ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +10 °C ... +19 °C Վաղը`+20 °C
Արմինե Սարգսյան, «Թարգմանության առաջատար լեզուների հնգյակում է հայտնվել նաև պարսկերենը»
20:18, 25.07.2014
3824 | 0

«Թարգմանության առաջատար լեզուների հնգյակում է հայտնվել նաև պարսկերենը»


Արքմենիկ Նիկողոսյանի և Աշոտ Գաբրիելյանի «Թարգմանություններ հայերեն 1991-2013» գիրքն արդեն ընթերցողի սեղանին է: «Իրատես de facto» -ի հետ զրույցումԱՐՔՄԵՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆՆ ասաց, որ առաջին հայացքից այն մատենագիտական ուսումնասիրություն է, որտեղ ի մի է բերվում անկախության շրջանում թարգմանական դաշտի բնույթը` լեզուներ, առաջատար լեզուներ, յուրաքանչուր տարվա կտրվածքով` թարգմանությունների քանակ, այդ ընդհանուր քանակի մեջ գեղարվեստական թարգմանությունների տեղը, դերը, թարգմանիչների սոցիալական դիրքը, կարգավիճակը, դրամաշնորհային կազմակերպությունների, հրատարակիչների դերն այս ամբողջ գործընթացի մեջ:


«Երբ մատենագիտական բոլոր տվյալները կարծես թե հավաքագրված էին, շատ հետաքրքիր օրինաչափություններ բացահայտվեցին մեզ համար: Վիզուալ առումով, թվում է, մենք ամեն ինչ գիտենք, և որոշ լեզուներ Հայաստանում թարգմանական առումով դոմինանտ են, բայց երբ գրքի, մատենագրության տեսանկյունից ես ուսումնասիրում, պարզվում է, որ այդպես չէ» , - նշեց գրաքննադատը: Օրինակ, մամուլում տպագրված և գրքի տեսք ստացած թարգմանությունները լրիվ տարբեր բևեռներ են: Եթե մամուլով դատենք, այսօր չկա այնպիսի լեզու, որից թարգմանություն չի կատարվում հայերեն, սկսած եբրայերենից, նորվեգերենից, իսլանդերենից: Բայց երբ թարգմանությունները գրքի տեսք են ստանում, սահմանափակվում են 8-10 լեզվի շրջանակում: Ընդ որում, եթե անկախության առաջին տարիներին ավելի շատ դոմինանտ լեզու էր ռուսերենը, ապա վերջին 4-5 տարիներին անգլերենը գերակշռելու միտում ունի: Արքմենիկ Նիկողոսյանը նշեց նաև, որ ամենաորակյալ գրքերը տպագրվել են 2012-ից սկսած, ամենաշատ լեզուներով գրքեր թարգմանվել են 2012-ին: «Ինչքան էլ քննադատեցինք «Երևանը` գրքի մայրաքաղաք» միջոցառումը` կատարման, իրականացման իմաստով, այնուամենայնիվ, ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն շատ կարևոր դեր է խաղացել մեր երկրում գոնե թարգմանական գործի առումով», - ասաց նա:
Ինչ վերաբերում է գրքերի քանակին ու բազմազանությանը, անկախության առաջին տարիներին դեռևս իներցիայով շատ գիրք է տպագրվել Հայաստանում, ընթացքում դրանց չափանիշն ընկել է, իսկ 2000-ականներին ահռելի քանակությամբ գրքեր են տպագրվել: Դրական միտումն այս դեպքում այն է, որ վերջին չորս տարիներին գրքերի անվանացանկը զգալիորեն կրճատվել է, բայց փոխարենը ավելացել է, հատկապես թարգմանական առումով, որակյալ գրքերի տպագրումը: Վերջին տարիներին որակյալ թարգմանություններ են իրականացվում նաև «դեֆիցիտ» լեզուներից` իսպաներենից, ֆիններենից, պորտուգալերենից, իտալերենից և այլն: «Լեզուներ կան, որ մեկ կրող ունեն Հայաստանում, օրինակ` նորվեգերենը մեկ մարդու շնորհիվ է կարողացել որոշակի առաջընթաց գրանցել» , - հավելեց զրուցակիցս:
1991-2013 թվականների ընթացքում հայերեն թարգմանություններ են կատարվել, առանձին գրքով հրատարկվել 32 աղբյուր լեզուներից: Ռուսերենը կազմում է ընդհանուր թարգմանությունների 31, 1 տոկոսը, անգլերենը` 16, 8 տոկոսը, ֆրանսերենը` 10, 8, գերմաներենը` 3, 2: Թարգմանության առաջատար լեզուների հնգյակում է հայտնվել նաև պարսկերենը (2, 5 տոկոս), ինչը, ըստ ուսումնասիրողների, պայմանավորված է Հայաստանում պարսկական դեսպանատան, մշակութային գործիչների լավ աշխատանքով: Ըստ ամենայնի, թարգմանական ոլորտի զարգացման համար մեծ դեր ունեն նաև դրամաշնորհ տրամադրող կազմակերպությունները և տարբեր դեսպանատները Հայաստանում` իրենց գործունեությամբ:
Խոսելով թարգմանությունների գեղագիտական կողմի մասին, Արքմենիկ Նիկողոսյանն առանձնացրեց ֆրանսերենը, որպես ճաշակի լեզու. «Որովհետև թարգմանվում է հիմնականում արժեքավոր գրականություն: Ամեն լեզու իր շրջանակն ունի, օրինակ` գերմաներենը հիմնականում ծառայել է ցեղասպանության մասին գրականության թարգմանությանը, իտալերենը ավելի շատ մանկական գրականության թարգմանության լեզու է: Թուրքերենը, գուցե զարմանալի հնչի, բայց հատկապես վերջին տարիներին ամենաակտիվ դերակատարություն ունեցող լեզուներից է Հայաստանի թարգմանական դաշտում, և մի դրական միտում էլ կա. եթե նախկինում թուրքերենից հիմնականում թարգմանվում էին փաստաթղթեր, կոմերցիոն գրքեր, վերջին տարիներին ավելի շատ շեշտը դրվում է բուն մշակութային ժառանգության վրա, գեղարվեստական գրքերի, և այդ առումով էլ հաջողված է»:
«Խորհրդային շրջանում ամբողջ թարգմանական ծրագրերը, այսպես ասած պետականորեն ուղղորդվում էին, այսօր, թարգմանության առումով, հրատարակիչները նոր մարտավարության ու քաղաքականության կարիք ունեն: Կա նաև իրավական դաշտի խնդիր: Խորհրդային շրջանում ամենաթողություն էր, արտասահմանյան երկրներից ցանկացած գործ յուրացնում, թարգմանում ու մատուցում էին ընթերցողին: Այսօր արդեն հրատարակիչները պարտավոր են հաշվի նստել ցանկացած հեղինակի հետ, պաշտպանել հեղինակային իրավունքները, վճարել թարգմանիչներին (75 տարի հետո նոր միայն տեքստն ազատ է և համարվում է հանրության սեփականությունը), - ասաց ԱՇՈՏ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԸ, նշելով, որ գաղափարախոսության առումով ոչ միայն թարգմանությունները, նաև բնագրերն էին գրաքննության ենթարկվում: - Թարգմանությունների մեջ մենք տեսնում ենք շատ հատվածներ հանված, ձևափոխված, խմբագրված: Այժմ հրատարակիչները փորձում են այդ ամենից ձերբազատվել»:
Զրուցակիցս փաստեց, որ այսօր էլ այդ երևույթները կան, օրինակ` Օրհան Փամուկի «Իմ անունը կարմիր է» վեպի անգլերեն և ռուսերեն տարբերակներում որոշ հատվածներ հանված են, կան երկուէջանոց նկարագրություններ, որոնք մեկ նախադասությամբ են ներկայացված: «Մեր հրատարակիչները կարողացել են դա բացահայտել և իրական բնագիրը մատուցել ընթերցողին» , - ասաց Աշոտ Գաբրիելյանը, նշելով, որ դրական տեղաշարժ է նաև այն, որ այսօր արդեն գրեթե չկան միջնորդավորված թարգմանություններ: Փոխվել են նաև գաղափարական շուկայի տարածքները, օրինակ, խորհրդային տարիներին շատ էր թարգմանվում վրացերենից, անկախության շրջանում առաջին անգամ վրացական գրականություն տպագրվում է 97-ին: Զրուցակիցս ընդգծեց, որ Հայաստանը, փոքր շուկա լինելով, թարգմանիչների պակաս ունի: Օրինակ` նորվեգերեն, շվեդերեն, հոլանդերեն, այս տիպի լեզուներից թարգմանություններ գրեթե չունենք, կամ մեկ-երկու թարգմանիչ է լինում, և առաջանում է թարգմանության խմբագրի խնդիր: Եթե թարգմանիչը միայն ինքն է տիրապետում լեզվին, չկա մեկ այլ թարգմանիչ, որ կարող է հասկանալ թարգմանության որակը, այն կարող է շատ անբարեխիղճ լինել: Պետք է նաև ուսումնասիրել ընթերցողի պահանջը, այսինքն` գրահրատարակչական շուկան այլ ոլորտ է, հաճախ գրահրատարակիչն իր շուկան ապահովում է դրամաշնորհով` հաշվի չառնելով ընթերցողի հետաքրքրությունը:
Մեկ այլ խնդիր. ինչպես գիտենք, ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի գիրքը երեք թարգմանություն ունեցավ, Մարկեսի «Սերը խոլերայի ժամանակ» վեպը` միաժամանակ երկու թարգմանություն: «Էլի կան նման օրինակներ, այսպես ասած, մեր քիչ ռեսուրսները ծախսվում են նույն գործը թարգմանելու վրա, երբ կարելի էր համակարգված, տրամաբանված գործել, - նկատեց Աշոտ Գաբրիելյանը: - Սա նաև թարգմանչի նախասիրությամբ է պայմանավորված: Մանավանդ, երբ թարգմանիչը չի տեսնում իր ստեղծագործության տպագրման և հետագա այլ խնդիրները»:
Հայ գրականության հիմնադրամի գործադիր տնօրեն, «Գրքի հարթակ» ծրագրի ներկայացուցիչ ԱՐԵՎԻԿ ԱՇԽԱՐՈՅԱՆԸ ի լրումն ասաց, որ «Գրքի հարթակը» ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից և իրականացվում է Արևելյան գործընկերության մշակութային ծրագրի շրջանակներում. «Այս հետազոտությունը միակը չէ: Մինչ այս իրականացվել է հետազոտություն վերջին 20 տարում հայերենից 11 լեզվով արված թարգմանությունների վերաբերյալ: Ծրագրի շրջանակում կատարվել են ուսումնասիրություններ նաև մեր երկրում ընթերցանության վիճակի, գրահրատարակչական ոլորտի, գրավաճառության վերաբերյալ»:
«Գրքի հարթակ» ծրագիրն ավարտվում է, սակայն ծրագրվում է նման ուսումնասիրությունները դարձնել ամենամյա:
«Թարգմանություններ հայերեն 1991-2013» գիրքը տրամադրվում է անվճար, կարելի է ձեռք բերել «Հայ գրականության հիմնադրամի» գրասենյակից կամ ներբեռնել «Գրքի հարթակ» ծրագրի կայքից:
ՈՒսումնասիրությունն օգտակար կարող է լինել հրատարակիչների, թարգմանիչների, մատենագետների համար:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ


Հեղինակ` Armenak Avetisyan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Armenak Avetisyan
21:02, 07.01.2018
8396 | 0
դեպի վեր