MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +17 °C ... +29 °C Tomorrow:+28 °C
Նաև ռուս ժողովուրդը՝ լենինյան բոլշևիզմի ոճրագործությունների զոհ (8)
23:03, 18.03.2024
394 | 0

Ստեղծվել է քաղաքական վերահսկողության հանձնախումբ: Հանձնախմբում ընդգրկված Կամենևն այնքան հեռուն է գնացել, որ առաջարկել է պարզապես վերացնել ՎՉԿ-ն: Սակայն շուտով ՎՉԿ-ի անվերապահ կողմնակիցները հաղթել են, և կազմակերպության պաշտպանությամբ հանդես են եկել Սվերդլովը, Ստալինը, Տրոցկին և, իհարկե, Լենինը: Վերջինը վճռականորեն հանդես է եկել կազմակերպության պաշտպանությամբ՝ ասելով, որ այն «ենթարկվում է անարդարացի մեղադրանքների սահմանափակ ինտելիգենցիայի կողմից, որն ի վիճակի չէ տեռորը դիտարկել առավել լայն հեռանկարի մեջ»:

1918-ի դեկտեմբերի 19-ին, Լենինի առաջարկությամբ, կուսակցության Կենտկոմը որոշել է. «Կուսակցական և խորհրդային մամուլի էջերում չպիտի լինի չարամիտ քննադատություն խորհրդային հաստատությունների հասցեին, ինչպես դա տեղի է ունեցել ՎՉԿ-ի գործուներության վերաբերյալ որոշ հոդվածներում, որի աշխատանքները տեղի են ունենում առանձնահատուկ ծանր պայմաններում»: Սրանով բանավեճերին վերջ է տրվել: «Պրոլետարաիատի դիկտատուրայի զինված ձեռք» -ը ստացել է «ինդուլգենցիա» ՝ անսխալականության, անմեղության վկայական: Ինչպես ասել է Լենինը, «լավ կոմունիստը միշտ նաև լավ չեկիստ է»: 1919 թվականի սկզբում Ձերժինսկին կուսակցության Կենտրոնական կոմիտեից թույլտվություն է ստացել ստեղծելու ՎՉԿ-ի հատուկ բաժին, որին վստահվել է կարմիր տեռորի գործը: 1919 թվականի մարտի 16-ին Ձերժինսկին նշանակվել է ներքին գործերի ժողկոմ՝ մնալով ՎՉԿ-ի նախագահ: Նա կատարել է միլիցիայի և օժանդակ զորքերի (երկաթուղային միլիցիա, պարենային ջոկատներ, սահմանապահ ջոկատներ, ՉԿ-ի մարտական վաշտեր) վերակազմավորում: 1919 թվականի մայիսին դրանք միավորվել են մեկ միասնական կորպուսում՝ «Հանրապետության ներքին պաշտպանության զորքեր» -ում, որի կազմում 1921 թվականին ընդգրկված է եղել 200 հազար մարդ: Այդ զորքերին է հանձնարարված եղել համակենտրոնացման ճամբարների, երկաթուղային կայարանների և այլ ռազմավարական կետերի պաշտպանությունը, այդ զորքերն են իրականացրել բռնագրավումները և, բնականաբար, այդ բռնագրավումների պատճառով տեղի ունեցած գյուղացիական ապստամբությունների ճնշումը, նաև բանվորական հուզումների և Կարմիր բանակում խռովությունների ճնշումը: ՉԿ-ի հատում զորախմբերը և հանրապետության Ներքին պաշտպանության զորքերը վերահսկողության և ճնշման հզոր գործիքներ են եղել: Ներքին գործերի ժողկոմիսարիատի առաջին իսկ դեկրետներից մեկով ընդհանուր հայտարարի է բերվել համակենտրոնացման ճամբարների իրավաբանական բազան, սահմանվել է դրանց կազմակերպման սկզբունքները (մինչ այդ համակենտրոնացման ճամբարները գործել են առանց որևէ իրավաբանական բազայի): 1919 թվականի ապրիլի 15-ի դեկրետով տարբերակվել են երկու տեսակի ճամբարներ՝ հարկադիր աշխատանքային, որտեղ հայտնվել են տրիբունալների որոշումներով դատապարտվածները և համակենտրոնացման ճամբարները, որոնք նախատեսված են եղել հիմնականում պատանդների համար (այդ դեպքում բավական է եղել պարզապես վարչական որոշումը): Սակայն, այս երկու տեսակի ճամբարների միջև տարբերությունը զուտ տեսական է եղել, որն ապացուցվում է 1919 թվականի մայիսի 17-ի լրացուցիչ հրահանգով: Այդ հրահանգը սահմանել է, որ յուրաքանչյուր նահանգում պետք է լինի առնվազն մեկ ճամբար առնվազն 300 մարդու համար: Հրահանգը սահմանել է նաև կալանավորների 16 կատեգորիա: Դրանց մեջ առանձնացվել են հատկապես «ամենաբարձր բուրժուազիայի պատանդները», «հին վարչակարգի չինովնիկները, դատախազներն ու նրանց օգնականները, քաղաքագլուխները» ու նաև այն անձինք, որոնց դատապարտել է սովետական իշխանությունն այնպիսի հանցանքների համար, ինչպիսիք են պորտաբուծությունը, կավատությունը, մարմնավաճառությունը, «քաղաքացիական պատերազմի ժամանակ գերի վերցված զինվորներն ու դասալիքները» և այլն:

1919 – 1921 թվականների ընթացքում ճամբարների կալանավորների թիվը շարունակ աճել է. 1919-ի մայիսին եղել է մոտ 16 հազար կալանավոր, իսկ 1921-ի սեպտեմբերին՝ 70 հազար: Ընդ որում հաշվարկված չեն եղել խորհրդային իշխանության դեմ ապստամբության գոտիներում ստեղծված ճամբարները: Միայն Տամբովի նահանգում 1921 թվականի ամռանը եղել է յոթ համակենտրոնացման ճամբար, որոնք ստեղծված են եղել գյուղացիական ապստամբության մասնակիցների համար: Դրանցում պահվել է առնվազն 50 հազար «բանդիտ» և նրանց ընտանիքների՝ պատանդառված անդամներ:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Համլետ Մելիքյան
10:10, 15.04.2024
404 | 0
09:44, 13.04.2024
464 | 0
11:39, 08.04.2024
442 | 0
09:16, 06.04.2024
389 | 0
to top