MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+30 °C, +16 °C ... +30 °C Tomorrow:+29 °C
Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Նիդերլանդների Թագավորություն
13:53, 24.03.2014
2157 | 0

24.03.2014

Աշխատանքային այցով Նիդերլանդների Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 23-ին հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Ժակ Ֆորի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ, այս մասին տարածած մամլո հաղորդագրության մեջ հայտնում է ՀՀ նախագահի կայք էջը: Համանախագահները Հանրապետության Նախագահի հետ քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակին և հետագա քայլերին վերաբերող հարցեր:


Նախագահ Սերժ Սարգսյանը նույն օրը հանդիպում է ունեցել նաև Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռուտեի հետ: Հանդիպման սկզբում Նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Ռուտեին՝ Հաագայի գագաթնաժողովին մասնակցելու հրավերի համար, նշելով, որ այն նաև պատեհ առիթ է հայ-նիդերլանդական հարաբերությունների օրակարգը քննարկելու և երկկողմ կապերն առավել ամրապնդելու համար: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կարևորում է Նիդերլանդների հետ բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացումն ու փոխգործակցության ընդլայնումը՝ քաղաքական, առևտրատնտեսական, մշակութային, գիտական և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում:


Երկուստեք նշվել է, որ հայ-նիդերլանդական համագործակցության մեջ առանձնահատուկ տեղ են գրավում առևտրատնտեսական կապերը. Նիդերլանդները շարունակում է մնալ Հայաստանի առաջատար առևտրային գործընկերներից մեկը ԵՄ անդամ երկրների շարքում: Նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Ռուտեն, այդուհանդերձ, առկա մակարդակը դեռևս բավարար չեն համարել և կարևորել են երկուստեք հետևողական քայլերը առևտրատնտեսական կապերը խթանելու, տնտեսական ցուցանիշները բարելավելու ուղղությամբ՝ նկատի առնելով, որ առկա են դրա համար անհրաժեշտ հիմնական իրավական փաստաթղթերը:


Զրուցակիցների համոզմամբ, համագործակցության զարգացման հեռանկարներ կան տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, դեղագործության, ճանապարհաշինության և մի շարք այլ ոլորտներում:


ՀՀ Նախագահը և Նիդերլանդների վարչապետն անդրադարձել են նաև Հայաստան-ԵՄ հարաբերություններին: Սերժ Սարգսյանը կարևորել է անցած տարիներին ձեռքբերված Հայաստան-ԵՄ համագործակցության մակարդակի պահպանումն ու դրա հետագա խորացումը՝ Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովի շրջանակներում ընդունված երկկողմ համատեղ հայտարարության և ՀՀ ԱԳ նախարարի ու ԵՄ Բարձր ներկայացուցչի միջև փոխանակված նամակների համապատասխան: Այդ ճանապարհին, ըստ Նախագահի, մեր երկիրն ակնկալում է նաև բարեկամ Նիդերլանդների՝ որպես ԵՄ հիմնադիր երկրի, աջակցությունը:


Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների և մարտահրավերների շուրջ: Նախագահ Սերժ Սարգսյանը զրուցակցին ներկայացրել է ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա վիճակը:


Սերժ Սարգսյանն աշխատանքային այցի շրջանակներում երեկ երեկոյան հանդիպում է ունեցել նաև Նիդերլանդների հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Բաց և անկաշկանդ մթնոլորտում կայացած զրույցի ընթացքում Հանրապետության Նախագահն անդրադարձել է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական հարցերին, հայ-նիդերլանդական երկկողմ կապերի ներկա վիճակին և երկու երկրների միջև քաղաքական երկխոսության զարգացման հեռանկարին, պատասխանել նաև հանդիպման մասնակիցներին հետաքրքրող բազմաբնույթ հարցերին:

Պատասխանելով Նիդերլանդական Օրագրի հարցին, թե նախատեսվում է՞ Ադրբեջանի նախագահի հետ անձնական հանդիպում, Սերժ Սարգսյանը պատասխանեց, որ չարժե հույս դնել ու հավատալ Ալիևի խոստումներին, քանզի նման հանդիպումներից առաջ նա խոստանում է, իսկ հետո դրժում իր խոստումը: (Նշումն ավելացված է մեր կողմից-ծանոթ. Նիդ. Օրագիր)


Այցի շրջանակներում Նախագահը մարտի 24-25-ին կմասնակցի Հաագայում կայանալիք Միջուկային անվտանգության գագաթնաժողովին: Այսօր երեկոյան Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրի անունից կտրվի ընդունելություն՝ ի պատիվ գագաթնաժողովին մասնակցող պատվիրակությունների ղեկավարների:


Ավելի մանրամասն' այստեղ

The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
332 | 0
to top