Այս ՏԵՍԻԼՔԸ ինձ ուղեկցում է արդեն երկու տասնամյակից ավելի: Վերջը որոշեցի գրել զգացողություններս: Կարծում եմ՝ շատերին ծանոթ կլինի: Մի քիչ երկար է ստացվել, սակայն քսան տարվա ապրումները ավելի կարճ հնարավոր չեղավ ներկայացնել:
ԴՌՆՓԱԿ ՏԵՍԻԼՔ
Փակում եմ աչքերս,
երևում է դուռը`
բացում եմ աչքերս,
երևում է դուռը՝
դրված երկարուձիգ
հողե գետնուղու մուտքին կամ՝ ելքին,
նայած՝ որ կողմից նայես,
դուռը` երկաթե մտքերով գամված
իր քարե շրջանակին քառակուսի,
մագնիսի պես դեպի իրեն ձգող
մարդկային քարավանը անհեթեթ:
Ես, մարդկային գետի մեջ` գետնուղով հոսող,
քայլում եմ դեպի վեր, դեպի դուռը,
դեպի փրկությունը.
այդպես գիտենք բոլորս
իրարից զատ ու միասին:
Մարդիկ ու ես
հողե երակով հոսում ենք
աչքներս դեպի դուռը,
դեպի` փրկությունը:
Դժվար է ուղին, զարհուր է փայլը,
դեղին, ծանր, ծորուն,
շնչելը պատժելի բաղձանք է,
և հանցանք է ամեն մի քայլը դեպի դուռ.
օ, դժվար է տանել երկինքը մտքում,
աչքերում պահել անքուն լույսը,
հույսը հողոտ պատերից թափվում
ցեխվում է, հոսում գետնուղով,
մեզի, քրտինքի, հառաչանքների հետ ու ստվերների:
մութը կաթում է առաստաղից մեր դեմքին վհատ,
սիրտս պայթում է, խփվում պատեպատ,
այլ սրտերի հետ,
ծանր իջել է աղոտ անապատը
գետնուղում քայլող սրտերին պապակ,
դեպի դուռը հոսող մտքերին թափառ:
Միայն ես կարող եմ բացել,
թվում է ինձ,
միայն ես կարող եմ բացել,
թվում է ուրիշին,
միայն ես կարող եմ պահել փակ դուռը`
սևքարե մի հրեշտակ դուռը,
դուռը զառանցանք ծանր.
այրող, քարե լուսամփոփ ամրակուռ:
Ես դռան մոտ եմ, բացում եմ քարը,
բացում եմ հրեշտակը սևադեմ,
դեղի՜ն, մահահոտ մի լույս
ծորում է վերև ալարկոտ,
իսկ դռնից այն կողմ... դարձյալ ես եմ,
իսկ իմ հետևից մարդկային գետը հոսող:
Իմ ներսում գիտեմ զարհուրանքով անգութ`
դուռը դժոխքինն է,
դուռը դրախտինն է,
դուռը իմ մտքինն է,
որ ելք է կարծես և մուտք,
որ գետնուղու մուտքի կամ ելքի վրա
պառկել է անկիրք,
որպես հանգած մի ******,
կամ մոռացված պատգամ,
կամ խոստացված մի ողորմ:
կամ մահացած մի հողմ:
Չեմ հիշում արդեն իմ մոռացածը,
չգիտեմ տեսածը գետնասող,
մնացածը ահ է, հոգու որսորդ,
մնացածը մահ է:
Փակում եմ աչքերս
ու չգիտեմ արդեն`
ո՞ր կողմում եմ դռան,
Արդեն ինձ լքել են
և’ Աստված ամենագո,
և’ սատանան անգո,
և’ մարդիկ անգամ.
և դուռը ես եմ,
և դուռը չկա...