ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +20 °C Վաղը`+21 °C
Ռազմիկ Դավոյան, Բանաստեղծություններ
09:42, 01.08.2014
3188 | 0

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*

Գիշերվա մեջ կժերն իրար
Շշնջում են կավե խոսքեր,
Եվ կենդանի շշուկներից
Կավե շուրթերն են դալկանում,

Հողի խորունկ շերտերի մեջ
Զնգզնգում են ջրի հոսքեր,
Եվ կարոտը կծկըվելով,
Հեռու սարերն է բարձրանում:

Վե՜ր կաց, վե՜ր կաց, քնած մանուկ,
Կախարդանքից խոր գիշերի.
Տե՜ս, կավի ձայնն է թանձրանում,
Օղակների մեջ կժերի:

Երգը հանգչում է քիչ առ քիչ
Աստղերի խուլ կայծկլտոցով,
Էլ ոչ մեկը չի տալու քեզ
Կարոտների բույրը խոցող:

Ոչ մեկը քեզ չի տալու բախտ,
Ոչ սե՜ր, ոչ խի՜նդ ու ոչ թախի՜ծ,
Մի բուռ հավատ, մի քիչ աստված,
Ոչի՜նչ, ոչի՜նչ, բացի վախից:

Վե՜ր կաց, վե՜ր կաց, քնած մանուկ,
Կախարդանքից խոր գիշերի,
Տե՜ս, կավի ձայնն է քարանում
Օղակների մեջ կժերի:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Հայրեն ՝ Մհերին

Դու կաց, արեգակ, դու կաց,
Ես գնամ ծովե-ծով ընկնեմ,
Ծովե-ծով լուսնյակը ման գամ,
Եվ նրա բոլորակ ականջին
Քո ոսկյա բառերը կրկնեմ:

Դու կաց, արեգակ, դու կաց,
Արեգակ մանուկս է քնած,
Ծովե-ծով լուսնյակը ման գամ,
Եվ նրա բոլորակ ականջին
Քո ոսկյա բառերը կրկնեմ:

Դու կաց, արեգակ, դու կաց,
Արեգակ մանուկս է քնած,
Ծովե-ծով լուսնյակը բերեմ,
Մանկանս ճոճք անեմ կապույտ,
Որ այդ քո ծիծաղկուն մատներով
Ձեռ տաս ու չարթնանա հանկարծ:




Ձեզ

Դուք,
Որ բանաստեղծ եք
Եվ հավատքի քրմեր,
Որ ամենից շատ հավատում եք
Ձեր երգի ամենազոր ուժին,
Ապա եղեք հզոր,
Ապա եղեք վսեմ,
Ապա թույլ մի տվեք,
Որ օտար մակույկները նավերի հավակնությամբ
Նավեն ձեր հավատքի վրա:
Դուք,
Որ բանաստեղծ եք,
Ձեր հավատքը,
Որ կարող է ուռչել
Լայնամռունչ հուզվող կրծքի նման.-
Դուք թողնում եք,
Որ նա-
Ձեր հավատքը
Այդպես մնա ուռած
Եվ – չպայթի:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Ամառ

Երանի օձիք ունենայի,
որ պատռեի հիմա-
Իսկ իմ հագին միայն իմ բրոնզագույն մաշկն է:
Նրանից ազատվելը անհնար է կարծեմ:

Թափթփված ձյուների նման
Ճերմակ սագերը ննջում են սեւ ցանկապատների տակ,
Եվ կարմիր – կտուցային տենդի մեջ
Երազում եմ շո՜գ
շո՜գ
շո՜գ,
Ամառնային կրակ:
Դա ցանկապատից այն կողմ
վազող ջրի կարոտն է,
Որ նրանց չունեցած ուղեղը նեղում է մոլորությամբ:



ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Այրված Շուրթեր

Իմ շուրթերին երբեք չի հասնում
Ծխախոտիս պլպլուն կրակը.-

Իմ շուրթերն այրված են:

Նրանք հասկանում են արեւի լռությունը,
Համբույրի կարոտը,
Եվ կարոտի լռության հանդեպ
Հրդեհվող իմ լռությունը:
Նրանք հասկանում են
Այս անձեւ,
Այս թանձր լռության բոցի մեջ
Իրենց ձեւավոր, ներդաշնակ թրթռոցը:

Իմ շուրթերն այրված են:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*

Երկու փոքրիկ շնիկներ,
Մի արու, մի էգ,
Լուսին էին գլորում
Տանիքներով թեք:

Խաղում էին իրար հետ
Մի տիրոջ բակում,
Իրար հետ նույն ամանից
Ջուր էին լակում:

Մի օր եկավ մի ծանոթ
Ու տարավ էգին.-
Պատեց վիշտը անամոք
Արու շնիկին:

Նա թափառում էր, լալիս,
Փնտրում էր էգին,
Էգը քնել էր հանգիստ
Նոր տիրոջ շեմքին:





*

Երեկ տխուր, այսօր ուրախ,
Ալիքի պես ծափ եմ տալիս,
Երեկ՝ դեպի անհայտություն,
Այսօր դեպի ափ եմ գալիս:

Լուռ ժպտում եմ փոքր ու մեծին
Կամ ծիծաղում խենթի նման,
Ինձ բաշխում եմ ավազներին
Անապատի գետի նման:

Ինձ բաշխում եմ անմնացորդ,
Իմ ժպիտներն ու՞ր են տանում,
Ծիծաղիս մեջ ամեն անցորդ
Հոգնած հոգին է լվանում:

Վաղը երբ որ մշուշ լինի,
Եվ արցունքներ ծնվեն ցավից,
Գուցե մեկը փոքրիկ մի կայծ
Ետ բերի ինձ իմ ծիծաղից:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*

Երկինքը սփրթնել է:
Ու հողը ճաքել է ցրտից:
Այս աշունը աշուն է եւ հին է բյուրապատիկ,
Այս աշունը աշուն է իր նոր օրորներով:
Ես քայլում եմ հանդարտ, հատիկ-հատիկ՝
Սեւ մայթերի դեղին ժպիտը տրորելով:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Զվարթնոց

Ինչպես բոլոր լավերն այս աշխարհում,
Քեզ էլ տառապանքով ստեղծեցին,
Հետո լցրին խունկով, բույրով արեւարյուն,
Հետո լցրին արեգնածին:
Հետո ավերեցին չստեղծողներ օտար:
Միշտ էլ կատակում է փիլիսոփա կյանքը...
Ուրիշների համար՝ դու պատմության վթար,
Իսկ ինձ համար .. մնաց միայն տառապանքը:



*

Զվարթնոցն է նորից, ավերակներ,
Եւ աշուն է նորից, որին աշուն,
Նույն պահակն է նորից, նրա կողքին՝
Դեղին մի շուն:
Տերեւները նորից թափառում են
Դատարկ հնձաններում,
Եւ հին մի ռոմանս երգում կտրատելով.
«Օ, կյանք, այս ի՞նչ ես դու...
Ներում.. ներում.. ներում..»:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*

Քամին՝ մելանխոլիկ ջուտակահար,
Քամին՝ դեղնաշշուկ, քամին՝ նարինջ,
Ամեն վայրկյան այստեղ՝ Զվարթնոցում,
Եւ ավերիչ է, եւ արարիչ:
Ավերում է դեղին շիրմաթմբեր,
Ստեղծում է նորը հեռվում մի քիչ,
Քամին՝ սարսա՜փ-սարսու՜ռ, քամին՝ թմբի՜ր,
Քամին՝ նարի՜նջ-նարի՜նջ...


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*

Դեղին տերեւներն հավաքել քամին,
Խորանն է լցրել տաճարի,
Հետո սուլում է մենավորի պես,
Մենավորի պես ինքն իրեն ասում,
Թե հիմա կրա՜կ, կրա՜կ կճարի,
Կրակ կվառի ու կտաքանա...

Արեւն իջել է եւ կիսակործան խորանի խորքում
Այն հին, հեթանոս հուրն է բորբոքում:



ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*

Ծառը ծառ էր ծնվել,
Ապրում էր ծառ,
Լիքն էր ամառներո՜վ, աշուններո՜վ, սիրո՜վ.
Դատարկ անկյունները լցված էին
Կապույտ ստվերներով ու երկնքով անծայր:

Բողբոջել էր ծառը,
Ուռել-բողբոջել էր,
Որ՝ ուր որ է, ահա, պիտի ճաք տա,
Պայթի
Ու դառնա երգ,
Քամին եկավ հանկարծ,
Քշեց երկինքները ծառի անկյուններից,
Հետո բողբոջները շոյեց մեկ-մեկ,
Հետո փսփսուքով համոզում էր ծառին,
Թե ՝ դու ծառ ես ծնվել,
Խուլ ու համըր մի ծառ,
Թե՝ իզուր է,
Լավ չէ,
Մի դառնա երգ:
Ու ձեռքերը հենած խավարի թաց կողին,
Ծառը մի խուլ ճչաց,
Եվ առաջին հերթին
Դարձավ անհուն մի երգ՝
Հենց իր ՝ քամու շրթին:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*

Քամիները բոլոր, քամիները բոլոր,
Ինձ թվում է թաքուն
Ամեն տարի մի օր,
Սուր-սուրալով, կամ թե
Փափուկ թավալգլոր,
Հավաքվում են մի տեղ
Քամիները բոլոր:
Եվ աշխարհի վրա, եւ աշխարհի վրա
Քարանում է հանկարծ
Հողը հազարամյա,
Ու քարերը քարե
Շնիկներ են դառնում,
Տիեզերքում մի մեծ
Լռություն է հառնում,
Ասես հողը մեկից
Երկինք է համբառնում:
Ուռուցիկ են դառնում
Եվ ծովերը բոլոր,
Օվկիանոսներն ամեն,
Որ խորքերից իրենց անհուն տագնապների
Մի ձայն, մի շշնջյուն,
Մի հառաչանք քամեն:
Եվ ուռուցիկ, կապույտ ջրերն իրենց վրա
Բարձրացնում են ճերմակ
Առագաստներ անթիվ,
Որոնք քամով լցված,
Ուռչում են անընդհատ
Ու լուռ քարանում են
Չսուրալու խանդից:
Եվ ուռուցիկ, թավշե շրթունքների վրա
Բառն ուռչում է՝ որպես
Բողբոջն ամենամեծ,
Եվ չի հիշում ոչ ոք,
Ոչ մեկը չի հիշում,
Թե ո՞վ իրենց այդպես
Համրությանը գամեց:

Եվ լարումի ցավից
Կտրատվելով անլուր,
Հանկարծ տիեզերքում Բանաստեղծն է ճչում,
Եվ սուրում են ծովում
Առագաստներ անթիվ,
Եվ պոկվում են շուրթից
Հնչյունները կպչուն,
Եվ լսվում է ՝ ինչպես
Հողի ամեն հյուլե
Արձագանք է հնչուն:

Նա ճչում է այդպես
Եվ ինքն արդեն չկա,
Նա ցրվում է կյանքի
Աչքերի մեջ ագահ,
Եվ նա չի էլ լինի,
Չի հայտնվի, մինչեւ
Այդ մեծ, սարսափելի
Լռությունը չգա:



ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*

Ամպերն իջել ահա ճերմակ կտուցներով
Նոր արթնացող հողի բույրերն են հոտոտում,
Փափուկ ծիծաղի պես ալի՜ք-ալի՜ք-ալի՜ք,
Օրորվում են դանդաղ Թարթառ գետի հովտում:

Ու դաշտն անիրական երազներ է ծնում,
Թե ուր որ է, ահա, քեզ կգրկի ծածուկ,
Կփաթաթի մաքուր մշուշների քողով,
Բաց կարձակի բոլոր կարոտներդ անձուկ:

Նա կբացի ահա քո մարմինը փակված,
Եվ դուրս կգան բոլոր տագնապներդ թաքուն,
Եվ մենավոր մի ծառ, թեկուզ եւ գլխատված,
Կտեսնես, թե ինչպես, միայն հենց քեզ համար,
Իր նոր, անկոտրելի ճյուղն է ճառագայթում:

Եվ խաբկանքը ահա հալհլում է կամաց,
Մշուշն ինքը իրեն դաշտի ծայրն է հրում,
Թրթռում է դաշտը մերկ աղջկա նման
Եվ լուռ գալարվում է կանաչ սարսուռներում:

Եվ թվում է, ահա, արդեն քանի տարի
Դու ընկած ես այդտեղ, հենց այդ դաշտի եզրին
Որպես անպետք արոր, կամ որպես հին գութան,
Եվ քո աչքի առջեւ
Արեգակը դանդաղ բացումն է կատարում
Իշխանական դիրքով մենավոր մերկ ծառի
Եվ նրա մե՜ծ, անհու՜ն, անծա՜յր ողբերգության:




ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*
Մեր հոգիներն անլույս ու կույր լապտերներ են,
Ճոճվում են ՝
Առաստաղից ներքեւ դատարկության,
Չգտնումի վայելքն օրորվելով: -
Պատերի մեջ թաղված,
Թախծից ժանգոտվում են
Լույսի կոճակները:


*
Կանգնած չեն տանիքները-
Նրանք նստած են պատերի վրա:

Կանգնած չեն պատերը-
Նրանք նստած են հողի վրա:

Եվ հողը նստած է մեռածների մարմինների վրա:

*
Պատերը պտտվում են շուրջս:
Զարմացած երգերը մեխվել են սյուների նման:
Թախիծը երկինք է դարձել,
Ապրելու երգեր է հանկերգում:

Փշրեցեք ձեր ներսում եղած պատերը,
Եվ ազատ,
Եվ ավեր մի աշխարհ կունենաք ձեր հոգում:



*
Կեսօր է: Միջօրե: Ու մարդիկ
Ավազին փռվել են այս տապին:
Իսկ անցնող ծովայինն, իհարկե,
Անտեղի, իզուր է կատակում...
Մի փոքրիկ աղջնակ ծովափին
Փշրվող ալիքն է հավաքում:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*
Դեռ առավոտ է, եւ ցողն ու շաղը
Ծաղկաթերթերին ժպտում են, լալիս,
Մի ալիք ճեղքում է շամանդաղը,
Մյուսը... կարելով է գալիս:
Ես ծովի ափին նստել, կարդում եմ
Լի-Բոի տաղը՝ աշնան մասին,
Եվ անցորդները տեսնում են հանկարծ
Ինձ՝ առանց պատճառի ժպտալիս:



*
Թռիր քամի շտապ անապատի վրա,
Տներ չկան այնտեղ, փողոցներ ու մայթեր,
Որ խանգարեն քեզ ու քո ընթացքը վայրի,
Ծիծաղելով ասեն քեզ անտուն ու անտեր:
Միայն պատմիր այնտեղ մի քիչ կյանքի մասին
Կոմիտասը երգիր, սուլիր Վագներ,
Թռիր շտապ, քամի, անապատի վրա,
Չէ՞ որ դու սիրում ես ավերակներ:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Ես ծնվել եմ

Ես ծնվել եմ,
Պիտի շռայլորեն ապրեմ,
Ապրեմ երկրիս բախտով,
Ապրեմ ձեզնով,
Ինձնով,
Ապրեմ, քանի դեռ կամ:
Իսկ թե պետք է մեռնել
Դավանանքի ճշմարտության համար,
Այդ դեպքում հավատը կուզեկուզ թող չգա
Մեր ետեւից,
Մեր կոխած հողում տրորվելով
Եվ երբեմն իմաստուն,
Հաճախ անիմաստ մեր խոսքերից
Օրորվելով:

Ես ծնվել եմ:
Պիտի շռայլորեն ապրեմ...
Իմ հավատը:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*
Ես մի ամբողջ գիշեր
առավոտվա մասին մտածեցի:
Կանաչ մասրենու մեջ
զարմանալի աշնան մեռած թփեր կային:
Մի մենավոր կաղնի՝
ժայռակողին,
մի հին,
մի խախքարի առջեւ,
կատակերգակ տեսքով ողբերգություն խաղաց: -
Մի խաչքարի ստվեր-
ու մի խաչքար՝ թաղված:
Մի մեծ կաղնու ստվեր-
ու մի կաղնի թաղված:
Մի հեթանոս երկինք-
անդալուզյան արեւից տաք.
Օ, դու արեւի մեջ վառված իմ Հայրենիք:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*
Մի բեկոր ժայռ պոկեմ,
Մի կտոր լերկ արեւ
Եվ ծամելով քայլեմ այս լեռներով:

Նայեմ գազաների խոնավ աչքերի մեջ,
Տեսնեմ արցունքների բնազդային ծնունդ
ժայռերի մեջ մեխված երազների համար-
Ննջեմ գազանների տաքուկ թեւերի տակ,
Նրանց սառն աչքերից սառը ջուր խմեմ-
Ու թե ոչինչ չկա իմ գոյության համար,

Մի բեկոր ժայռ պոկեմ,
Մի կտոր լերկ արեւ
Եվ ծամելով քայլեմ այս լեռներով:



Երեկո

Ճոճվեցին լապտերներդ:
Շներդ համբուրվելով անցան:
Կատուները թախծից կծկվեցին
տանիքներիդ վրա:
Երգերդ չերգված վերջացան:
Սանդուղքներից կախված ստվերները
ելան վե՜ր,
իջան ցա՜ծ,
հոգեցի՜ն,
քարացա՛ն: -
Սեւ նարնջի պես քամեցի ես գիշերդ,
Եվ ափիս մեջ մնաց դեղին մի արշալույս:



ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*
Մի քիչ բարձր,
ցածր
տանիքների վրա
թափվում է անձրեւը:

Կարմիր, դեղին, ճերմակ
տանիքների վրա
թափվում է անձրեւը:

Մի քիչ բարձր,
ցածր
դամբարանների վրա
թափվում է անձրեւը:

Մի քիչ բարձր,
ցածր
լռության մեջ
ու կիսախուփ ու փակ աչքերի մեջ
թափվում է անձրեւը:

Թափվում է...


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*
Վ. Սարոյանին
Ապրում է մեկը հեռու,
Հեռավոր մի ինչ-որ կղզում,
Լսում է նեգրական երգեր
Եվ հետո Գերշվին է լսում:
Եվ նայում է ծովին
Եվ հետո լռում է տարբեր,
Իսկ հետո, գլուխը քարը,
Սիրում է մի քիչ հարբել:
Եվ հետո նստում, քո լեզվով
Հայկական երգեր է գրում...
Այս հեքիաթը, Ջորջի, ամեն օր
Կրկնվում է հեռու քո երկրում:


*
Բաց, դուռդ բաց արա,
Բնազդն ինձ շուռ տվեց կանաչների վրա.
Ծառի արմատներից
Պաղ խշշոց էր ելնում նրա մարմնով վերեւ
Եվ թափվում էր տաք-տաք տերեւներից:

Բաց, դուռդ բաց արա.-
... Հետո ձմեռ եկավ
Ու ճերմակ խուփ դրեց
Կապույտ խշշոցներով քլթքլթացնող
Ծառաշխարհի վրա:

Բաց, դուռդ բաց արա,
Ձեռքերդ դիր վրաս,
Եվ թաղիր ինձ հողում,
Որպես արձագաքնով լցված անհուն կարաս:


*
Արդեն հիշելն իսկ դժվար է
Ձեր Պեգասին, հույնե՛ր,
Քանզի նա այսօրվա մեր թռիչքը չուներ,
Մեր սլացքը չուներ,
Lոկ իր սլացքի մեջ մեր հիացմունքն ուներ:
Բայց եւ...
Անհնար է մոռանալը
Ձեր Պեգասին, հույնե՛ր:


*
Տիեզերական մեր մեծ թռիչքներում
Կա խինդ համապարփակ,
տիեզերական,
Եվ կա հաղթանակի հաճույք
չվայելած,
Եվ ժամանակ՝ ընդդեմ ժամանակի
ելած:
Եվ մտածում եմ միշտ,
Թե գուցե կա նաեւ
Տիեզերական վիշտ:



ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*
Արեւամուտը...
Ինքը՝ արեւն է, արդեն քրքրված:

Ես խոնարհվել եմ ստվերիս վրա:
Այս իմ ստվերը
Ասես ածխացած իմ «եսը» լինի՝
Իմ առջեւ դրված:


Կեղեւվդ բաց արա

Բաց քո կեղեւը, ծա՛ռ,
Առ ինձ կեղեւիդ մեջ...

Անցան օրեր մեկ-մեկ,
Անցան օրեր զույգ-զույգ,
Ճաշակեցինք եւ սեր,
Եվ տառապանք, եւ սուգ:

Հոգնեցրին ինձ արդեն
Օրերը լայն ու նեղ,
Հոգնեցրին ինձ արդեն
Մեղավոր ու անմեղ,
Հոգնեցրին ինձ արդեն
Տխրությունն այս ցանցառ
Եվ կարոտներն այս խեղճ,
Դե բա՛ց կեղեւդ, ծա՛ռ,
Ա՛ռ ինձ կեղեւիդ մեջ:

Ա՛ռ ինձ կեղեւիդ մեջ.-
Այս անծաղիկ դարում
Ես կձուլվեմ քեզ հետ՝
Որպես փոքրիկ գարուն:

Որպես թաքուն թախիծ,
Տերեւներիդ խորքում
Ես կփայլեմ տխուր
Ու կմտնեմ խոր քուն:

Ու հողերը թե գան՝
Ինձ խլեն քո ձեռքից,
Ես կարթնանամ, ծառ իմ,
Կըորոտանք մեկից:

Ես կձգվեմ քեզ հետ,
Ես կճկվեմ քեզ հետ
Ու հողմերի ձեռքից
Ես կփրկվեմ քեզ հետ:

Ու մի թաքուն գիշեր,
Երբ բոլորը քնեն,
Ես քեզ կախարդական
Բառերը կըկրկընեմ.

Կերթանք կամաց-կամաց
Կելնենք թաքուն-թաքուն,
Ու քնի մեջ նրան
Կդարձընենք անքուն:

Նրա երազի մեջ
Կախարդական մի ծառ
Մարդկային ձեւ կառնի,
Կշնկշնկա կամաց
Եվ մարդկային լեզվով,
Որպես լեգենդ պայծառ,
Կարբառի նրան
Անհու՜ն, կորած մի սեր
Եվ մի կարոտ անծայր:

Հետո կամաց-կամաց,
Ցավով մեր շողշողուն,
Որպես կոփրած տեսլիք,
Մենք կթաղվենք հողում:


*
Ոչ աստղեր, ոչ լուսին երկնքում,
Ներքեւում խշշոցն է զայրագին,
Իմ կողքին աղջիկը իմ սիրած
Վարսերը նետել է իմ դեմքին:
Եվ ինչ-որ երազկոտ հոգիներ
Նետվում են ծովի մեջ, որ նավեն,
Իսկ ջարդվող ալիքներն ափերին
Դառնում են մետքսե ժապավեն:


*
Ապրում ենք իրար հետ, ապրում ենք,
Դու՝ քո խոհերով, ես՝ իմ,
Գգվում ենք, իրար հետ համբուրվում ենք,
Սիրու՞մ ենք իար, եսի՞մ...
Լուսինը արծա՞թ է, ոսկի՞ է,
Թե՞ պլատին է ամենաթանկ,
Կարեւորն այն է, որ լուսին է,
Եվ չի մեռնելու անհիշատակ:


*
Դու ինձ գրկեցիր ամուր եւ ամուր,
Ինչ-որ կյանք առավ երազը, սուտը,
Մեր միջեւ մութը ճմլվեց, ճչաց,
Եվ աչքերիս դեմ փշրվեց մութը:
Փշրվեց, ընկավ մեր ոտքերի դեմ,
Իսկ մենք նայեցինք համր ու զարմացած,
Թե ինչպես այդքան աստղեր, երազներ
Երկնքից հանկարծ շառաչել են ցած:


*
Կապույտ լուսինը դարձավ շողարձակ,
Եվ գիլ ու գլոր, եւ գիլ ու գլոր.
-Գլորվեց, ընկավ գիրկդ համարձակ:

Մարմարեղենը համբուրեց կուրծքդ
Եվ դողաց ինքը, եւ դու դողացիր.
-Ես ապրում էի մի սառը ձանձիր:

Ծառերից պոկված ստվերները սեւ
Ձգվեցին գայթող վեղարների պես.
-Ես տամուկ ձեռքս երկարեցի քեզ:

Ապա ոտքերս քայլեցին անխոս,
Մութն ալիք-ալիք առջեւս էր հոսում,
Եվ ծուլագնա «զըրը՜նգ» հա «զըրը՜նգ» .
-Գիշերապահի երգն էր աղերսում:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*
Ես կանգնած էի, դու գնում էիր.
Եվ աչքերս էին լուռ խոնավանում,
Եվ իմ բիբերը՝ սեւությամբ փայլող,
Արցունքով թրջվում,
Ավելի էին արդեն սեւանում:

Քամին՝ քո չքնաղ համբույրը շրթին,
Ծիծաղում էր ու շուրջս թեւածում,
Իսկ թարթիչներս բիբերիս վրա
Արցունքե կապույտ քող էին գործում:


*
Ճերմակ գիշերներ, բարի գիշերներ,
Գիշերներ վշտի, կարոտի, լացի,
Իսկապես մի քիչ անէ ու անգո,
Իսկապես լրիվ, լրիվ կանացի:
Իսկապես. դուք ի՞նչ պիտի լինեիք
Առանց աղջկա, առանց սիրածի:


*
Շուշանը նստել է պատուհանում
Կուրծքը կիսաբաց,
Ու նայում է ցած:
Ես կանգնել եմ ներքեւում, մայթին,
Վերեւ եմ նայում հիացած:
Ու մտածում եմ. ինչ չքնաղ ես, Շուշան,
Քո իրանով թեթեւ, քո կրծքով կիսաբաց՝
Երկնքին ու հողին միացած:


*
Հազար երանի եւ հազար ափսոս
Այս խրախճանքին ու վայելումին,
Այս ափսոսանքին,
Նրա չերկարող հավերժությանը, -
Հազար երանի եւ հազար ափսոս:


*
Գիշերը խորանում է:
Տերեւների վրա ծանրանում են ցողի կաթիլները
Եվ աչքերիս գլորվում են ցած:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*
Ուռած, արցունքաթաց կոպեր՝
Վարագույրներ ծանր,
Որ իջնում եք հլու,
Որ իջնում եք ինչ-որ ճշմարտության
Հրապույրը մենակ վայելելու:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*
Պառկած եմ ահա,
Եվ հրապույրդ՝ ըմպում եմ անհագ.
Եվ կրծքիս վրա կռացել ես դու
Այն խորհրդավոր զգացմունքի պես,
Որ ունենում եմ մենակ ժամանակ:



ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*
Ինչ-որ բամբասանք են գտել
Եվ գլորում են իրար
Այս գիշեր հովերը, -
Աչքերդ հառել ես վրաս,
Եվ լուսնի վրա
Տեսնում եմ ես իմ ստվերը:


*
Ես չէի կարող չհաշտվել արդեն
Խաբեությանդ,
Եվ խաղաղ եմ կարծես, արդեն խաղաղ:
Ինչ-որ մեկը ծուլորեն ծամում է մի երգ,
Ու գիշերը դարձնում միապաղաղ:



ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*
Տերեւը ընկնում է:
Լուսինը հեռանում է ձանձրույթով:
Եվ մարում են արդեն իմ ուժերը:

Ինձ կորցնելը հեշտ է քեզ համար,
Միայն թե... չկորցնես այս գիշերը:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*
«Աշունը տխուր լալիս է դրսում» .
Սովորական խոսք, սովորական երգ:
- «Ծառերը մահվան շնչից են մրսում» .
Հնացած թախիծ ու հնացած վերք:
- «Աղջիկը մերժեց, որ նորը ճարի» .
Գերագույն ցավեր, հնացած երազ-
Հնի պես գալիս, աշնան հանճարի
Մռայլ թախիծը իջնում է վրաս:



ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*
Օրերս անցան իրար ետեւից
Կամ իրար հեծած,
Ես, որ իշխողն եմ նրանց ընթացքի,
Գլորվեցի ցած:

...Ի՜նչ տխուր է այս պատմությունը հին,
Եվ ինչ խորազդու.
Բոլորն իմացան, որ սիրում եմ քեզ,
Չիմացար լոկ դու:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*
Փակում եմ աչքերս,
Փակում եմ շուրթերս,
Եվ փակում եմ ինձ ինքս իմ մեջ,
Որ ներսում պահեմ կարոտ ու հառաչ:
Դու հպվում ես ինձ
Եվ բոլոր փակերս դողում են
Շոյանքիդ զորության առաջ:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*
Ինչ-որ տեղ հիմա,
Ինչ-որ ժայռերի տաք ողնաշարում
Պահել են գուցե սեւ ադամանդներ:

Դողդոջ ձեռքերով
Բռնելով մութի պարանը հոսուն,
Քայլում եմ անքուն գիշերվա միջով
Եվ հանգույցներ եմ արձակում անվերջ
Սեւ-ադամանդե շղթաների մեջ
Կանգնեցընելով լուսեղեն մի սյուն:

Մութ հանգույցների անվախճան գիշեր,
Իմ պայծառ սիրո հաղթության երազ.-
Ու՞ր էր, թե կայիր,
Ու՞ր էր՝ ծաղկավոր շորերդ հագիդ
Կանգնեիր ուղիղ իմ ճանապարհին
Եվ ամփոփեր թեւերդ վրաս
Ծիածանագույն կամարների պես,
Որտեղից պիտի ես ներս մտնեի
Որպես ուխտավոր ու հավատացյալ
Եվ քո սեփական խորանի խորքում
Համբուրեի... քեզ:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Այդ բոլորը վերհուշ է

Եթե ձյուն է գալիս,
Եթե սպիտակ ձյան մեջ
Սեւ մեքենաներ են պառկած
Իմ պառկած սիլուետի նման, -
Այդ բոլորը – վերհուշ է:

Եթե իմ դեմքի մազը
երբեմն աղվամազ է,
Եթե ոտքերս երբեմն ծուռ են,
Քայլելիս սայթաքում եմ ես,
Այդ բոլորը – վերհուշ է:

Եթե լացել եմ ես քեզ համար,
Եվ արցունքներիս մեջ կապույտ
կրակներ են եղել, -
Այդ բոլորը – վերհուշ է:

Իսկ ինձ համար – ուշ է,
Իսկ քեզ համար – ուշ է:

Ծառերի մեջ գլորվող լուսնի ետեւից
Գլորվում է թեւավոր մանուկների մի խումբ:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*
Դու՜,
Գտնված մի երգ,
Որ ամբողջ մի գիշեր
թափառեցիր ինձ հետ փողոցներով փափուկ,
Մենք իրար հետ անցանք
այս աշխարհի բոլոր պատուհանների միջով
Ու դռների միջով անցանք,
Անցանք բազմատեսակ հրաշք-
գաղտնիքների միջով,
նաեւ ճշմարտության միջով անցանք.-
Անցանք բոլոր աղջիկների վերմակների տակով,

Աշնան գույների մեջ մոլորեցինք իրար,
Մոլորվեցինք աշնան դեղիններում,
Հետո գտանք իրար,
Հետո նվաղեցիր դու շուրթերիս վրա,
Որպես գիշերային մեր մեղքերի ներում:
Հետո կաթիլ-կաթիլ դու կաթեցիր ներքեւ իմ
շուրթերից,

Դու ծաթեցիր ներքեւ՝
Ռեկլամների կտրուկ լույսով բանված,
Եվ անտեղյակ նրանց միշտ մարմրող կյանքին-
Ու հեռացա ես քեզ մայթի վրա թողած,
Գիշերային լքված իմ սեր,
Իմ գտնված, գիշերային իմ երգ:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

*
Եվ անցնում է այսպես պահը, ժամանակը:
Մարում է լուսինը:
Ձեռքերս դողում են քո թույլ հպումի զորությունից,
Մշուշոտ տենդի մեջ վառվում են աչքերդ,
Ինչպես իր ծխով քողարկված կրակը:


*
Սրնգահար լուսնի կապույտ սրնգահար,
Դե լուսինը վայր բեր իմ ծնկներին,
Դու նվագիր հանդարտ ու տրտմասույզ.-
Ես մատներս խառնեմ լուսնի վարսերի մեջ,
Այնքան, մինչեւ ձուլվեն ու դառնան լույս:


*
Իմ ձայնը՝ անմարմին, անգլուխ,
Իմ ձայնը՝ դողդոջուն շրթունքներ.-
Ակունքներից ծնվող մառախուղի նման
Իմ ձայնը փնտրում է քո մանրիկ ականջները:
Եվ մատներս՝ աննյութ ու թափանցիկ,
Եվ մատներս՝ տխուր ճառագայթներ,
Փնտրում են, որ փակեն քո մանրիկ ականջները,
Որ փակեն,
Չլսես
Զարհուրանքը ձայնիս,
Մոռանաս կարոտի արեւոտ առասպելը:
Եւ այնժամ քո սրտից,
Ինչպես խուլ անձավից,
Կլսես աչքերիս մռունչը անձրեւոտ.-
Կդողա մարմինըդ,
Կդողան շուրթերդ,
Եվ շուրթերիդ վրա՝
Ակունքներից ծնվող մառախուղի նման,
Իմ ձայնը կդառնա ցող,
Ու... կդողա:


ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ

Հասմիկին

Երբ ուրիշ կլինեն օրերն արդեն,
Երբ ցնդած կլինեմ ցնորքի պես,
Բիբերիդ խոնավ ճանապարհով
Ես անակնկալ կմտնեմ ներս:

Մի օր իմ դարձի անհույս պահին
Կբացես դուռն՝ իմ հուշի դիմաց,
Կդողան մատները քո երկնային,
Կդողան սերերը մատներիդ մեջ,
Չկորցրած ու չգտնըված:

Դու մեղմ կթեքվես իմ տողերին,
Ինչպես որ լքված հուշն են կարդում,
Եվ մի կողմ թողած խոհ ու տարիք,
Մի կապու՜յտ-կապու՜յտ ակնթարթում
Կհառաչես դու հազար անգամ,
Ինչպես հազար կողմից խուժող ալիք:

Քեզ ընդառաջ, ոնց կապույտ միրաժ,
Իմ պատկերով իմ ձայնը կգա՝
Լքված խոհերից ու աշխարհից,
Հասմի՜կ, Հասմի՜կ, Հասմի՜կ, - խու՜լ կզնգա:

Եվ հնչյունները մանրահատիկ
Քո ամեն ներվից կարձագանքվեն,
Եվ ես կլցվեմ կողերիդ մեջ,
Որ անդառնալի փակվե՜մ, փակվե՜մ:

Եվ ես չեմ ելնի էլ ոչ մի օր,
Ոչ մի ակնթարթ չեմ լքի քեզ,
Քո կողերի մեջ կննջեմ խոր
Սիրահարի ու մեռյալի պես:

Եվ ոչ մի աղետ, ոչ մի մրրիկ
Ինձ քո կողերից էլ չի հանի,
Ավեր աշխարհում կշրջենք մենք,
Որպես առասպելից պոկված քամի:


*
Ես քոնն եմ հիմա, ես քոնն եմ, քոնն եմ,
Քո մարմարակերտ թեւերինն եմ ես,
Քո սեւ մազերի թելերինն եմ ես,
Քո մարմնի բոլոր ձեւերինն եմ ես,
Եվ ուզում եմ, որ ինձ հիմա գրկես,
Գրկես ու այնպես սեղմես քո կրծքին,
Որ էությանդ ձուլվի իմ հոգին:
Եվ ես մոռանամ, որ աշխարհը կա,
Կան ուրիշ կանայք, կան ուրիշ երգեր
. . . . . . . . . . . . . .
Եվ կան այդ կանանց գուրգուրող ձեռքեր:

*
Չկա՛,
Չի՛ լինի,
Էլ չի՛ լինելու
Իմ սիրո համար
Հին ոգեշնչման տանջանքը անսուտ:
Ուրիշ մի սեր է թպրտում հիմա
Իմ կորած սիրո կորստյան համար: -
Սակայն օրերս էլ չեմ դարձնելու
Տառապանք ու սուգ՝
Ինքնապաշտպանման փշերը վրան.-
Ես հնարել եմ մի գետ՝ Արտասուք,
Եվ վախենում եմ կորցընեմ նրան:

Ես հնարել եմ մի գետ – Արտասուք –
Եվ վախենում եմ կորցընեմ նրան,
Իմ գետի վրա ղողանջում է լուռ
Իմ հին օրերի ցոլքը հուրհրան,
Գետիս ափերին թավշե հիրիկեր
Օրոր են ասում բույրով անանուն,
Գետիս ափերին ոսկե իլիկներ
Երգերիս համար
Ծաղկաթերթերից
Թելեր են մանում-
Իմ գետը այսպես գնում հանդարտիկ,
Ինքն իր հետ անգամ չի ուզում խոսել,
Գետիս ափերին շրջում են մարդիկ
Եվ արարում են տառապանք ու սեր:

Եվ աղերսում են փրկության լույսեր,
Եվ երազում են ցոլքը աստղերի,
Եվ ծաղկեցնում են անծաղիկ հույսեր,
Որ իրենց ցավին ամոքում բերի:

Անծաղիկ հույսեր, անծաղիկ երազ,
Եվ համատարած ծաղկած լռություն, -
Իմ գետը այսպես գնում հանդարտիկ,
Գնում է դեպի անսահմանութուն:

Իմ գետի խորքում իմ աչքերը զույգ
Սիրո մարգարիտ փնտրելով կորան, -
Ես արարել եմ մի գետ – Արտասուք –
Եվ վախենում եմ կորցընեմ նրան:

Ոչինչ չի լինում աշխարհում այնպես,
Ինչպես որ գետը մենավոր ու ծույլ,
Ինքն իր հառաչից խլացածի պես
Անվերջ քերում է իր ափերը ծուռ:

Աննկատ ցավով քերում է անվերջ
Անհավատալի մի մեծ տրտմություն.-
Անհայտ ճամփեքով, անանուն մի գետ
Գնում է դեպի անսահմանություն:


Բառը

ԻՆչպես արեւի շողը բռնելով,
Կենդանանում է թրթուրը քնած
Եվ խլրտում է տաքուկ փոշու մեջ,
Այդպես Հանճարի ճառագայթի տակ
Արթնանում Բառը
Եվ տաք խլիրտով
Շարժվում է դեպի հավիտենություն:

Զգացմունքների խեղդող ալիքից
Բառն ինքը, ահա,
Խոստովանանքի համար է ծնվում,
Ու թեեւ նրան մանրում են մարդիկ
Շահատակության շուկաների մեջ,
Սակայն ինչ-որ տեղ՝
Հոգու ծալքերում իմաստունների,
Ապրում է Բառը եւ անվերջ թրծվում:

Հավատամքը – Սեր,
Տառապանքը – Սեր...

Ես նստել էի
Բառի մենավոր քարանձավի մեջ,
Եվ Բառը հազար տխուր աչքերով
Լալիս էր վրաս, -
Ես չգիտեի,
Որ դու մոմերդ կվառես մի օր՝
Բառի խորքերը լուսավորելու,
Եվ լռության մեջ կթողնես, գնաս:
Ես չգիտեի...
Եվ Բառը հիմա քայլում է հոգնած
Բառերի անծայր քարավանի մեջ,
Եվ տխուր է նա, ձանձրացած մի քիչ
Եվ աննվաճ է, եւ քնքշորեն խեղճ:

Եվ ինձ թվում է՝ նրա ստվերը
Բոլոր կողմերից
Քշում են վայրի ուրուրներ հազար.-
Գիշակերների՜, անտաղանդների՜ ստրուկն է Բառը,
Նա Հանճարին է միայն հավասար:

Եվ քանի դու կաս, ամեն գարնան հետ,
Ինչպես արեւի շողը բռնելով
Կենդանանում է թրթուրը քնած,
Եվ խլրտում է տաքուկ փոշու մեջ,
Այդպես Կարոտիս ճառագայթի տակ
Արթնանում Բառը
Եվ տաք խլիրտով
Շարժվում է դեպի հավիտենություն:


*
Ջրերը կակաչներ են ուտում,
Խոհերը քանդվում են գուղձերով.
Անցնում են քամիները կապույտ՝
Հուշերի տագնապներ հնձելով:

Մանուկներն՝ աչքերում թիթեռներ,
Ծաղկավոր ցուլեր են քշում դաշտ,
Բզեզներն արթուն են ամեն օր,
Գագաթներն հավքեր են ձյունապաշտ:

Անանուն ցավերի ճամփորդներ՝
Ջրերը կակաչներ են ուտում.-
Գիշերով մենք սերը կորցրինք,
Ցերեկով փնտրում ու չենք գտնում:

Հեղինակ` Armenak Avetisyan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Armenak Avetisyan
21:02, 07.01.2018
8397 | 0
դեպի վեր