ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ՓՈՇԵԾՐԱՐ ՔԱՂԱՔ
15:26, 07.12.2019
6653 | 0

Դեկտեմբերի յոթ։ Մեր պատմությունից այսուհետ չջնջվող ահեղ օր... Աշտարակի կամուրջը տեղ չի տալիս, լուսահեղեղին վերջ չկա: Դա առաջին չմոռացվող պատկերն է, առաջին ցնցումը: Երկրորդը Շիրակի հարթավայրին իջած սահմռկեցուցիչ խավարն էր, չարագուշակ լռությունը, որ Հոռոմի կամրջից սկսած պատեց և մեզ՝ դժոխք աճապարողներիս: Երրորդը հիսունին մոտ մարդ էր՝ առաջին մարդը, որին հանդիպեցինք Գյումրիում: Զույգ ձեռքը գլխին տալով գալիս էր. ոչ թե մղկտում էր, լալիս, կոծում, այլ ուղղակի՝ խփում էր ու առաջանում: Հասավ մեզ, չնկատեց, անցավ: Տարօրինակ էր՝ մայթին վառած կրակի շուրջ նստածները մինչևիսկ չնայեցին մարդու կողմը, չտարակուսեցին, ոչ մեկը տեղից չելավ, չհետաքրքրվեց՝ ով է... Հետո՝ տառացիորեն մի քանի րոպե հետո նրանց վարքը հասկանալի դարձավ, երբ ուրվագծվեցին փլատակները...

Ինչե՜ր չտեսանք: Իսկ Աստվա՞ծ: Հավանաբար, վերևից նկատեց ամեն բան՝ երկրի շարժվելը, ծառերի կեռվելը, ալիքվող հողը, ճապաղվող շենքերը, և թե ինչպես են մանկտիք, տարեցներ, ջլապինդ այրեր ու գեղադեմ տիկնայք հենարան որոնում, անզոր թպրտում օդում, ճզմվում քար ու հեծանի, ծածկասալերի տակ: Տեսավ ու, անկարող հետևելու, շտապով անթափանց փոշով ծրարեց ողջը, խծուծեց լսելիքը...

Լուսացավ: Ի՜նչ լուսանալ. արեգակի շողերը քաղաքի վրա կանգնած մշուշը ճեղքելու ուժ չունեին, օդ չկար, պաղությունից երեսներիս մաշկը կեղև էր տալիս: Երևի թե արհավրալի կռվից հետո մեռնող հողագունդը ևս նույն տեսքն ունենա, վերջին դատապարտյալները մեզ պես անօգ դեգերեն...

Հոգնությունից ծալվող մեր ծնկների, անտերունչ հայացքների սփոփանքն օգնության շտապածների հարյուրապատկված, հազարապատկված շարքերն էին, ամբարձիչներով, ինքնաթափներով էր ծեփած հետդարձի ճանապարհը, երկնքում հռնդյուն կար ինքնաթիռների...


Հեղինակ` Aram Hovhannisyan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Aram Hovhannisyan
12:55, 12.03.2023
2681 | 0
08:25, 16.09.2020
3904 | 0
11:28, 20.06.2020
10459 | 0
09:08, 09.03.2020
6829 | 0
15:26, 07.12.2019
6654 | 0
11:20, 11.01.2019
17940 | 0
դեպի վեր