Mamul.am
Ամբողջական տարբերակ
USD 476.22, EUR 526.22, RUB 7.39, GBP 593.51
+27 °C, +15 °C ... +28 °C Վաղը`+29 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
«Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Արցախի անվտանգության երաշխավորը
23:54, 07.09.2019

«Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Արցախի անվտանգության երաշխավորը




Գեներալ-լեյտենանտ Արշավիր Սուրենի Ղարամյանի (ծնվ. 22.07.1965թ.) անունը հայտնի է ոչ միայն Արցախում։ 2019 թվականի հունիսի 26-ին Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը ստանձնած «Արցախի հերոս», «Ոսկե արծիվ» շքանշանների ասպետը, ով իր ժամկետային զինվորական ծառայությունն անցկացրել է ԽՍՀՄ ԶՈՒ խաղաղօվկիանոսյան ռազմա-ծովային նավատորմում, ավարտելով ծառայությունը վերադարձել է հայրենիք ու անցել երկիրը շենացնելու գործին տնտեսագետի իր գիտելիքների կիրառմամբ։ Լինելով իր ժողովրդին և հայրենիքին նվիրված անձնավորություն Արշավիր Ղարամյանը, ում ընկերներն ու հարազատները Արշո են անվանում, իր քաղաքացիական պարտքն էր համարում հարազատ ժողովրդին ծառայելը։ 1991 թվականից՝ զինված պայքարի առաջին օրերից մասնակցել է ազատության ու անկախության համար մղվող արցախյան գոյամարտին՝ կազմավորելով և ղեկավարելով Ակնաղբյուրի կամավորական խումբը։ Իր գործունեության ընթացքում կատարել է թե՜ վարչական ու թե՜ զինվորական հրամանատարական աշխատանք, երբեք չի խուսափել պատասխանատվությունից, միշտ աշխատել է ավագ ընկերոջ օրինակով սատարել ու ոգևորել իր աշխատակիցներին, կրտսեր ընկերներին։ Նա այն հայ գեներալներից է, ով սեփական ճանապարհը հաղթել է օրինակելի վարքով և եռանդուն ու հայրենանվեր աշխատանքով՝ շարքային ծառայողից մինչև դատախազ, ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, ապա ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար։ Բարձրաստիճան զինվորականի տիտղոսը չի փոխել նրա մարդկային որակն ու սկզբունքները։ Նա մեծի հետ հարգալից ընկեր է, փոքրի հետ՝ սիրող ավագ ընկեր։ Այսօր էլ, լինելով քայլող լեգենդ և վայելելով յուրաքանչյուր հայրենասեր հայի սերն ու համակրանքը, Ա․ Ղարամյանը իր ազգանպաստ ու պետականամետ գործունեությամբ պայքարում է Արցախի Հանրապետության անկախության միջագային ճանաչման համար, այդպիսով՝ մոտենալով հայոց գլխավոր երազանքին՝ ունենալ միացյալ հայրենիք։ Ա․ Ղարամյանը օր ու գիշեր մտածում է` ինչպես ավելի անվտանգ դարձնել մեր զինվորի ծառայությունը։ Այսօր նա «Եղնիկներ» -ում է գործի բերումով, վաղը Մռովն է ավելի անառիկ դարձնում՝ տեղադրելով հետախուզության և մոնիթորինգի իրականացման նորագույն տեխնոլոգիական սարքեր։ Նրա հետ յուրաքանչյուր հանդիպում տոն է զինվորի համար, տոն, որը ոգևորություն է բերում առաջնագծի տիրակալ զինվորին, ավելացնում նրա պատասխանատվությունը։ Ամեն զինվորական բարձրաստիճան հրամանատարր չէ, որ աշխատանքային օրվա մեծ մասն անց է կացնում իր զինվորների հետ։ Ա․ Ղարամյանը այն հրամանատարներից է ում համար թանկ է յուրաքանչյուր զինվոր, քանզի նրա համար զինվորն անհատականություն է և ոչ թե հավաքական անդեմ կերպար։ Նա սիրով է օգնում երիտասարդ հրամանատարներին ու զինանձնակազմին, հորդորում, բացատրում, լուսաբանում նոր զենքերին ու անվտանգության միջոցներին առնչվող հարցեր, չի զլանում իր խորհուրդներով և անձնական օրինակով դաստիարակել նրանց։ Գեներալի համար Արցախի անվտանգությունը սկսվում և ավարտվում է առաջնագծում, որտեղ նրա զինվորն է, իսկ հարևանությամբ՝ ընտանիքն ու զավակները, ժողովուրդը։ Արշավիր Ղարամյանը՝ Արշոն մեծ պատասխանատվությամբ, սիրով ու նվիրումով է կատարում իրեն վստահված աշխատանքը։ Վստահ ենք, որ Արցախի անվտանգությունն այսօր գտնվում է հուսալի ձեռքերում։

Նաիրա Գասպարյան
Արցախ
«Նիդերլանդական օրագրի» համար
Մամուլի խոսնակ` Նիդերլանդական Օրագիր
Տեղեկացնում ենք, որ նյութը հրապարակվել է "Մամուլի խոսնակ" նախագծի շրջանակներում:
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
Նիդերլանդական Օրագիր
դեպի վեր