ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +10 °C ... +15 °C Վաղը`+20 °C
ՔՈ ՁԻՆ ՈՒՐԻՇ Է /պատմվածք/
06:48, 04.04.2017
10088 | 0

Համզեին դարձյալ հիվանդանոց են տարել, ու տունը մնացել է Մերուժի ուսերին: Սաթենիկ տատը քանի՜ գիշեր նրանց տանն է քնում, քույրը՝ Ծովոն, կողքին է, փոքրերն ամեն հանձնարարություն անտրտունջ կատարում են, բայց Մերուժը, մեկ է, հանգիստ չունի: Հիմա էլ եղբայրներից եկուսին ճամփել է Տերտերի ձորից ջուր կապելու, իսկ ինքը ձեռնասայլակն առած՝ հասել փուռ: Եթե այսօր էլ ալյուր չտան, հացի գործը լուրջ է: Ալրաղացը բուլդոզերի տակ տվին, խանութում ավելի հաճախ դատարկություն է, ու շատ ժամանակ մնում են փռի հույսին: Հացթուխը պատվիրել է ուշ ժամի գալ, այն հաշվով, որ գյուղամիջում անցուդարձը պակասած լինի: Հայրը փողը՝ քսան ռուբլի, ձեռաց է տվել, թե չէ Մերուժին բանի տեղ դնողն ո՞վ է: Վարոսը երեկ չորս ժամի չափ պահեց, վերջում, թե՝ մնա էգուց: Այսօր էլ նույնն է: Տնաշենը գոնե բան ասի: Լուռումունջ իր գործին է, կաս-չկաս՝ հաշիվ չէ: Գրկում է պատի տակ դարսած պարկերից մեկը, բերում մարդահասակ տաշտերի մոտ ու դանակի բերանով կապը քանդելուց հետո շուռ տալիս մեջը: Հետո թողնում է դա, սկսում թափվող խմորը կոկել: Հնոցը գվվում է, բոցը սողում աղյուսներն ի վեր, շոգ է, մազութի, թթխմորի հոտը բռնել է սրահը: Մոտենալու համար Մերուժը պետք է շրջանցի մեծ ու փոքր տաշտերը, ջրի տարողությունը և անպայման բարձր, բղավոցով խոսի, այլապես ձայնը կուլ կգնա: Մտքում արդեն հազար անգամ ասել է՝ այ Վարոս, հոգնել եմ կանգնելուց, մի պարկն ի՞նչէ, տուր գնամ: Փռի առաջ հավաքվածների՞ց ես վախենում - մերոնք են, էլի, կարծես չեն ճանաչում, չգիտե՞ն, որ Համզեն հիվանդանոցում է, ու մեզ հաց է պետք: Խանութի՞ց. պատրաստին թանկ է նստում: Հոր ստացածը վաթսունհինգ ռուբլի է, ծերը ծերին չի հասնի, եթե օրը մեկ ու հիսուն հացի տան:

Վարոսը մոտեցել հնոցին, պտտում է փականներից մեկը: Թշշոց է լսվում, շարժիչի ձայնը թուլանում է, օդի պակասից բոցը գունափոխվում: Էլի պարուրել է աղյուսները, սակայն հիմա պրկած պարանի պես չէ: Հնոցի պատերը ևս, որ, թվում էր, շիկացել, թափվում են, սևին են տալիս: Միայն բոցին մերձ աղյուսներն են կարմիր: Հացթուխը կարգավորում է օդի, մազութի հոսքը, և փուռը վերստին ժխորով է լցվում: Նշանակում է՝ մազութը պիտի դեռ ծորա, կրակն ուտի իրեն, մինչև քարերը կարմրատակեն: Հետո նա կպտտի փականը, մեկ անգամ ևս կմաքրի հնոցի շուրթերն ու կաղապարները, որոնք մինչ այդ ներսից յուղած պատրաստ կլինեն, տակը բռնած խմորով հանդերձ կհրի խորքերը:

Վարոսը ծխախոտ վառելուց հետո ուղղվեց դռան կողմը: Մերուժը ճամփա տվեց: Մերկ մարմնին հագած խալաթը տեղ-տեղ թաց էր, քրտինքի կաթիլները ցողի պես նստել էին կրծքի խռիվ մազերին, ծնոտի փոսիկում, ճակատին: Նա երկար մնաց, և Մերուժը մենակությունից նեղված՝ մղվեց դուրս: Թեթև տագնապում էր. հանկարծ ու Վարոսը միտքը փոխի: Դուք՝ ձեր փողը, -ասի, - սա խանութ չէ, իրավունք չունեմ, որ բռնվեցի, ո՞վ է տերս, ազատողը:

-Քո՞նն է, -սանդուղքի տակ թաքցրած հոպնակի ուղղությամբ ծխախոտի մնացուկը շպրտելով՝ հարցրեց հացթուխը:

Մերուժը գլխով հաստատեց:

-Մենակ կկարողանա՞ս, -ու չսպասեց պատասխանին, -մեկին հետդ բերեիր:

Նա փուռ մտավ: Տղան երկընտրանքի մեջ չգիտեր՝ հետևից գնա, թե՞ սայլակը մոտեցնի: Վճռելով, որ տրամաբանականը երկրորդն է, անաղմուկ հանեց սայլակն ու դիմացի ճաշարանից եկողների աչքով չընկնելու համար կանգնեցրեց ստվերոտ մասում: Ընթացքում դատարկ դույլերն ուսած կանայք անցան. բանջարեղենի մգլահոտ խանութից էին դառնում, մեքենա կանգնեց հեռվում: Ուրիշ շարժում չկար: Դռների մեջ երևաց Վարոսը՝ պարկն ուսած: Նկատելով բեռնատարը՝ դադար առավ, սպասեց, մինչև վարորդը մտնի ճաշարան, ապա, բազրիքը հենարան գործածելով, իջավ:

-Գողտուկ գնա, չար աչք չտեսնի, -տեղավորելուց հետո հևոցով զգուշացրեց:

Մերուժը գիտեր՝ դժվարը հոպնակը տեղից շարժելն է ու, որպեսզի հացթուխի մոտ խայտառակ չլինի, խղճալի տեսք չունենա, ոտքով վաղօրոք դեն էր հրել անիվի առջև ընկած քարերը: Արտաքուստ անփույթ, իրականում ուժը ոտքերին ու բազուկներին տված՝ կտրեց բեռը: Դաստակները վայրկյան անց լարվեցին, խոշորահատիկ ավազը կրճտաց անիվի տակ, ականջներում, այնուհետ խավարը գրկեց տղային, ձեռնասայակը՝ բեռով:

Դիմացն ինչ-որ տեղ առուն էր: Եթե դա ևս անցավ, մնացածը հեշտ է: Ցնցումներից, ճիշտ է, դարձյալ կթվա, թե թևերը պոկվում են, աղմուկից թմբկաթաղանթները պատռվում, և աշխարհը մի բարալիկ անիվ է ու կռիվ ճամփացից քարերի, փոսերի, թմբերի հետ, բայց դրանից դեն թեթև վայրէջք կսկսվի: Անցնելիք ուղին մտովի բաժանել է հատվածների ու կեսից շատը թիկունքում թողել: Երեսուն մետրն առաձնակի տարածություն չէ, սակայն գիշերով՝ այն էլ նման և բեռով՝ լիքը պարկ ալյուր ու սայլակով՝ իր քաշից ծանր, հետն էլ անհարմար…

Մերուժը դադար տվեց: Այնքան խավար էր, որ բեռը կորցնելու երկյուղից չհանդգնեց քայլ անել, տեսնելու՝ ջուր հոսու՞մ է, մինչդեռ ճշտել հարկավոր է, թե չէ, մեկ էլ տեսար փորձանք եղավ: Գոնե եղբայրներից մեկնումեկը հետը լիներ: Կօգներ, անիվի առաջ հանկարծաբար հայտնված քարերը կհեռացներ, ուժ կտար: Իսկ հիմա սխալվելու իրավունք չունի: Տեսնես ու՞ր են, ջուրը կապեցի՞ն: Օգոստոսի վերջն է, մրգահաս: Չգայթակղվե՞ն հանկարծ, սրա-նրա ծառը ելնեն: Էլ չեն նայի՝ մայրը մեռած է, Համզեն՝ հիվանդանոցում, շան ծեծ կտան:

Մերուժն ինչպե՜ս չի ուզում սեպտեմբեր գա, դասերն սկսվեն: Գիտի՝ տետր պիտի առնվի, շոր չունեն... Հայրը թեև պատվիրել է չանհանգստանալ, ասել է՝ Պարույրը կգնի, բայց էլ ե՞րբ: Դասերին մնացել է երեք օր, ավելի քիչ՝ երկու - երեսունմեկին դպրոց պիտի գնան, դասարանի տեղն ասեն, դասացուցակը: Ենթադրենք, մի օրն էլ խույս տվին, չնայած, միևնույն է, համոզել չի լինի, լացուկոծերը կդնեն, բա հետո՞:

Պարույրին մեղադրել չի լինի: Շրջկենտրոնում է ապրում՝ նոր տուն, ամեն օր հիվանդանոց՝ Համզեին տեսնելու պիտի գնա, Երևանից է բժիշկ հրավիրել: Իհարկե, ժամանակ չի ունենա: Վերջնական որոշել է՝ եթե վաղն էլ եղբայրը տասներկուսի ավտոբուսով չեկավ, ինքը կգնա: Տատը նույնպես համամիտ է, ասել է՝ Համզեին հաց կդնեմ, իրիկունը Թորոսին վառեկներից մեկը մորթել տվեց, մածնի սերը քանի՜ օր երեսից քաշում պահում է: Ճաշի կարտոլն իզուր արևմտոցին չքանդեց: Հիմա Արան ու Գալեն ջուրը կապել են մարգերին, դե եկ ու ցեխից ջոկիր: Ոչինչ, կարևորը ջրելն է: Եթե ևս մի ջուր հասցնեն տալ, հերիք է, ահագին բերք կլինի, գարուն կհանեն: Սուրբ Նախավկա, մենակ Համզեին բան չլինի: Քույրը՝ Ծովոն, Արուսից հետո սովորելու չգնաց, հոր, եղբայրների սիրու իրեն զրկեց, հիմա էլ ի՞նքը: Սուրբ Նախավկա, կրկնում է՝ դու ապավեն, օգնական, ուղեցույց, ամեն մեկից /շատ են/ մի երեք տարի առ, Մերուժից, թե քիչ կհամարես, հինգ, տասը, տուր Համազասպ հորը, թող ոտքի ելնի, տուն գա: Անծնող չթողնես: Աշխարհում, ինքդ առավել լավ գիտես, չարը շատ է, զորեղ, թև-թիկունք եղիր, չսխալվեն, մինչև…

Հանկարծաբար աղմուկ լսվեց, լուսարձակների շողքերը ողողեցին ծուռտիկ որմնապարիսպները, փողոցին հակված սաղարթը, և Մերուժը խուճապով հազիվ ճամփից հանեց ձեռնասայլակը: Հասցրեց տեսնել ջրի փայլն առվում, ապա մեքենայի առջևի դողերը տակով տվին այն, ոստնեցին թմբին ու զրխկոցից, ջրի ցայտերին հաջորդած դղիրդից նա գլխի ընկավ, որ բեռնատարն անցել է խանդակը: Մոտ գնաց: Ոտքի տակից եկող չլմփոցն հուշում էր, որ անվադողերը քանդել են առուն, ու ջուրը հիմա փողոցն ի վար է հոսում: Կանցնեմ, հետո նոր շուռ կտամ, -որոշեց: Առուն լայն էր, ու նա հանեց կոշիկները. բեռով ոստնելու հնար չկար: Նույն այդ տեղում տարիներ առաջ Պարույրի ուժը չպատեց, կորցրեց հավասարակշռությունը, և պարկն ալյուրով շրմփաց ջուրը: Մերուժն աղոտ հիշում է՝ հետն էր: Պարույրն իր այս տարիքից այն օրերին փոքր պիտի լիներ, երևի, տասներեք-տասնչորս տարեկան: Դարձյալ ամառ էր, թե՞ գարուն: Ալրաղացն այն ժամանակ կար: Աղացպանը վերին թաղից էր, անունը չի մտապահել:

Աչքին եկան պատերի տակ, ոտքից հեռու անկյուններում մինչև առաստաղ ջերկած ջվալները, ալրաթաթախ մարդիկ, հսկա աղացքարերը, փայտե քառանկյուն ողոնը, որ իրենից բարձր էր, ուստի Պարույրին րոպեն մեկ խնդրում էր ուսերին առնել՝ տեսնելու ցորենհատիկի սորելը: Եղբոր տարածը կես պարկից փոքր ինչ շատ էր, բայց ստիպված էին համբերել, մինչև եղածը պրծնի: Ապա հերթից դուրս իրենցը լցրին: Երանելի պահ, որը, ափսոս, կարճ տևեց: Ինքը ձեռքը շռոթի տակ էր պահում, եղբայրն իր հերթին չսպասելով ալյուրն արկղի տակն առնի՝ փայտե թին դեմ էր անում շիթին: Վերջում նա հատուկ այդ նպատակով պահվող մորթու կտորով մեծի պես ավլեց արկղը՝ դիտմամբ պահը ձգելով, որպեսզի մի ճանկ ալյուր ուրիշի հաշվին լցվի: Եվ աղունտիրոջն է հիշում, որ չկարողանալով զսպել իրեն՝ դիտողություն արեց, թե՝ հերիք է: Անուշ հոտ կար աղորիքում, ալյուրը տաքությունը տվել էր արկղի ողորկ փայտին, ալրափոշին անտես, հուշիկ մաղում էր, մի տեսակ խուլ էին ձայները, ասես ձյուն թափվելիս լիներ՝ մանրահատիկ: Անկյունի մաշված աղացքարին բացած օղու շշի կողքին դաստած կանաչ սոխը խեղճացել էր ջրաղացպանի բեղերի պես:

Թրջված, ցեխոտ ալյուրն այդպես էլ բանի պետք չեկավ, իսկ օրից հուշը մնաց՝ վրան ճերմակ քող, որն ահա մթնով անսպասելի այցել էր Մերուժին: Հետո, երբ տարիները շերտ-շերտ դարսվեն մեմեկու վրա, նույնը հեռվից կրկին պիտի խարշատի սիրտը, տրորի, բայց և ջերմացնի՝ կյանքի մայրամուտն ու ձմեռն իմաստավորելով իր շնչով, ասի՝ դու էլ ապրեցիր ու դրանով հարուստ եղար, ճերմակահեր մանչս, տառապանքն իբրև ընծա կրած ընտրյալ որդի:

Մերուժը ձեռնասայլակը մոտեցնելով առվի պռնկին՝ դադար առավ: Բոկոտն տնտղեց հատակը. քար չկար, ջուրը նոր էին կապել, ու տիղմ նմանապես չէր հասցրել կուտակվել: Ետ եկավ, թքոտեց ափերը, մատներն աքցանեցին զուգափայտի կոթունները, այնհետ անիվը ջուրը քշելուց հետո թումբը որպես հենարան օգտագործելով՝ հրեց վստահ, ողջ ուժով, ժամանակ չտալով վախին, կասկածին սողոսկել մարմինը, ջրին՝ դիմադրել անիվին, թեքել ծանրության կենտրոնը, նաև՝ ծծվել պարկի մեջ, թափքից դուրս մնացած քիթը որի մակերեսին էր առնում:

Առվի պատռված շուրթերը վիրակապելը ժամանակ չխլեց. ջրկոտեմը փնջած քաղելիս՝ գուղձով արմատահան էր լինում: Տհաճը եղինջն էր, որին խավարում մի քանի անգամ ձեռք գցեց. սերմակալել էր, առավել թունոտել:

Ոտուձեռ լվանալուց հետո զգույշ, որպեսզի վերստին չցեխոտվի, հագավ կոշիկները: Վայրէջքը ևս դժվար էր: Նույն ժխորն էր, նույն ցնցումները, երբ անիվը հողից դուրս քարի էր հանդիպում: Ուժը ոչ թե հրելուն էր տվել, այլ իր իսկ ծանրությունից առաջ մղվող սայլակի վազքը կասեցնելուն: Թևերը պոկվում էին, ու մեկ-մեկ թվում էր, թե հոպնակը հրես շուռ կգա, սռնին տեղից կթռչի, գամերը կթափվեն:

Դեմից մեկը գալիս էր: Չկարողանալով սահքը կանգնեցնել՝ գրեթե շպրտեց սայլակը: Մեկմեկու չճանաչելով՝ երկուսն էլ մնջեցին: Մարդն անցավ: Թիկունքին նայելիս Մերուժը տեսավ բռում պահած ծխախոտի կայծը, ապա՝ ետքից քարշ եկող բահի թույլ խզխզոց առավ ականջին: Կասկած ընկավ սիրտը:

-Արա, Գալե, ո՞րդ եք:

-Հա, Մերուժ, դու՞ ես, -Արան մոտ եկավ, բայց ոչ շատ:

-Չճանաչեցի՞ր, այդ ու՞ր:

-Ջուրը կտրվեց:

-Ավտոն էր քանդել, կապել եմ: Ուր որ է, կհասնի:

-Ես էլ ասի…

-Ի՞նչ:

-Կարծեցի, էլի չոփուռ Մուկուչի արածն է: Չի թողնում, թե՝ մեր այգու միջով է անցնում, առաջինը ես պիտի ջրեմ:

-Հլա թող փորձի, -Մերուժը չարացավ, հետո, մտքակռիվը թողնելով պատեհ առիթի, շարունակեց.

-Ինձ էլ տուր:

Արան չըմբռնեց /թե՞ չհասկանալու տվեց/:

-Բռինիցդ, -ընթացքում Մերուժը մոտեցավ: -Ու՞ր գցիր:

-Ի՞նչը:

-Չառնե՞ս քացու տակ:

Եղբայրը հեռու փախավ:

-Մոտ արի:

-Կծեծես:

-Օգնիր տանենք, իսկ ծեծելը հետո կտեսնես: Պարույրը վաղը գալու է, չէ՞, ես եմ հիվանդանոց գնալու:

-Մերուժ, էլ չեմ անի:

-Մեկ է, հայրոյին ասելու եմ:

-Թե էլ տեսար, ձեռքերս սղոցիր: Արուսի գերեզմանով եմ երդվում:

Արայի ձայնը կերկերաց: Փղձուկը հանկարծաբար վրա տվեց և Մերուժին: Սկսեցին լալ, ինչու՝ չգիտեին: Առաջինը Մերուժն ուշքի եկավ, ճիգով խեղդեց նախ՝ ձայնը, ապա՝ վիշտը և մոտենալով՝ ձեռքը դրեց եղբոր ուսին:

-Գնանք:

Արան նոր ուժով հեծկլտաց, ֆռթացրեց քիթը: Մերուժը շրթունքն առավ ատամի տակ, որպեսզի տեղի չտա վերստին գլուխը բարձրացնող ցավին:

-Գալեն է՞լ է ծխում, -մի կերպ հարցրեց:

-Չէ, -Արան ընթացքում աղմուկով մաքրեց քիթը: -Տա՞մ քեզ, -ու ափլփելով գնաց դեպի պարիսպը:

Մեծը հետևեց նրան.

-Այդ ե՞րբ հասցրիր, -սրտի խորքում ուրախ էր, որ եղբայրը ճարպիկ է, շարժուն միտք ունի և կարիքի դեպքում կկարողանա ինքնուրույն վճիռ կայացնել: Նոր տուփ էր՝ «Ավրորա», միջից երեք-չորսը հազիվ ծխած:

-Հայրոյի համար առածների՞ց է:

Արան ձայն չհանեց: Մերուժը վճռական շարժումով տուփը մատների մեջ ճխլելով՝ շպրտեց թիկունքի ուղղությամբ:

-Թուրք լինեմ, թե ծխեմ: Ես էլ եմ թողնում:

Հայրը մեկ ռուբլի էր տալիս, ճամփում խանութ: Չէր ասում՝ որքան: Խանութպանը ևս գիտեր՝ յոթ տուփ «Ավրորա» և երկու լուցկի: Այն ժամանակ խաբել, մանրը չվերադարձնել չկար: Ծխախոտի հոտին այդպես ընտելացավ, իսկ ծխել… Համզեն երբեմն-երբեմն թութունի էր անցնում: Ուջանի է, -ասում էր՝ կկոցելով ծխից ջրակալած աչքը, հազում, հազում էր ու ապխտած մատներով նորը փաթաթում: Մերուժը սիրում էր այդ բույրը, խենթանում թել-թել փափկությունից, որ մամուռ էր հիշեցնում՝ ծիրանագույն: Շատ լիներ, խրվեր մեջն ու արբած քներ: Երևի թե վարժվել էր նիկոտինին, անգիտակցաբար ձգտում էր, շոշափելու, հոտոտելու պահանջ զգում: Տանը մենակ եղած ժամանակ, պատահում էր, տասը թուղթ փչացնելով, կիսատ-պռատ փաթաթում էր մեկն ու, Նախավկա առուն ելնելով, մինակուկ փստացնում: Հետո գողանալուն վարժվեց: Հայրը դարձյալ անցել էր «Ավրորայի»: Տուփը բաց էր: Գայթակղված՝ մեկը վերցրեց ու, որպեսզի Համզեն գլխի չընկնի, սոսնձեց բերանը: Դարձավ կարգ՝ ածելիով մեկիկ-մեկիկ զգույշ բացում էր տուփերը, մեկ-երկուսը հանում, վերստին գոցում: Հայրը գործարանին էր այպանում, փնովում ժամանակները, հարամված մարդուն՝ չիմանալով, որ գողը տնից է, զանցանքի հեղինակը՝ որդին:

Ալյուրը քաշեքաշ տարան հացատուն: Սաթենիկ տատը նավթի լամպն էր վառել: Մերուժը ձեռքը գցեց էլեկտրալամպի սեղմակին:

-Էրեխեն նոր աչքեր խփուց, մեղք է, -արդարացավ տատը:

Պարկը չորսուի վրա հանեցին: Մարեն տղաների հետ դուրս եկավ բակ: Պատշգամբ բացվող լուսամուտից լսվեց Տարոնի թնկթնկոցը: Տատը խառնվեց իրար.

-Փորը չի կանգնում: Լուսուն նռան կեղև ճարիմ, -արդեն դռների մեջ՝-հավի սիրտ ու թոք, քարճիկ, գլուխ սեղանին կմնան, թաս իմ կործե վրեն, կատուներ չուտին: Բրդուճ արեք, էլի բան է:

-Դու գնա քնիր, ջրին ես կնայեմ, -Արային կարգադրեց Մերուժը: -Բահը տուր:

Հուռթի թփերի միջով գնալը դժվար էր. մարգերի գլխին ճակնդեղի փրեր կային, արևածաղիկ, տեղ-տեղ՝ դդում: Լավ էր, շուտ հասավ: Ջուրը պատռել մարգը, դեզի տակ էր գնում: Ուղղեց, շատ էր, կեսը շրջեց լոբուտին: Սոված էր: Ետ գնաց, խարխափելով գտավ սեղանը: Ամանը դատարկ էր: Գիտեր՝ եղբայրներից մեկնումեկն է մաքրազարդել: Սպասքի սրբիչում փաթաթած լավաշ կար, ցամաք բրդուճ անելով՝ ելավ ձեղնահարկ տանող աստիճանին: Ուտում էր, ունկնդրում տան, փեթակնոցի լռությունը: Այգին սյուքից հազիվ լսելի շրշում էր՝ տրամադրելով հուշի:

Մերուժը ոտքը կախ գցեց: Ավելի հաճախ մոր ձայնն էր գալիս:

-Խեխենս, ցամքոցը:

Խեխենը Հրեղենն էր՝ հորեղբայր Լևոնի դուստրը, որ Ծովոյից մեծ էր ու, առաջին հերթ լինելով, տուն էր եկել դպրոցից: Նա պիտի հոգար Արուսին մինչև մյուսների գալը:

-Հիմա տեղաշորը բաց:

Խոսքին հետևեց աթոռի քշվելը հատակին, հողաթափերը քստքստացին, ապա՝ ճռնչաց մահճակալը:

-Թող շունչ առնեմ, աղջիկս:

Այս ի՞նչ գործի են: Մայրը հազիվ է ոտքի վրա կանգում, տևական ջերմից վրան հալ չկա, բռնել օրը ցերեկով լողանում է: Բա որ տաքությունը տա ելնի:

-Հյուսք չանես: Թող թափած մնա, այդպես հանգիստ է:

Հրեղենը բան ասաց, Մերուժը չլսեց:

-Ուժ չունեմ:

-Խավիծ սարքեմ:

-Խեխենս, իմ ուտելը պրծավ:

Քիչ անց.

-Ել տեղին: Մոտիկ, մոտիկ, փաթաթվիր ինձ՝ պինդ, դարձյալ, դարձյալ, այ այդպես: Օխա՜յ, Խեխենս, անուշ հոտ կառնեմ քեզնից, Ծովինարիս հոտն է: Ջու՜ր:

Արցունքը խեղդում էր, Մերուժը բլուզի թևքն առավ բերանը:

-Չհովցուց, պաղ ջուր եմ ուզում: Ձյուն լիներ…

Մերուժը դուրս պրծավ, ընթացքի հետ թռցրեց թեյամանը: Փշասարի արևմուտք նայող լանջի շվաքում կլինի մնացած, եթե չեղավ, Արագած կբարձրանա: Արուսին ձյուն է պետք: Ժողտան մոտ հանդիպեց հորը, քեռուն: Նրանց հետ մեկն էլ կար: Մերուժը գլխի ընկավ. Մանուշակյանն է՝ շրջանի գլխավոր բժիշկը: Հայկ քեռին բան բղավեց, Մերուժը չլսեց, ետ չդարձավ:

Պոչիկ ու Տերտերի ձորերի միախառնվելու տեղում ջուրը վարարած հորձանք էր տալիս՝ սպառնալով քանդել գերեզմանատան պարիսպը: Անցնելու հնար չկար: Այգիների, բանջարանոցների միջով, ցանկապատրերից որը՝ թռչելով, որը՝ շրջանցելով, հավ ու ճիվ իրար խառնած՝ կարճ ճամփով հասավ կամրջին: Մի քանի տեղ գայթեց, թեյնիկը թռավ ձեռքից, տակն առավ քարին, կարևորություն չտվեց: Ահա գյուղն ավարտվեց, գերեզմանոցից դենը գարու արտեր էին: Սուրբ խաչից սկսած՝ գնալը դժվարացավ, ավազահանքի մոտ հարկադրաբար հևիհև դադար տվեց: Փլված շերտի տակ աչքը ձյուն նկատեց, բայց կեղտակուր, ոստի փոքր ինչ փորփրելուց հետո հրաժարվեց:

Ձորակը վերևում էր, ձյուն կար՝ էլի վրան տիղմի շերտ, սակայն տակը մաքուր էր՝ հատիկ-հատիկ, կապտավուն երանգով, խորքերում՝ թաց, ջրալի: Փոս բացելուց հետո կռանալով երկա՜ր ծծեց, հետո լցրեց թեյամանը: Շրջվեց, որ իջնի, գյուղի համայնապատկերը փռվեց աչքի առաջ: Պաղպաջուն ըմպելի՞քն էր աստվածային, կազդուրող, թե՞ այլ գաղտնիք կար՝ սիրուն-սիրուն էր ամեն բան. շենը՝ խաղաղ, ծաղկուն այգիներով, Նախավկա մատուռը՝ խաչը կոհակ-կոհակ հեռացող սիզավետ բլուրներին պարզած, կանաչ հերկերը՝ Անահտական աջը վրան, հեղեղատը, խճուղին… Ամպի մի պատառիկ լողում էր երկնքում, հողի, խոնավության, ծիլի բուրմունք կար, աղավնիները ճախրում էին:

Թմբիրը թոթափեց հանկարծ. աչքն առավ ավազնոց մտնող ճամփին: Մեքենայից երկուսն իջել, բղավոցով դեպի իրեն էին գալիս: Հորեղբոր որդի Մասիսին ճանաչեց, ապա Արաբ շանը տեսավ առաջկտրուկ վազելիս: Մնացյալը հիշում է մղձավանջի պես: Ծառերին ճյուղ չկար, տերև չկար, համտարած ծաղիկ էր ու ծաղիկ, և ճերմակ ծովում, մեղուների բզզյունի մեջ մորը՝ սավանով պատանքած՝ Քարոնին սպասելիս: Ինչ-որ մեկը մեջքը գոտկած տարավ հեռու: Չընդվզեց, այդպես էլ քար կտրած մնաց՝ այտը ծիրանենու ճաքճքած բնին:

Մարդկանց ձեռքերին մայրը վերջին պտույտը կատարեց այգում, այնուհետ շարունակեց ճանապարհը դեպի անհայտություն՝ օդի, ծաղիկների, գարնանային բույրերի ու գույների, ձայների միջով և քրոջ, մերձավորների հեծկլտոցի: Խեժը ծորում էի ծառից, լոբին ցցել էր ականջները, ճնճղպաշարը ոտքի տակ, ավեր մարագ տանող թմբերին բացված գորգ ասես լիներ, մեղուները խենթ՝ պարսում էին: Բիբերում ընդելուզվեցին նմանապես գորշ թիկունքները մարդկանց, հրմշտոցը բակից ելնող ոտքերի, իշոտնուկները, սեղաններն աճապարանոք մեջտեղ հանող հարևանների դեմքերը՝ տարօրինակ լարված, ու դարձյալ մայրը՝ բարձրում, երկնքի կապույտ պաստառին՝ տեսադաշտը փակող-բացող ծաղկամաղի միջով նայելիս: Ապշելու պատկեր էր, զարմանահրաշ, նյութից դուրս կառույց՝ աստվածեղեն, անջինջ, անկորնչելի և ավարտուն, ավարտուն:

Լայնշի թախտը մոռի տակ էր: Եղբայրներից երկուսը թիկունք թիկունքի պինդ սեղմված քնել էին: Դարձյալ մի ամիս և, թեկուզ հաստ վերմակի տակ, այգում գիշերել չի լինի: Բահը հենելով մահճակալի գլխին՝ մեկնվեց նրանց ոտքերի տակ: Ծովոն տեսնես կարողացե՞ լ է փոքրերին լվացվել տալ: Ամբողջ օրը բոբիկ դրսում վազում են, մատները տալիս քարին, արնում: Եթե թողնի, այդպես էլ կմտնեն տեղաշոր /ինչու՞ միայն կրտսերները. դեռ անցյալ տարի ինքն էր այդպես վարվում/: Բայց քույրը համառ է: Եթե չկարողանա անգամ, խիղճը կտանջի, կթվա, թե մոր հեռակա պատվիրանները չի կատարում: Դույլի եղածը կշրջի տաշտն ու կկանչի՝ Արա, Թորոս, Գալե, ձեզ տեսնեմ: Էհ, թող հա ասի, մոտեցող կա՞: Սառը ջուր, ճաքճքած մաշկ – մտար թե չէ, կկսկծա, մրմուռը կթուլացնի սիրտդ: Հոր՝ տանը եղած ժամանակ հեշտ է. սուսուփուս, աչքերից գլուլ-գլուլ արտասուք թափելով՝ լվացվում, շարվում են թախտին: Քույրը ծնկած՝ պնակում կաթի սեր, կարագ, սկսում է հեքիմությունը: Ցավը մեղմելու, ճաքերը բուժելու ուրիշ միջոց չկա: Երբեմն վերքն այնքան խորացած է լինում, որ անգամ Մերուժի սպառնալիքներն օգուտ չեն տալիս: Ծովոն եղբայրների կողմն անցած՝ խոնավ լաթող ընդամենը սրբում է ոտնատակերը, զգույշ սեր քսում ու, որպեսզի սավանը, վերմակը չաղտոտեն, գլխաշորով, մի բանով փաթաթելուց հետո՝ պառկեցնում: Այդպես է՝ մինչև սեպտեմբեր, հետո սկսվում են դասերը, և վերքերը կամաց-կամաց լավանում են, կոշտուկներն անցնում:

Աչքերը կուլ էին գնում: Չքնելու համար տրորեց կոպերը, թևքը մեկնեց, որ ելնի: Փափուկ բան ընկավ մատների տակ. կատուն էր տեղ գտել մրափելու: Ձեռքը հետ քաշեց, բայց ուշ էր: Կենդանին դժկամ թռավ ցած: Նույն պահին թախտի տակ կտրուկ շարժում զգաց, այնուհետ՝ ատամների կափկափյուն:

-Արաբ...

Շունը հանդարտվեց: Եղբայրներից Գալեն ձայնի վրա շրջվեց թիկունքին, սկսեց քնի մեջ խոսել, մրմնջալ: Մերուժը ելավ, թափ տվեց իրեն: Ջուրը հաջորդ մարգը թեքելիս զգաց, որ հոսքը պակասել է: Շտապել էր պետք: Բահն ուսեց, Արայի տաբատի գրպանից հանելով լուցկին՝ առվի բերանով գնաց: Պատն անցնելիս ոտքի հենարանը փախավ: Կռանալով՝ խավարում շոշափեց: Կռատուկի լայն տերևների տակ եղբայրները միրգ էին թաքցրել: Լուցկի վառեց: Կարմրաթուշ, լորի ձվից փոքր ինչ մեծ տեղական խնձորներ էին՝ քաղցր, հյութալի: Գալեի ու Արայի արածն է, -կռահեց, -երկու ժամ չկա, քաղել են: Ու՞մ այգուց կլինի: Ջրի ճամփին միրգ մնացել է Տիգրանի, Ազատենց, Հոլոյի ծառերին: Տիգրանենցի բները բարձր են, մթնով չեն կարողանա, Ցոլակի մեծ տղան ծանր ձեռք ունի, կվախենան: Մնում է ջրատար Հոլոն: Ձեր տղա ասողի... Ինչ ուզում ես, ասա, Համզեն հիվանդանալու իրավունք չունի, պիտի օր առաջ լավանա, այլապես եղբայրները ձեռից կգնան, վատ օրինակի կհետևեն: Թե՞ տագնապելու պատճառ չունի, մանկան անցողիկ արարքներ են: Կարևորն արյունն է, քանի՜-քանի սերունդ ճիշտ հունով ճողփող արյունը՝ զտված, ազնիվ ակունքից...

Մերուժն աղբյուրի մոտ թեքվելով՝ քունը վերջնականապես թոթափելու համար ջուր զարկեց դեմքին, ապա կում արեց: Առանձնակի չգնաց. ծարավ չէր: Սյունն ի կախ թույլ լույսի տակ աղբյուրն անսովոր խեղճ էր, լքված, կարկաչն էլ, ասես, մոռացում հանգերգ լիներ:

Մոր մահից հետո քրոջն օգնելու նպատակով երբեմն իրենք էին ջրի գնում: Ցերեկով աղբյուրն ազատ՝ անհնար էր: Կանգնում էին հեռու, սպասում: Եթե հասակակից տղա, աղջիկ անցնեին փողոցով, հո, լքելով հերթը՝ մերձենում էին պատի տակ զրուցող մեծերին, իբր, մամռակալած գռի կողքին դրած դույլերն իրենցը չեն: Կանայք լցնում էին, գնում, նորերն էին գալիս, իսկ իրենց նկատող չկար: Եթե կային էլ, չտեսնելու, չիմանալու էին տալիս, մտքներում՝ տղա են, թող սպասեն, լվացքը չփախավ, խմորը չթափվեց, ծծկերն անկաթ չմնաց: Բանը երբեմն կռվշտոցի էր հասնում, անկտիի, հին ու նոր մեռելն իրար խառնելուն: Ամոթից գետինն էին մտնում՝ զղջալով եկած ճամփան: Պատահում էր, տամա խաղացող ծերերն էին դիտողություն անում, օր կար քեռակինն էր աղբյուր եկած լինում, քույրն էր անհանգստացած՝ ետքներից գալիս, հորեղբոր դուստրերը:

-Խիղճն էլ լավ բան է, -վրդովմունքով նետում էին, երեխեքի ոտուձեռը գնաց:

Նոր-նոր կանայք նահանջում էին, նեղլիկ անցուղով մոտենալով ջրակին՝ շտապով դույլերը պահում էին տակը՝ ժամանակի կորուստ չտալու համար չհանդգնելով մինչևիսկ ողողել:

Աղբյուրից դենը ցամաք էր: Ջուրը, նշանակում է, վերևներում էին կտրել: Գործը դժվարանում էր. մինչև վերստին կապի, հասցնի պարտեզ, մինչև դես-դեն... Մյուս կողմից, առուն մատուռի մոտով է անցնում, բա որ... Մեռելհարոց, տասնհինգը բոլորած տղա է, մտած չկա: Գիտի միայն, մինչև վերջերս հանգուցյալին նախքան հողին հանձելը թողել են այնտեղ: Երկկողմանի սրբատաշ պատեր, որով մողեսն անգամ չի բարձրանա, երկու նեղլիկ պատուհան, երկաթագամ դուռ, ներսում՝ վառվող մոմեր և լռություն՝ փշաքաղող ու դին՝ որձաքարե պատվանդանին: Հարալեզները գիշերվա մի ժամի եկել են՝ անտես, հուշիկ, վայրէջք են կատարել ժամի դռանը /այնտեղից մատուռ երկու քայլ է/, հետո լուսանցքից մտել ներս, հանգցրել մոմերը, որպեսզի մահկանացուի աչք չտեսնի: Ապա... մնացյալը մտքից, ուղեղից դուրս է, հորինելը՝ մեղք: Ճշմարիտ է և այն, որ առավոտյան հանգուցյալին տանելու եկած մարդիկ, երբ բացել են դուռը, տեսել են մարմինը նույն տեղում, մեռելային դեղնության փոխարեն լուսեղեն, աստվածային մաքրություն դեմքին, ասես աչքերը նոր խփած, մանկան պես ժպտալիս: Պատահել է, հեռվից բերած դին ամառ օրով երկու գիշեր տարել են Մեռլհարոց, բերել: Տանը եղած ժամանակ դեղնությունը վերականգնվել է, հարևանությամբ նստելը դարձել անհաճո, բայց արևմտոցին հարալեզներին թողնվածը էլի մաքրվել է ախտից: Դատողություններ լավ է չանենք, թե՝ տեղն է սառը եղել, քայքայող մանրէների համար միջավայր չկար ու դարձյալ նման բաներ: Էականը՝ սրբատեղին ընտրողներն էն գլխից, Արայի ու Շամիրամի ժամանակներից ու շատ ավելի վաղ տեղյակ էին բաների, որոնց հիմա էլ անհաղորդ ենք: Կույրն ինքներս ենք, նրանց ենք տգետ կոչում:

Պատմում են, իբր, թաղի սրտոտ տղաներից մեկը պատերազմից առաջ արևմտոցի կողմերը մտել է մատուռ, որպեսզի պարզի հարալեզների գաղտնիքը: Մտադրանքի մասին ոչ մեկին տեղյակ չի պահել: Գիշերվա մի ժամի՝ շաղավոտին գոռոց է լսվել, որն ապա կրկնվել է, ու երբ լուսաբացին մարդիկ համարձակվել են բացել դուռը, տեսել են պատանուն սալահատակին ընկած՝ մազերը ճերմակ, դեմքին, կրծքին ճանկռվածքի հետքեր: Հետո կարծիք է հնչել, թե կատուների արածն է, որոնք կարող էին լուսանցքից մտած լինել, բայց ծերերը ժխտել են, ասելով՝ պատն ի վեր չէին ելնի, բռնվել չէին կարողանա, համ էլ դեպքից առաջ հապա ինչու՞ չէին մտնում: Մերուժի ծնված տարում մեկ անգամ ևս երկրի թշնամի են հայտարարվել հավատացյալները՝ հորջրոջվելով խավարամիտ: Գյուղխորհրդի նախագահն այնքան է ոգեշնչվել, որ «լուսատյացների» մի մեծ խմբի անհայտություն ճամփելուց հետո արգելել է Մեռելհարոցում դի դնելը: Կողպեք է զարկել տվել դռանը, մինչիսկ կարմիր պաստառ փակցրել՝ ՀԱՆՈՒՆ ԱՌԱՋՆՈՐԴԻ, ՀԱՆՈՒՆ ՊԱՅԾԱՌ ԳԱԼԻՔԻ:

Հիսնականների երկրորդ կեսին, երբ ջրերը փոքր ինչ հանդարտվեցին, փորձ արվեց վերականգնել հնոց կարգը: Մեռլհարոցում թողնված առաջին հանգուցյալին հաջորդ օրը հարազատներն անգամ մոտենալ չէին կամենում, երկրորդի ականջներից, քթանցքից, պատմում են, սպիտակ-սպիտակ որդեր են գլուխները ցցելիս եղել, երրորդի ժամանակ կատուներ են տեսել բոլորտիքը մլռտալիս: Մարդիկ ահագնած՝ ետ կանգնեցին մտադրությունից: Սրբի գութը շարժելու նպատակով վերջին փորձն արին. մոմեր վառեցին, սրբապատկերներ կախ տվին պատերից, նախշկեն լաթեր, սակայն հարալեզները չներեցին մարդկանց, մոտ չեկան մատուռին:

Մերուժը շունչը պահած՝ ոտնաթափերի վրա անցավ մատուտը, մտավ հեղեղատ: Ջուրը երկրորդ անգամ այդտեղ էր ճյուղ տալիս: Թե ցածում կտրած չլինեին, ողորկ քարերին գայթելով պիտի հասներ Նախավկա առու, խորանար Տերտերի ձորում: Բախտը բերեց. չէր հասել ջրբաժանին, ականջը որսաց ներքևով հոսող ջրի ձայնը: Այդպես էլ կար: Ինչ-որ մեկը հիմնովին քանդել էր առվի հունը, այն հաշվով, որ վերականգնելը ժամանակ խլի:

Կոշիկները հանելուց հետո քշտելով տաբատի փողքերը՝ տենդագին գործի անցավ: Նախ՝ քարեր շարեց հեղեղատի լայնքով, ապա ճիմ բերեց: Սկզբում վճռել էր միայն ջրի կեսը շրջել: Դա նույնպես հերիք էր, մի բան էլ շատ, բայց երբ ճիմերը պրծան, իսկ ջուրը չթեքեց գլուխը, զայրացած որոշեց նույն կերպ վարվել, ինչ նենգաբարո մարդը: Մի կաթիլ անգամ չեմ թողնի, -քրթմնջաց: Քսան-երեսուն մետրի վրա խորացրեց հունը, լայնացրեց՝ տիղմը, ավելցուկը լցնելով արահետին: Ջուրը քաշվեց, դուրս թափածը հնարավոր եղավ առնել բահին ու այդպես, երևի, հարյուր անգամ գնալ-գալով, մաքրուքի վերջանալուց հետո ուռենու մատղած ճյուղեր փշրելով՝ հիմնովին խծուծեց անցքերը, և ջուրը հնազանդ՝ թեքեց պարանոցը: Ողջը մի ժամի չափ տևեց: Հագավ կոշիկները, հարմար քար ընտրելով՝ նստեց: Ծխել էր ուզում: Անելիք չկար, և հիմար միտքը մեղվաճանճի պես կպել, պոկ չէր գալիս:

Անհրաժեշտ է մի փոքր ևս համբերել: Չէ, իսկապես բախտը բերեց: Կհամարձակվե՞ր մենակ Տերտերի ձոր մտնել: Գյուղից դուրս՝ ջերկած քարեր, փչակավոր ծառը: Դե, դե, լավ է այդ մասին չմտածել, չարոց կընկնի: Հիշեց Թումանյանին, մտքին տողեր եկան՝ Սաքո, Սաքո, մեզ մոտ արի... Կրկին վտանգավոր թեմա է, մեկ էլ տեսար, անկախ կամքից վախին տուրք տվեց, աժդահա հովվի օրն ընկավ: Ի՞նչ մտածի հապա: Եկեղեցու գմբեթը, հրեն, ընդգծվում է: Շուրջն ինչքա՜ն աստղեր կան: Կարծես պսակ լինի բոլորքը: Դրսից եռահարկ է: Միայն արևմտյան թևով է հնարավոր բարձրանալ, այն էլ ընդամենը՝ առաջին հարկ: Երկրորդ տանիք այսքան ժամանակ, ասում են, երկու հոգի են ելել՝ Խլու Արարատը և Գոմոն, իսկ երրորդ, այն է՝ գմբեթին՝ ոչ ոք: Անգամ այն անմիտ ժամանակներում, երբ հնի, անցյալի հետ կապված ամեն հուշ, հիշատակ, վկա, ոչնչացվում, մորթվում էր, չհամարձակվեցին: Մի ուժ պահում էր: Ի՞նչ զորություն էր դա: Այն հիմա էլ կա: Անշոշափելի է, անիմանալի, բայց կա՝ թե օրը ցերեկով ու թե գիշերը: Քարերի մեջ է, անընթեռնելի երկաթագիր տառերի, քիվերի տակ, պատուհանախորշերում՝ ազդու, խաղաղաբեր: Առասպելն ասում է՝ միլիոն ու միլիոն ձու խառնել են ավազին, շաղախ արել: Կպոկե՞ս - չես կարող: Դարձյալ հազար հինգ հարյուր տարի անցնի, չես կարող, ի զորու չես: Հողը թումբ են արել, քարը գլորել: Այդպես՝ մինչև գմբեթարդ տանիքը, որ ջուր չի թողել, չի թողնում, չի թողնի: Բակում տապանաքար կա: Կառուցողի՞նն է: Բերնեբերան անցած պատմությունն ասում է՝ ճարտարապետը վերջում նետվել է ցած, որպեսզի անկրկնելի մնա գեղեցկությունը, բան է, ստիպմամբ ուրիշ վայրերում չկառուցի: Հետո Մերուժը կմեծանա ու այլ վանքերի, շինությունների մասին կլսի նույնը կամ մոտավորապես նույնը, բայց կմնա այն համոզմունքին, որ առասպելն իրենց գյուղից է սկիզբ առել: Կկարդա պատերի գրերը և կհպարտանա, որ հոր անունը գալիս է Համզե՝ Համազասպ իշխանի անունից, հունարեն գիրը կմեկնի, որտեղ ասվում է՝ եկեղեցին բարձրացել է Պերոզ թագավորի գահակալության քսաներորդ տարում, կպարզի տապանաքարի ավելի ուշ ժամանակների լինելը: Սակայն համոզմունքը կմնա, որովհետև բլուրը, հիմքի շարերը կպարտադրեն մտածել եկեղեցուց առաջ էլի ինչ-որ շինության գոյության մասին՝ գուցե հեթանոսական տաճա՞ր՝ կանգնած նախորդների ամրակուռ բազուկներով, աղեղնակ մտքով, ու լեգենդը մյուս՝ անդրանիկ կառուցողի մասին է...

Թեթև մրսում էր. բոբիկ շատ մնաց ջրում: Մի քիչ էլ օրն է ցրտել: Տեսնես գիշերվա ո՞ր ժամն է: Ջուրը հիմա հասավ Մեռելհարոցին, ապա կամրջի տակով հոսելով՝ կխառնվի աղբյուրինին ու ավելի ճեպով կգնա. արխը թաց է, խոչ ու խութ չկա: Թեկուզ օգոստոս, գիշերով սառը քարերին երկար նստելը, այն էլ խոնավ հագուստով, վտանգավոր է: Կապույտ հազը չկրկնվի՞ հանկարծ:

Միտքը նրան տարավ հեռու: Դպրոցում պատահաբար թանաք թափվեց վրան: Ընկերն ուսուցչից ապտակ կերավ, բայց դրանից կանաչ բամբազը, հո, չմաքրվե՞ց: Վախը սրտում, որ տանը դիտողություն կստանա, դասերից հետո որոշեց թաքուն Տերտերի ձոր գնալ ու լվանալով հեռացել բծերը: Թե ինչու Ծովոյին չվստահեց, որտեղից տխմար միտքը գլուխը մտավ, չհասկացվեց: Գոնե բրդուճ աներ, հետը օճառ վերցներ:

Սեպտեմբերի վերջն էր, աշնան խաղաղիկ օր: Առուն՝ մեջքին տերև, խոխոջում էր, մի քանի հորթ կանաչուտում արածում էին, վերևից բադերի կռկռոց էր գալիս: Ջուրը գոլ էր, մաքուր-մաքուր: Սկզբում միայն մի տոտը կոխեց ջուրը, այն հատվածը, ուր ցայտուքն էր, բայց երբ երրորդ-չորրորդ փորձից հետո զգաց՝ ջանադիր աշխատանքն արդյունք չի տալիս, հակառակ, տրորած մասում կտորն է գունաթափվում, դադար տվեց: Որպեսզի տարբերություն չզգացվի, տաբատը լրիվ թրջեց, քամելուց հետո փռեց արևին: Բծեր գրեթե չէին նկատվում, և դա հույս էր: Եթե մարդ-մուրդ երևար, հարցնեին՝ ինչու՞ է շորդ թաց, պիտի ասեր՝ ջուրն ընկա: Ժամուկես-երկու անց շալվարը չորացավ, գույները տեղը եկան: Թանաքի հետքերը չէին անցել, ավելին՝ ծնկամասը, որ շատ էր ճմռթել, թեթև ճերմակին էր տալիս: Ստիպված վերստին լվաց, կոխոտեց: Արևը թեքվել էր մայրամուտ, ստվեր իջել ձորին, իսկ տաբատը չէր չորանում: Այդպես խոնավ-խոնավ հագնելով՝ բռնեց տան ուղին: Երեկոյան հիվանդ էր. սարսուռ ընկավ մարմինը, ջերմեց: Ջանում էր ցույց չտալ, բայց Ծովոյից բա՞ն կթաքցնես: Եղբայրները դասերն արել, դրսում խաղում էին, իսկ քույրը լույսը վառել, նստել էր կողքին: Թել-ասեղը պրծավ, արդուկ սկսեց, ընթացքում ջուր տաքացնելով՝ եղբորը պարտադրեց ոտքերը մեջը կոխել: Ցավ պատճառելով տրորեց, ցամքոցով շփեց, թեյ տվեց. մտքին քրտնեցնել կար: Քսանհինգ մոմանոց լամպը թույլ լուսավորում էր, հիվանդագին դեղնություն կար սենյակում, առաստաղի գերաններն աչքին ճոճվում էին, ալիքվում: Ոտքերը ներբանի կողմից դեմ էր անում, քսում մահճակալի սառը երկաթներին, խրում ներքնակի տակ, բայց սրտին թեթևություն չէր գալիս. կրակի ներսից էր: Այնուհետև հայրը եկավ: Ձեռքը հպեց զավակի ճակատին, մտամոլոր մնաց, ապա հիշելով, որ երեխաների առաջ թուլանալու, հուսահատվելու իրավունք չունի, կարգադրեց կանչել եղբորորդի Մասիսին: Հիվանդանոց գնաց նրա շալակին: Առջևից հայրն էր քայլում, կողքից՝ Ծովոն, որ շուտ-շուտ ուղղում-պնդում էր ցած սահող վերմակի ճոթը: Եվ հիվանդանոցի ճերմակ պատերն է մտապահել, կանաչ շշից օրը երեք անգամ բերանը լցվող հեղուկի դառնահամը, որ ասես թույն լիներ և, ըմպանին առնելով, ետ էր գալիս, նմանապես գիշերանոթը, որի մեջ ջուր թափել այդպես էլ չսովորեց. ամաչում էր՝ գերադասելով անասելի տանջանքների գնով լուսացնել, մինչև աչքը ջոկի, կարողանա գտնել արտաքնոցը: Առավել ևս չի մոռանա ճերակ խալաթավոր անձանց, որ օր եղավ, չհեռացան իր անկողնուց, ոտքերի տակ երկու ամիս կուչուձիգ անող Ծովո քրոջ ուռած կոպերը ժամանակ առ ժամանակ մտապաստառին կգան, երբեմն-երբեմն նրան փոխարինող հորեղբոր Գեղեցիկ անունով դուստրը, ով անուժ պահերին իրեն կերակրելիս ճաշի շատն ինքն էր ուտում, ինչպես և Պարույր եղբոր ուղարկած պենիցիլինի սրվակներն ու ասեղնազարկերը, որոնք, մեծերի պատմելով, նժարը կյանքի կողմը թեքեցին, վճռորոշ եղան:

Մեկը լապտերը ձեռքին ձորն ի վեր գալիս էր: Մերուժն զգաստացավ, թեթև երկյուղեց: Որոշեց ծպտուն չհանել, չմատնել տեղը: Եթե այլ գործով է, թող շարունակի ճամփան: Մարդը հասավ ջրբաժանին, կանգնեց: Լույսի շիթն ընկավ ամբարտակին, տեղափոխվեց թմբեզրով ձգվող առվին: Տղան կտրվեց քարից. թող չմտածի, վախենում եմ: Մարդը ոչինչ չնշմարելով՝ հանգցրեց լապտերը, և Մերուժի՝ խավարին ընտելացած աչքը լույսի մարելուց հետո կորցրեց դիմացինին: Ականջն աղմուկ բռնեց, ապա՝ չլմփոցով քար գլորվեց ջուրը: Ցայտերը թռան դեմքին:

-Չքանդես…-տղան առաջանալով՝ թափով հրեց մարդուն: -Հեռու…

Վերջինս ընկրկեց, կտապալվեր, եթե չբռնվեր պատնեշից: Տնքալու, մեջքն ուղղելու կերպից Մերուժը հասկացավ, որ դիմացինը կին է: Իր հերթին նա էր ըմբռնել հանկարծորեն հայտնվածի անչափահաս լինելը:

-Սրտաչմեռ, անընտել խոզի պես վրա ես տալիս:

-Լավ եմ անում, -տղան կողքանց մտավ ջուրը, շոշաշափելով գտավ արխը գցած քարը: -Դեն գնա, կցփնի վրադ:

-Ես եմ կապելու, -կինը կռացավ, սկսեց ձեռքով լայնացնել պատվարի խարխլած մասը:

-Ասի՝ հեռու, շպրտում եմ:

-Հլա փորձիր, -կինը սիրտ էր առնում: -Կարծես հոր ջուրն է, ինքն է բերել սարից:

-Հա, հենց ես եմ բերել: Բան ունե՞ս ասելու, -նա քարը տեղը դրեց:

-Մեկ է, կապելու եմ, -կինը մի մեծ գուղձ տեղաշարժեց:

-Չի լինի, -Մերուժը փորձեց կնոջը հեռացնել, բայց սա ոտքերը լայն բացած՝ դիմակայեց:

Գլուխ գլխի սկսեցին պայքարել: Կինը մատներով փոցխում էր հունը, խորացնում, Մերուժը, հակառակ, հեռու քշածը տեղն էր բերում:

-Կեսը պիտի թողնես, -կինն ուղղվեց:

-Կաթիլն ինչ է, չեմ թողնի, -Մերուժը գոցեց ճեղքվածքը:

-Քո կամքով կքանդես:

-Հո չասիր…

-Հա՞, -դիմացինը մեկից բռնկվեց, -դե հիմա տես, -նա սկսեց աջ ու ձախ քարերը հրել ջուրը:

-Ի՞նչ ես անում, -շվարեց Մերուժը: Մտքում հիմա համաձայն էր ջուրը բաժանելուն, բայց մտաբերելով մորը, հիվանդանոցում պառկած Համզեին, այն, որ լուսանում է, իսկ ինքը աչք չի փակել, սեպտեմբեր է գալու, շոր չունի, հերսոտեց: -Քո…-վազեց դեպի բահը, թափով գլխից վեր տարավ ու… արձանվեց: Կինը երկյուղած՝ հետ քաշվեց:

-Արնքտեր, կապի, բալքի կշտանաս:

Տղան շպրտեց բահը. զզվում էր իրենից, կնոջից, դժվար կյանքից, որ իրենց բաժինն էր:

-Չեմ ուզում:

-Ու՞մ տղան ես, -կինը մտաբերեց գրպանում թաքցրած լապտերը: Մերուժը թեքեց գլուխը, կկոցեց աչքերը:

-Հեռու տար լույսը:

-Դե ասա, ու՞մ տղան ես:

-Համզեի:

-Արևաչմեռ, վաղ կասեիր, -կնոջ ձայնում գորով հայտնվեց: -Արուսի հետ, չգիտե՞ս, մենք պատկից հարևան ենք եղել: Աստված էլ, հո, միշտ լավերին է տանում:

Մերուժի համար հաճելի էր մոր հասցեին դրվատանքի խոսք լսելը: Միայն թե չսկսի գթաշարժ տեսարան սարքել: Սրտմտում էր, երբ ակամա որբությունն էին մտաբերել տալիս, կորուստը, որը ոչ ոք ոչնչով, միևնույն է, չէր փոխարինի, անգամ քրոջ կրկնապատիկ սերն ի զորու չէր: Տեսնես իրենց վիճակն է հեշտ, թե՞ Տարոնինը, ով Արուսին մոռացել էր արդեն: Մեծերի հիշողության ծալքերում այսպես, թե այնպես, բան կմնա, ու դրանով կսփոփվեն, իսկ նա… Տարոնի գործն ավելի դժվար է լինելու: Սոսկալի է մորից զրկվելը, սակայն առավել փշաքաղողը ծնողի պատկերքին ի սկզբանե անհաղորդ մնալն է:

Նա ջուրն աչքաչափով կես արեց: Գրողի ծոցը կորչի ամեն բան:

-Ես գնամ, ջուրն ուրիշ տեղ չկտրեն հանկարծ:

-Չէ, հիմա ես հոժար չեմ, -կինն անսպասելի լացակումեց: -Գիտես ինձ համար հե՞շտ է: Անտեր մնար Չիտան: Երեք տարի գնացել, չի գալիս: Չորս քորփեքին, ինձ էլ հետն է թողել ծուռվիզ: Դե արա, որ հասցնես: Միջոց զօրուն գտնու՞մ եմ. ֆերմայի ճամփին ոտքերս քրքրվեցին, կիթ անելուց մատներս թափվել են:

-Թող երեխեքդ կապեն, -դեռ չգիտեր՝ ով է, թեև նման պատմություն լսել էր:

-Էրնեք քո տիրուն: Մեծս գիտես ինչքա՞ն է, -ու ինքն էլ պատասխանեց: -Էգուց-էլօր նոր դպրոց պիտի գնա:

Ձորափի տներից մեկում աքաղաղը խռպոտ կանչեց: Կինը հայացքը հառեց երկնքին, Մերուժը հետևեց նրան:

-Ես ուշացա, իսկ դու ջուրը փակիր: Հլա պիտի խմոր հունցեմ, հետո վազելու եմ ֆերմա: Թող մնա ուրիշ անգամ:

-Դու գիտես:

-Դե գնա, դու էլ գնա, մեղք ես: Գիշերս Ալեքսանին տեսա, փորձանք չպատահի՞, -արդեն հեռվում՝ -Խոպան հնարող, խեր չտեսնես:

Ալեքը տարեկից տղա էր: Նախանցած տարի Պոչիկ ձորի սելավը տարավ: Եղբոր հետ խաչերկաթին աղ էին շաղել, դրել շեմաքարին, որպեսզի անձրևը կտրվի: Եվ իսկապես էլ, չանցած հինգ րոպե, կաթիլները դարձան հատուկենտ, խոշորահատիկ: Լուր բերողը Մասիսն էր.

-Հեղեղը ձորից հորթ է քշել, Շենիկում՝ Ջիջու Ալեքին ձիու հետ, գառներն էլ մնացել են սելավի մյուս երեսը:

Թորոսը ևս ուզում էր գալ, չթողեցին: Եղբայրը լացը դրեց: Երկուսով հոսող ջրի միջով վազեցին: Վերևներից առու էր, որ գալիս էր: Առպահ Պարսոյենց տան մոտ կանգնեցին: Մարագի պատը փլել, կիսով չափ փակել էր փողոցը: Շրջանցելիս նկատեցին ետևներից եկող եղբորը:

-Դարձիր տուն:

-Թող գա, -խորհուրդ տվեց Մասիսը: -Ավելի լավ է աչքերիս առաջ լինի: Արի, արի, -ձեռքով արեց:

Էլոների տան մոտ՝ վերին կամրջի տակ, ջուրը ծածկել էր աղբյուրի ակը, սարսափազդու մռնչյունով զարկում էր վեմերին, թվում էր, պատերը չեն դիմանա: Հեղեղը քիչ ցածում պատռել էր համադասարանցի Ռուզանենց պատը, լցվել այգի: Փրփուր, աղտեղանք լողում էին հանդարտած ջրերում, ծառաբների շուրջը:

-Եթե Տերտերի ձորինն է կատղել, պատկերացրեք Պոչիկինն ինչ կլինի, -ոգեշնչվեց Թորոսը, որ հիմա առաջ ընկած էր վազում, -ռոմանտիկ տեսարանը հեռու էր վանել Ալեքի հետ պատահած դժբախտության միտքը. նա տարիքով փոքր էր, կապող բան չկա, համ էլ Ջիջու տունը գերեզմանոցի թաղում էր, գնալ-գալ չունեին:

Ճգնավորի զառիվերից մարդը շատացավ: Ջուրը սրբել էր Շենիկ տանող ճամփի քար-ավազը՝ թողնելով միայն տուֆաքարը: Ելիվերն ամբողջ, -այն ժամանակ անցավ Մերուժի մտքով, -մի անպատկերացնելի մեծ քար է՝ միաձույլ, միատարր: Ուրեմն՝ քանի՜ նման հեղեղ, որքա՜ն ջուր է հոսել, մինչև գոյացել են Տերտերի, Պոչիկ ձորերը:

Դևնոցի մոտ, չդիմանալով գայթակղությանը, մոտ գնացին: Ահագնելի բարձունքից սելավը շառաչյունով թափվում էր, այնպիսի ուժով, որ ժխորից մեկմեկու լսել չէր լինում: Համընդհանուր աղմուկի մեջ երբեմն-երբեմն խուլ ցնցում էր հասնում: Խոշոր, տոննանոց քարեր էին, որ ջուրը պոկել, հետն առած տանում էր՝ զարկելով պատեպատ, դրանցով քերելով քարե հունը: Ջրափոշին բռնել էր Դևնոցը, փրփուրի ցայտերը թրջել էին մինչևիսկ բազեի բույնը: Տատրակները թևում էին, պտույտ տալիս առապարի երկայնքով - նրա՞նց ինչ: Որտե՞ղ է Ալեքը: Ջրահե՞ղձ է եղել, թե՞ հոգևվարքի մեջ կռիվ է տալիս պղտոր ջրերում: Հրաշալի լողորդ է, սակայն կփրկվի՞ որ: Չէ, տակով տված կլինի, ոսկերքը փշրած, ջախջախած:

Վերևներում հեղեղատը խոր չէր, շուրջբոլորը արտեր էին, թեքություն գրեթե չկար: Խառնվել էին մարդկանց, նրանցից էլ լսեցին մանրամասները: Ալեքի հայր Աշոտը, որ հանդապահ էր, այդ օրը որդուն է ճամփած լինում: Երբ անձրևն ուժգնանում է, տղան որոշում է տուն դառնալ: Հովիվները խորհուրդ չեն տալիս, սակայն չի լսում հորդորը: Լույս աղբյուրներից եկող ճանապարհը պղտոր հորձանքի տակ չի երևացել: Նժույգը քշել է ջուրն ու կեսին, թե ինչպես, անասունը գայթել է: Եթե սանձը թողած չլիներ, ասում էին, չէր խեղդվի, ձին կփրկեր:

Կենդանին գտնվեց: Հազար ու մի խոսակցություն եղավ, թե Արծիվը թռել է Դևնոցը, իբր, ջուրը մինչև Արարտյան դաշտ, Արաքս կայարան է հասցրել: Ճշմարիտն այն էր, որ դեռ գյուղի վերևում՝ նախքան խորխորատ մտնելը, լողալով դուրս էր պրծել, անթամբ գնացել Ձորագյուղ: Իսկ Ալեքին գտան երրորդ օրը: Հեռու ման եկան, ցածի դաշտերում, ձորակներում որոնեցին, իսկ գտան Պտտան քարի տակ: Տիղմից միայն թևքն էր դրսում: Պատմում էին՝ քերծվածք, կապտուկներ չուներ, ընդամենը թեթևակի փքվածություն կար: Արծիվն Ալեքից հետո քիչ ապրեց՝ ընդամենը երեք ամիս: Նախ՝ ոչ ոք չկամեցավ հեծնել: Ազատություն էին տվել: Արձակ դաշտերը, ալպյան մարգագետինը թողած՝ պտտվում էր գյուղի բոլորքը, վերջը գտնում էին շիրմատանն արածելիս: Ոմանց համոզմամբ՝ խորհուրդ կար դրանում, խիղճը, իբր, հանգիստ չէր տալիս: Գուցե այդպես չէ՞ր, գուցե ջրում եղած ժամանակ հարվա՞ծ էր ստացել, կամ թե ցրտառե՞լ, որովհետև ճշմարտություն է և այն, որ հաճախակի փռշտում էր, թափահարում գլուխը:

Մերուժը ոտքի ելավ: Լուսանում էր, թռչուններն ամենօրյա համերգն էին տալիս: Ջուրն ուղղեց իրենց կողմը: Կինը, եթե սրտից էր խոսում, պիտի որ գոհ մնա: . Առնվազն չորս-հինգ շարք կհասցնի ջրել: Աղբյուրին կիպ երկանիվ սայլ կար կանգնած: Ջրկիրը չէր երևում: Ռետինե փողրակը հագցրել էր ակին, ու ջուրը խշշյունով լցվում էր տակառը: Ձիերից մեկը գռից անհավես ջուր էր ծծում, մյուսը գլուխը ցից՝ կրծում էր լկամը: Սանձափոկերը դրված էին խաչուկին: Մարդն այնպիսի ժամ էր ընտրել, որ խանգարող չլինի:

Առվի ափով շարունակեց ճանապարհը: Միայն մի տեղ ճիմը թեթևակի կողմ էին տարել, ու ջուրը քիչ քանակությամբ մտնում էր խռվակ: Անուշադիր աչքը չէր նկատի, տեսնելիս էլ կմտածեր՝ մարդու ձեռքի գործ չէ: Տեսնես ո՞ր հեգ պառավի արածն է: Եթե Հոլոն է, ոչինչ, թող հոսի, չեղածի հաշիվ է:

Մինչ այդ արևը դուրս եկավ: Ճառագայթներն սկզբից առան շենը հյուսիս-արևմտյան կողմից հսկող լեռնալանջին, սահեցին Ծակ քարի վրայով, խոզան արտերով հասան ասֆալտապատ մայրուղուն: Լուսաշերտի ընթացքին հետամտող Մերուժը նշմարեց գյուղ մտնող մեքենան: սկզբոււմ առանձնակի ուշադրություն չդարձրեց, բայց երբ ավտոն ակումբի մոտ թեքելով՝ մտավ իրենց փողոց, տագնապեց: Աչքը մեքենային, բահն ուսած՝ վազեց: Բարդիների շարքը թերթող մարդատարի ճերմակ փայլը արևի շողերի անդրադարձից կուրացնում էր. չհասցրեց կարդալ կողի գրությունը: Թվաց, վարորդի կողքին նստածը Պարույրն է: Եղբայրն առավոտ վաղ ի՞նչ գործ ունի գյուղում: Մեքենայի ճակատին կարծես խաչ էր նկարած, չլինի՞...

Նա սարսափած՝ միտքը վանեց հեռու: Ի՞նչ կա որ՝ Համզեին դուրս են գրել, ու Պարույրը վարորդին խնդրել է մեքենայով տուն հասցնել, կամ թե՝ հորը պատիվ են արել, շրջկենտրոնում նրան գիտեն, քեռին հարգված մարդ է: Հնարավոր է, նախորդ օրը մինչևիսկ հասցրել է խանութ մտնել ու գիրք, տետր, շոր-կոշիկ առած է գալիս:

Բահը խանգարում էր, իջեցրեց ուսից, ձեռքն առավ: Սուրբ Ստեփանոս Նախավկա, դու քո աջով հովանի եղիր մեր ընտանիքին, մի պղտորիր մեր օրը, այս պայծառ երկնային լույսից մի զրկիր մեզ, մի սևավորիր:

Հուզումի՞ց, վազքի՞ց, թե՞ անքնությունից աչքին ամեն ինչ սկսեց մշուշվել, ճամփեզրի ծառերը, թվում էր, հիմա, հիմա, ճարճատյունով կփշրվեն, կթափվեն վրան, կերկարեն ձեռքերը՝ թույլ չտալով հասնել Համազասպ հորը:

Ապա բաշը քամուն պարզած սևաթույր երիվար հայտնվեց, ինչպես վրահաս գիշեր: Ձեռքը գցեց, չկարողացավ կախվել երասանից: Արծի՞վն էր... Նույն ակնթարթին ձայն հասավ ականջին՝ խաղաղվիր, որդիս, դու ճանապարհ ունես անցնելու, ու քո ձին ուրիշ է:

Հեղինակ` Aram Hovhannisyan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Aram Hovhannisyan
12:55, 12.03.2023
2969 | 0
08:25, 16.09.2020
3955 | 0
11:28, 20.06.2020
10505 | 0
09:08, 09.03.2020
6873 | 0
15:26, 07.12.2019
6699 | 0
11:20, 11.01.2019
18007 | 0
դեպի վեր