ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +29 °C Վաղը`+29 °C
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՏԱԹԻ, ՆԱՊԱՍՏԱԿԻ ԵՎ ԳԱԶԱՐԻ ՄԱՍԻՆ /պատմվածք/
09:31, 23.09.2017
33420 | 0

Բերքահավաքից hետո դաշտում մի գազար մնաց: Բախտ էր, բահի բերան չընկավ: Հողակտորին մերձ ձորակում էլ նապաստակն էր ապրում: Երբ ցրտերն ընկան, ու դաշտն ամայացավ, սա համարձակություն ձեռք բերելով՝ վճռեց կտրել ձորակը սևահողից բաժանող առվակը: Դես ման եկավ, դեն ման եկավ, մեկ էլ, հոպ, դեմը ելավ գազարը: Հողը թեթև ետ էր գնացել, ու նա, գլուխը ցից, սպասում էր շլդիկին: Դե, էլ ինչ նապաստակ, եթե քաղցր արմատ տեսնելով, չնվաղի. վրա ընկավ, սկսեց քաշքշել: Տռուզ մարմինը հողում խրած գազար էր, գետինը՝ պինդ, շուտ տեղի չտվեց:

Վերջապե՜ս: Այ քեզ գազար. Ուտելով չես պրծնի: Կողից մի քիչ կրծեց, հագեցավ: Հետո տեսավ, հեչ, ասես ատամ կպած չլինի, մտմտաց՝ ինչպես տուն տանի: Քիչ հեռվում պղնձալարի փափուկ կտոր կար: Գցեց գազարի մեջքով, պնդելուց հետո շալակն առավ ու հայդե՝ տուն:
Դու մի ասա, Տաթն այդ օրը հոր հետ դաշտ էր եկել: Ելել էին մաքուր օդի, համ էլ առիթ էր՝ մասուր պիտի քաղեին: Հավաքողը, պարզ է, հայրն էր, իսկ Տաթն իր քեֆին ման էր գալիս: Մեկ էլ աղջնակ ու երկարականջ իրար դեմ ելան:
-Վայ, -վախեցավ շլդոն:
-Բարև, նապաստակ, -ասաց Տաթը: -Ո՞նց ես:
-Լավ եմ, - ուշքի եկավ նապաստակը: -Դու ինձ որտեղի՞ց գիտես:
-Գրքերից: Բեռդ ծանր չէ՞, օգնեմ:
Կենդանին ցած դրեց գազարը: Շունչն իսկապես կտրվել էր, հևոցով էր խոսում:
-Ուզու՞մ ես քեզ տամ, -աղջկա ժպիտից գերված՝ իր համար իսկ անսպասելի առաջարկեց:
-Չէ, ի՜նչ ես ասում: Տար ձագուկներիդ: Քանի՞սն են:
-Ձագու՞կ… Չունեմ: Ձմռան ավարտին՝ գուցե, -հետո համարձակություն հավաքեց. -Քո անունն ի՞նչ է:
-Տաթև, բայց հայրիկը Տաթ է ասում, Տաթո, Ձագուկ…
Խոսքի վրա հայրը ձայնեց.
-Տաթ, ձագս, արի…
-Ես գնամ: Նապաստակ, օգնե՞մ շալակդ առնես:
-Չէ, մենակ էլ կարող եմ: Շնորհակալություն:
-Դու որտե՞ղ ես ապրում: Գարնանը եթե գամ, կթողնե՞ս ձագերիդ հետ խաղամ, սիրեմ: Ճիշտ եմ ասում՝ չեմ վնասի:
-Ոնց չէ…Այ, է՜ն ձորակում:
-Տա՜թ, -վերստին լսվեց հոր ձայնը:
-Գալիս եմ, հայրի՜կ…
Աղջիկը քայլ արեց հոր կողմը, իսկ երկարականջը, մի քիչ տխուր, որ բաժանվեցին, ուրախ, որ բարեկամ գտավ, ուսը դեմ արած կարմիր արմատին՝ հետևում էր հեռացող երեխային:
Պաղ, սակայն արևոտ աշուն էր, Աստծո խաղաղիկ օր:

«Խարիսխ» ժողովածուի «Ծաղկոց» շարքից, 2003:

Հեղինակ` Aram Hovhannisyan
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Կիսվի՛ր այս նյութով՝
Aram Hovhannisyan
12:55, 12.03.2023
2773 | 0
08:25, 16.09.2020
3911 | 0
11:28, 20.06.2020
10468 | 0
09:08, 09.03.2020
6835 | 0
15:26, 07.12.2019
6664 | 0
11:20, 11.01.2019
17948 | 0
դեպի վեր