ԱԲՍՈՒՐԴ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ Գլխավորն արդեն արված է: Ես արդեն ունեմ մի քանի ճշմարտություն, որոնցից չեմ կարող հրաժարվել: Ես ընդունում եմ միայն այն, ինչ գիտեմ, ինչին հավատում եմ և ի վիճակի չեմ ժխտել, անտեսել: Իմ անորոշ թախիծով ապրող էությունից կարելի է հեռացնել ամեն ինչ, բացի միասնականության ցանկությունից, վճռականության ձգտումից, պարզության ու կապակցվածության պահանջից: Ես ի վիճակի եմ ինձ շրջապատող, նյարդայնացնող, ինչ-որ տեղ տանող աշխարհում մերժել ամեն ինչ, բացի այս քաոսից, բացի վերին պատահականություններից ու անիշխանականությունից առաջացած աստվածային հավասարակշռությունից: Ես չգիտեմ՝ աշխարհն ունի արդյոք իրեն գերազանցող իմաստ, բայց գիտեմ, որ ինձ հայտնի չէ այդ իմաստը և տվյալ պահին անհնար է իմանալ: Բայց ինչ արժեք ունի ինձ համար այն իմաստը, որ իմ ընկալման շրջանակից դուրս է: Ես ունակ եմ հասկանալու միայն մարդկային արտահայտությունները, այն, ինչին ձեռք եմ տալիս, ինչը դիմադրում է ինձ: Ինձ հայտնի է նաև, որ ի վիճակի չեմ հաշտեցնելու երկու հավաստիություններ՝ բացարձակի, միասնականության իմ ձգտումը և այս աշխարհի անհամատեղելությունը ռացիոնալ ու տրամաբանական սկզբունքներին: Ուրիշ ի՞նչ ճշմարտություն կարելի է իմանալ առանց ինքնախաբեության, հույսի միջամտության, որ ես չունեմ և որն ավելորդ է իմ իմացության սահմաններում: |