ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+28 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑԻ
13:36, 19.08.2017
9022 | 0

Գրիգոր Նարեկացի

ԲԱՆ Գ ՍՐՏԻ ԽՈՐՔԵՐԻՑ ԽՈՍՔ ԱՍՏԾՈՅ ՀԵՏ
Ա
Տէ՛ր իմ, Տէ՜ր պարգեւատու, ինքնաբուն բարի,
Բոլորին տիրող հաւասարապէս, միայն արարիչ դու ամէն ինչի.
Փառաւորեալ անքնին, ահեղ ահարկու, սոսկալի հզօր,
Անպարագրելի, անմերձենալի, անըմբռնելի, անիմանալի,
Անճառելի, անտեսանելի, անզննելի, անշոշափելի, անորոնելի,
Անսկիզբ եւ անժամանակ, անշամանդաղ գիտութիւն,
Համարձակ տեսողութիւն, ճշմարիտ էականութիւն,
Բարձր եւ խոնարհ, օրհնաբանուած գոյութիւն.
Անստուեր ծագում, ամենափայլ ճառագայթ, խոստովանուած լոյս,
Անտարակոյս վստահութիւն, կատարեալ հանգիստ,
Անհեղելի կնիք, անսահման պատկեր, վկայուած անուն,
Ճաշակ քաղցրութեան, բաժակ բերկրութեան,
Հաց` հոգին հաստող, սէր` մթանն օտար, աներկբայ խոստում,
Ծածկոյթ ցանկալի, զգեստ անկապուտ, օթոց բաղձալի,
Զարդ վայելչական, մեծազօր պաշտպան, գովուած ապաւեն,
Աննուազելի շնորհ, անպակասելի գանձ,
Անապական անձրեւ, արփիացնցուղ ցող,
Ամենաբոյժ դեղ, ձրի բժշկութիւն, կրկնաձիր առողջութիւն,
Վեհագոյն խրախոյս, անպատիր կոչում, հանուր աւետիս,
Ստրկամեծար թագաւոր, աղքատասէր պաշտպան, մշտահարուստ տուող,
Անխափան ընթացք, աննահանջ հրաման,
Անհամառօտ յոյս, երկար տեսողութիւն, տուրք անզղջական,
Ամենաբաշխ աջ, արդարակշիռ ձեռք, անաչառ աչք,
Մխիթարիչ ձայն, սփոփարար լուր, բերկրութեան բերումն,
Անուն կենդանի, նախախնամող մատ,
Անմոլար ճամփայ, անխարդախ ընթացք, կենդանարար կամք,
Աննենգելի խրատ, աննախանձ պատիւ, լայնարձակ հնարք,
Անձկական պայման, անգտնելի հետք, աներեւոյթ շաւիղ,
Անչափագիր պատկեր, քանակութի՜ւն անսահման,
Աննմանական տիպ, անզուգական գութ, ողորմութիւն բազմազեղ,
Խոնարհութիւն տօնելի, համբոյր փրկարար,
Կա՜ն դեռ շատ ուրիշ խօսքեր աւելի վեհ ու վայելուչ
Նուիրելու քեզ` աստուածութեանդ:
Օրհնուած, գովուած, բարեբանուած, քարոզուած, աւետարանուած,
Հռչակուած, հնչեցուած, պատմուած,
Աղաչուած կամքով անխաբելի,
Եւ դեռ ինչ որ դու ներշնչում ես մեզ քաղցր բխումով,
Որոնք մեր յաջորդ ճառերում պէտք է որ լուսաբանուեն:
Որով եւ պիտի դու զուարթանաս իմ փրկութեամբ, ո՜վ երանութիւն,
Ախորժ զգացմամբ լցուած լիուլի:
Դատարկ բառերով հիւսուած երգով չէ, որ փառաւորւում ես դու,
Այլ իմ այս փոքրիկ աղերսը թող որ դառնայ մի պատճառ քո մեծ փրկութեան:

Բ
Ողբե՜ր երգեցի ես շարահիւսուած այս նոր մատեանում, -
Որն իբրեւ կցորդ, մեծապէս գիտակ բոլոր վշտերի`
Նշաւակում է ուրոյն պատկերով կրքերը ամէն մարդու պատահող, -
Այս երկրում ապրող ամէն հասակի բանականների համար անխտիր,
Աշխարհում ցրուած բազմասփիւռ բոլոր քրիստոնեաների,
Բոլոր նրանց, որոնք կեանքի առաջին շրջանումն են,
Եւ նրանց, որոնք արբունքի են հասել,
Նրանց, որ մօտ են անկար ծերութեամբ կեանքի վախճանին,
Մեղաւորների եւ արդարների,
Բարձրահոն ինքնամեծարի եւ իր սխալն ընդունող անձնադատի,
Բարիների եւ եղեռնագործների, նկունների եւ արիների,
Ստրուկների եւ հպատակների,
Գերաշխարհիկների եւ սեպուհների, միջակների եւ պայազատների,
Շինականների եւ տոհմիկների, արուների եւ էգերի,
Հրամայողների եւ հնազանդուողների, վսեմների եւ նուաստների,
Վեհերի եւ փոքրերի, ազնուականների եւ ռամիկների,
Ձիավարժների եւ հետեւակների, քաղաքացիների եւ գեղջուկների,
Ահաւորի սանձով բռնուած գոռոզ արքաների,
Վերնականների հետ խօսակցող մենակեացների,
Մաքրակենցաղ եւ տիրանուէր զգաստների,
Երջանկակրօն եւ ընտրելագոյն քահանաների,
Վերակացու եւ բարեզգեցիկ առաջնորդների,
Նախաթոռ գահակալների, սրբանուէր տեսուչների համար,
Որոնցից ոմանց` աղերս-աղաչանք եւ ոմանց` բարի խրատներ
Հօրինեցի ես աղօթքի համար` այս մատենիկով,
Որ հոգուդ զօրութեամբ եմ ձեռնարկել,
Գրի առնելով մաղթանքներ պէս-պէս,
Որպէսզի խնդրանքներն այս բոլորի սրանով ընդմիշտ
Քո մեծ գթութեա՜նը ներկայացուեն:

Գ
Արա՛ այս մատեանն ընթերցողների սրտերը յստակ,
Բժշկի՛ր նրանց հոգիները դու եւ յանցանքները սրբի՛ր,
Թո՛ղ պարտքերը նրանց եւ արձակի՛ր կապանքները մեղքի:
Արտասուքները թող բխեն սրանով հրահանգուողների,
Եւ թո՛ղ սրանով պարգեւի նրանց իղձ ապաշաւի:
Շնորհուի թող, ո՜վ Տէր, նրանց հետ եւ ի՛նձ զղջումի կամք,
Ինչպէս եւ նրանց` ի՛մ իսկ բառերով` շունչ բարեհամբոյր.
Թող այս մատեանով եւ ի՛նձ նուիրուի պաղատանքը նրանց,
Եւ իմ խօսքերով իմ փոխարէն էլ խնկուեն նրանց հեծեծանքները:
Ողբերգութիւնն այս սիրով ճաշակող սրտերում թող որ
Շնորհիդ լո՜յսը մտնի եւ բնակուի:
Եթէ պատահի, որ ինձ համար բարեպաշտները սրանով քեզ ընծայուեն,
Ի՛նձ էլ ընդունիր, գթած, նրանց հետ, որոնք կենդանի են քեզ համար.
Եթէ սրանով մեղքերը մաքրող արցունքներ կաթեն աչքերից,
Ո՜վ խնամակալ, անձրեւի՛ր նաեւ նրանք ի՛նձ վրա:
Հաղորդակիցներն այս կենաց գրքի` թող փրկուածներին լինեն դասակից:
Քո կամքով, օրհնեալ, թող որ նաեւ ե՛ս համարուեմ փրկուած:
Եթէ խօսքերի իմ ազդեցութեամբ որեւէ մէկի սրտի խորքերից
Հնչեն հառաչներ աստուածահաճոյ,
Թող որ նրա հետ, ո՜վ բարձրեալ, եւ ե՛ս օգտուեմ քեզանով.
Թէ մաքուր մի ձեռք անուշ խունկերով առ քեզ կարկառուի,
Թող իմ ձայնի հետ հասնի, միանայ
Եւ ա՛յս աղերսանքն առ քեզ մատուցուող` աղօթքների.
Եթէ ուրիշներն էլ պաղատանքներ երկնեն ինձ նման, բազմաբովանդակ,
Նրանցով ե՛ս էլ թող որ քեզ կրկին նուիրուած լինեմ:
Եթէ բանաւոր պատարագն այս իմ հաճոյ լինի քեզ եւ գնահատես,
Ուրիշներինն էլ, առաջ, քան թէ իմ, թող քեզ ընծայուի.
Եթէ տրտմութեամբ մի ոք սրտաբեկ նուաղի տկար,
Թո՛ղ կանգնի դարձեալ հառաչանքների այս հաստարանով` քեզնով յուսադրուած.
Եթէ ամբարտակն ապահովութեան խորտակուի մեղքով,
Թո՛ղ որ քարերովն այս պատշաճապէս կառուցուի՜ դարձեալ, աջովդ պաշտպանուած.
Եթէ յանցանքի սրով կտրուի յոյսի լարը ձիգ,
Ամենակալիդ կամքով թող դարձեալ կցուի ամրապէս` քո պատուաստումով.

Դ
Եթէ հոգեկան ցաւի մի վտանգ պաշարի մէկին մահացու կերպով,
Թող որ փրկութիւն գտնի սրանով` յոյսով ապրելու,
Ո՜վ կեցուցիչդ քեզ աղօթողի:
Տարակուսանքի տագնապով եթէ խոցոտուի մի սիրտ,
Թո՛ղ քո քաղցրութեամբ` բուժուի սրանով եւ առողջանա.
Թէ անքաւելի մեղքի կորստեամբ մէկն ընկղմել է խոր անդունդի մէջ,
Այս կարթով թող որ դէպի լո՜յսը գայ` քո պաշտպանութեամբ.
Թէ խաւարային գործերով թմրած` ուժասպառ է ոք,
Թող որ զօրանայ քեզ ապաստանած, միա՜կ ապաւեն.
Եթէ պահպանակը վստահութեան լքել է մէկի հոգին,
Ա՛յս միջնորդութեամբ թող ձեռքդ նրան ընդունի դարձեալ եւ ամրապնդի.
Եթէ ոք հսկող պահապաններից հեռու դեգերի,
Այդպիսին թող որ սպասի սրանով նորոգչիդ դարձին.
Եթէ դիւային ջերմի սարսուռը խռովի մէկին,
Սթափուի՛ թող նա խաչիդ խորհրդի
Այս խոստովանուած ու երկրպագուած նշանի առջեւ.
Անօրէնութեան խորտակիչ հողմի մրրիկը եթե
Մարդու մարմնեղէն շինուածքն աշխարհի ծովում հարուածի,
Թող որ քո կողմից շինուած այս ղեկով, առագաստներով խաղաղուի՜ դարձեալ:

Ե
Մատեանն այս ողբերի, որ քո անունով սկսեցի, բարձրեա՜լ,
Թո՛ղ կենսատու դեղ ու դարման լինի
Եւ բժշկի քո արարածների հոգու եւ մարմնի ցաւերը բոլոր:
Սկսածն այս իմ` իր աւարտին հասցրու դու
Եւ թող քո հոգին խառնուի սրան:
Մեծիդ նորոգող շունչը թող միանայ ինձ շնորհածդ այս բանաստեղծութեանը,
Քանզի դո՛ւ ես լոկ տալիս զօրութիւն վհատ սրտերին
Եւ ընդունում փա՜ռք բոլորից. ամէն:

Հեղինակ` Armenak Avetisyan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Armenak Avetisyan
18:08, 15.11.2017
8825 | 0
21:33, 14.11.2017
7897 | 0
21:25, 14.11.2017
9528 | 0
08:10, 14.11.2017
7301 | 0
20:25, 13.11.2017
10044 | 0
19:33, 13.11.2017
10947 | 0
18:25, 13.11.2017
8529 | 0
21:15, 12.11.2017
8463 | 0
22:53, 11.11.2017
17396 | 0
20:52, 11.11.2017
7514 | 0
20:11, 11.11.2017
7826 | 0
16:10, 11.11.2017
8766 | 0
10:42, 11.11.2017
8242 | 0
17:13, 10.11.2017
8988 | 0
15:20, 10.11.2017
11223 | 0
15:39, 09.11.2017
8072 | 0
21:54, 07.11.2017
8046 | 0
16:32, 06.11.2017
8629 | 0
14:24, 03.11.2017
7613 | 0
դեպի վեր