MAMUL.am
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +28 °C Tomorrow:+29 °C
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչումը Ալմելոյում
02:41, 30.04.2015
2684 | 0

Ապրիլի 24-ին Ալմելոյի Հայ Առաքելական Եկեղեցու տարածքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր էին այցելել մոտ 6 հազար հայրենակիցներ և այլազգի հյուրեր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին Ալմելոյից «Հայերն այսօրին» հայտնում է Մանուկ Մկրտչյանը:

Միջոցառումները սկսվեցին լռության քայլարշավով՝ գերեզմանատնից մինչև Եկեղեցի: Երկու հազարից ավելի հայրենակիցներ քայլեցին մոտ 7կմ ձգվող ճանապարհով, որը խորհրդանշում էր հայերի տեղահանությունը և աքսորը: Նախնական պայմանավորվածության համաձայն՝ քաղաքապետարանն ապահովել էր քայլարշավի մասնակիցների անվտանգությունը: Փակվել էին փողոցների երթևեկելի մասերը, ոստիկաններն ամբողջ ճանապարհն ուղեկցում էին՝ ապահովելով մասնակիցների անվտանգությունը:

Չնայած թուրքերի բողոքներին, ցույցերին, դատական քաշքշուկներին, Հայ համայնքը կարողացավ ո´չ միայն պահպանել Հուշահամալիրի կառույցը, այլ նաև ընդունելի դարձնել այն որպես պետության կողմից ճանաչված կառույց: Այսուհետ Հուշահամալիրը ոչ միայն ճարտարապետական կառույց է, այլ նաև կազմակերպություն, որը մտնում է Հայ Առաքելական եկեղեցու վարչության կազմի մեջ:

Հուշահամալիրի Հուշատախտակի բացումը, Տարոն Սրբազանի օծումից հետո, կատարեց Ալմելոյի քաղաքապետը՝ մասնակցությամբ Եկեղեցու վարչության նախկին և ներկա նախագահներ Նեմրութ և Օնիկ Գելիջիների: Հուշատախտակի բացմանը ներկա էին Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Հոլանդիայի և Եվրախորհրդարանի անդամներ, սիրիական Օրթոդոկս եկեղեցու արքեպիսկոպոսը, ղպտիների Եկեղեցու առաջնորդը, հազարավոր հայրենակիցներ և բազմաթիվ այլ հյուրեր:

Բացումից հետո երկինք բաց թողնվեցին 100 փուչիկ՝ ի նշան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի և հինգ աղավնի, որոնք խորհրդանշում էին 5 մայրցամաքները, որտեղ ապաստան գտան Եղեռնից մազապուրծ եղած հայերը:

Հուշահամալիրի անմար կրակի մոտ ծաղիկներ և ծաղկեպսակներ դրվեցին հայկական և հոլանդական տարբեր կազմակերպությունների և համայնքների կողմից: Այնուհետև հյուրերը և հրավիրվածները գնացին Գալուստ Գյուլբենկյան սրահ, որտեղ ժամը 19: 15 100 վայրկյան լռությամբ և Եկեղեցու զանգերի ղողանջների ներքո հոտնկայս հարգեցին զոհերի հիշատակը:

Երեկոյի ընթացքում ելույթներ ունեցան Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Ալմելոյի քաղաքապետը, ով իր ելույթը սկսեց հայերեն լեզվով. «Ես այսօր Ձեզ հետ եմ՝ կիսելու Ձեր վիշտը և հարգելու 100 տարի առաջ Ցեղասպանությանը զոհ դարձած անմեղ մարդկանց հիշատակը»:

Ելույթով հանդես եկավ Եվրախորհրդարանի խորհրդաժողովի և Նիդերլանդների խորհրդարանի Քրիստոնյա-դեմոկրատական կուսակցության անդամ Պիտեր Օմտզիխտը: Ալմելոյի Եկեղեցիների խորհրդի անունից ելույթ ունեցավ պրոֆեսոր Կոր Բաայենը: Ելույթ ունեցան նաև ազգագրագետ, ցեղասպանագետ Անտոնի Հոլսլախը, Արամեական համայնքի ներկայացուցիչը, ինչպես նաև սիրիական օրթոդոքս համայնքի երիտասարդական երգչախումբը, ՀԱԵ Գեղարդ երգչախումբը, դուդուկահար Վահե Հովաննիսյանը և «Հայկական ձայն» քառյակը:

Եվրախորհրդարանի անդամ Պետեր վան Դալենն իր ելույթում նշեց Հայոց Ցեղասպանության ճանաչման կարևորությունը: Սուրբ Մեսրոպ Մաշտոց կիրակնօրյա դպրոցի աշակերտները նույնպես անմասն չմնացին այս երեկոյին: Իսկ փակման խոսքով Հայ դատի անունից ելույթ ունեցավ Մասիս Աբրահամյանը, ում ոգևորիչ կոչերով էլ ավարտվեց երեկոն:

The article published in the Spokesperson project.
Share with friends
Նիդերլանդական Օրագիր
14:58, 02.04.2024
330 | 0
to top