MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+29 °C, +16 °C ... +29 °C Tomorrow:+28 °C
Նաև ռուս ժողովուրդը՝ լենինյան բոլշևիզմի ոճրագործությունների զոհ (6)
21:48, 16.03.2024
475 | 0

1918 թվականի նոյեմբերի 3-ին «Ուտռո Մոսկվի» թերթին տրված հարցազրույցում Ձերժինսկու աջ ձեռքը հանդիսացող Յա. Պետերսը խոստովանել է. «Պետերբուրգում, ես կասեի, հիստերիկ տեռորին ամենից շատ առնչվել են այն փափկամարմին չեկիստները, որոնք հանվել են հավասարակշռությունից և չափից դուրս եռանդուն են գործել: Մինչև Պետրոգրադում Ուրիցկու սպանությունը գնդակահարություններ չեն եղել, և ես պետք է ասեմ, որ, հակառակ տարածված կարծիքի, ես այդ աստիճան արյունարբու չեմ, որքան կարծում են, մինչդեռ Մոսկվայում Լենինի նկատմամբ մահափորձից հետո գնդակահարվել է ընդամենը մի քանի ցարական նախարար»:

Բայց և այնպես, ինչպես հաղորդել է «Իզվեստիա» -ն, սեպտեմբերի 3-ին և 4-ին Մոսկվայում գնդակահարվել է «հակահեղափոխական ճամբարին» պատկանող շուրջ 89 պատանդ: Նրանց մեջ են եղել Նիկոլայ 2-րդի երկու նախկին նախարարները (ներքին գործերի նախարար Ա. Խվոստովը և արդարադատության նախարար Ի. Շչեգլովիտովը): Սակայն առկա են բազում վկայություններ առ այն, որ «սեպտեմբերյան սպանություններ» -ի ժամանակ մոսկովյան բանտերում հարյուրավոր պատանդներ են գնդակահարվել: Եվ կարմիր տեռորի այդ օրերին Ձերժնսկին կարգադրել է հրատարակել «ՎՉԿ-ի շաբաթաթերթ» -ը: Այս օրգանին հանձնարարված է եղել գովազդել քաղաքական ոստիկանության ծառայությունները և համակողմանիորեն նպաստել զանգվածների մեջ «արդարացի վրեժի ծարավին»: Բազում բոլշևիկյան ղեկավարների պահանջով կուսակցության Կենտրոնական կոմիտեի կողմից վեց շաբաթ անց թերթը փակվել է, բայց ընդհուպ մինչև փակումը «Շաբաթաթերթ» -ն անամոթաբար ու անգթորեն պարբերաբար հրապարակումներ է տպագրել պատանդներ վերցնելու, համակենտրոնացման ճամբարներ նետվածների, մահապատիժների և այլ գարշելի արարքների մասին: Այն հանդիսացել է յուրօրինակ աղբյուր 1918 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կարմիր տեռորի պատմության: Այնտեղ կարելի է կարդալ, որ Նիժնի Նովգորոդի ՉԿ-ն, գործելով Նիկոլայ Բուլգանինի (1955 – 1958 թվականներին գլխավորել է ԽՍՀՄ կառավարությունը) ղեկավարությամբ, օգոստոսի 31-ից սկսած գնդակահարել է 141 պատանդի, 700 պատանդ ձերբակալվել է երեք օրում: Եկատերինբուրգից Վյատկա տեղափոխված Ուրալյան ՉԿ-ն զեկուցել է մեկ շաբաթում 23 «նախկին ժանդարմներ» -ի, 154 «հակահեղափոխականների» -ի, 8 «միապետականներ» -ի, կադետների կուսակցության 28 անդամի, 186 «սպա» -ի, 10 «մենշևիկի և ձախ էսեռի» գնդակահարության մասին: Իվանովո-Վոզնեսենսիկ ՉԿ-ն հաղորդել է 181 պատանդ վերցնելու, 25 «հակահեղափոխականներ» -ի գնդակահարության և «1000 տեղանոց համակենտրոնացման ճամբար» կազմակերպելու մասին: Սեբեժա փոքրիկ քաղաքի ՉԿ-ն գնդակահարել է 15 կուլակի ու տերտերի, որոնք պատարագ են մատուցելիս եղել արյունարբու բռնակալ Նիկոլայ 2-րդի հիշատակին: Տվերի ՉԿ-ն 130 մարդու է պատանդառել, 39 մարդու գնդակահարել է: Պերմի ՉԿ-ն 50 մարդու է գնդակահարել: Կարելի է շարունակել մահվան այս կատալոգը, որը քաղված է «ՎՉԿ-ի շաբաթաթերթ» -ի վեց համարներից: Տեղական այլ թերթեր ևս 1918-ի աշնանը հաղորդել են հարյուրավոր ձերբակալությունների ու մահապատիժների մասին: Սահմանափակվենք միայն երկու օրինակով. «Ցարիցինի նահանգային չեկայի «Իզվեստիա» թերթի միակ համարը հաղորդել է մեկ շաբաթում 103 մարդու գնդակահարության մասին: 1918-ի նոյեմբերի 1-ից 8-ը տեղի ՉԿ-ի դատարանում դատվել է 371 մարդ. նրանցից 50-ը դատապարտվել է մահվան, մյուսները նետվել են համակենտրոնացման ճամբարներ որպես պատանդներ: Պենզայի նահանգային չեկայի «Իզվեստիա» թերթի միակ համարն առանց որևէ մեկնաբանության հաղորդել է. «Պետրոգրադցի բանվոր ընկեր Եգորովի սպանության համար գնդակահարվել է 152 սպիտակգվարդիական: Առավել խիստ միջոցներ կգործադրվեն նրանց նկատմամբ, ովքեր կհամաձակվեն ոտնձգություն կատարել պրոլետարաիատի երկաթյա բազուկի դեմ»:

(շարունակելի)

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
406 | 0
09:44, 13.04.2024
465 | 0
11:39, 08.04.2024
444 | 0
to top