ցուցահանդեսներ է ունեցել տարբեր երկրներում։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ մշակույթային նոր տաղանդներ և հայտնագործություններ հովանավորող երևանյան մասնաճյուղը տարիներ առաջ կազմակերպեց նրա արվեստի ցուցադրությունը Նյու Յորքում, Չիկագոյում, Դետրոյթում, Միչիգանի համալսարանում, նրա արվեստն ընկալվում էր որպես նորություն, թարմություն հայկական գեղանկարչության մեջ: Օշականցու արվեստն ամենուրեք խանդավառություն ու նոր հույզեր էր առաջացնում իր թարմ շնչով։ Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը Արթուր Օշականցուն հռչակեց ԱԲՍՏՐԱԿՏ ՆԱՏՈՒՐԱԼԻԶՄ նոր ուղղության հիմնադիր:

Թող այլևս չլինեն աղետաբեր պատերազմներ
7-ամյա Մարիան ցանկանում է, որ աշխարհում թևածի խաղաղությունը։

Նկարչուհի 7֊ամյա հրաշք Մարիայի մասին Նիդերլանդական օրագիրն առիթ ունեցել է պատմելու ։ Աշնանային հոկտեմբերյան վերջին օրերին Հայաստանի նկարիչների միության տանը գրեթե Արթուր Օշականցու ցուցահանդեսի բացումից քիչ անց Մարիան նկարչասեր հանրությանը ներկայացավ իր աշխատանքներով ։
Մարիան սիրում է նկարել ամեն ինչ։ Նրա մասին գրվել է բանաստեղծություն, որը ներկայացնում է հեղինակը։ Բանաստեղծությունը կցված է Մարիայի նկարած աղջնակի պատկերին։ Այնքան կյանք ու խինդ կա փոքրիկ աղջնակի աչքերում։ Նկարվելով նրա հետ զգացի, որ կողքին ընդամենը մեկ պահ գտնվելը ինձ վերադարձրեց իմ մանկությունը, որտեղ ուրախությունն ու խինդը կյանքի առօրյայի անբաժան մաս էին։Մարիան, իր մայրիկի խոսքերով, սկսել է նկարել, երբ ընդամենը 1, 8 տարեկան էր և աշխարհը սկսել էր նոր ճանաչել։
Բանաստեղծության հեղինակ Օլգա Դարյանը հրաշալի է բնութագրել պայծառ աղջնակին՝ նա չի սիրում պատերազմ, սիրում է իր հայրենիքը։
Մարիան մի բան է ցանկանում՝ աշխարհում պետք է խաղաղություն տիրի, պիտի ավարտվեն պատերազմները ու այլևս ոչ մի երեխա չպետք է պատերազմի արհավիրքների պատճառով կորցնի ծնողներին ու հարազատներին, ընկերներին, հայրենի տունն ու հայրենիքը։ Երազանքները պիտի իրականանան։ Մաղթենք, որ փոքրիկ Մարիայի երազանքները, բոլոր, բոլոր, իրականանան և նրա դեմքից երբեք չպակասի ժպիտը, երբեք, երբեք։

Հատուկ Նիդ.Օրագրի ընթերցողի համար՝ Երևանից, ԵՊՀ դոցենտ, բ․գ․թ․ Նաիրա Գասպարյան

https://www.nidoragir.com/2023/10/blog-post_26.html

https://niderlandakan.livejournal.com/575060.html

Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
332 | 0
դեպի վեր